[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԵՑԻՆ ԱՌԱՋՆԱԳԻԾ՝ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ

Այս օրերին համայն հայության ուշադրությունը կրկին սևեռվել է Արցախ աշխարհին։

Կրկին խախտվել է արցախցու անդորրը, վտանգվել՝ մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունը։ Սա սովորական հրադադարի ռեժիմի խախտման փաստ չէ. ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը թշնամին լայնածավալ մարտական գործողություններ է սկսել սահմանի բոլոր ուղղություններով։ Երկու տասնամյակից ավելի տարի՝ հակառակորդն այդպես էլ չկարողացավ մարսել Արցախի պաշտպանության բանակի 1990-ականների տարած հաղթանակը և ագրեսորը դարձյալ դիմեց ծայրահեղ միջոցների։ 

Դարձյալ բռունցքվեց արցախահայությունը, միաբանվեց մեկ մարդու նման և ելավ պաշտպանելու վտանգված հայրենիքի սահմանները։ Ապրիլի 2-ի երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատը լեց - լեցուն էր կամավորականներով, ովքեր չսպասելով հատուկ հրահանգի՝ սեփական կամքով եկել էին զինվորագրվելու հայրենիքին։ Պալատի դահլիճում վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպելով նրանց հետ՝ ներկայացրեց սահմանում տիրող իրավիճակը, հավաստիացրեց, որ Արցախի պաշտպանության բանակը լիովին տիրապետում է ռազմական իրավիճակին և ծանր կորուստներ է պատճառել հակառակորդին։ ՙՈւրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում այսքան մարդ է կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Անհրաժեշտության դեպքում բոլորս մեկնելու ենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Այս փուլում հորդորում եմ զերծ մնալ խուճապային տրամադրություններից՝ բարձր պահելով հասարակության մարտական ոգին՚,- ասել է վարչապետը։ 

Պալատի կողքին կանգնած ավտոբուսները՝ լցվելով կամավորականներով, մեկը մյուսի հետևից շարժվում էին տարբեր զորամասեր, որտեղ պետք է կանոնակարգվեն առաջնային գիծ մեկնողների խմբերը։ 

Ապրիլի 2-3-ը մարդաշատ էր նաև Արցախի ազատամարտիկների միության շենքը։ ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդուարդ ասպարյանի խոսքով՝ նախկին ազատամարտիկները՝ անկախ տարիքից, ինքնակամ գալիս և առաջնագիծ մեկնելու ցանկություն են հայտնում։ Նույն հարցով Ազատամարտիկների միություն են ներկայանում նաև նախկին ժամկետային զինծառայողներ։ ՙԱյսօրվա դրությամբ հազարավոր ազատամարտիկ-կամավորականներ, միության անդամներ դիմել են՝ դիրքեր մեկնելու, պաշտպանության բանակի զինվորի կողքին կանգնելու համար։ Մի մասն արդեն այնտեղ է, իսկ շատերին հորդորել ենք սպասել. անհրաժեշտության դեպքում նրանց էլ կուղարկենք՚։ 

ԼՂՀ ԱԱՄ վարչության անդամ Ալվարո Շեկյանի հավաստմամբ՝ մեկնողների մարտական ոգին բարձր է՝ այնպես, ինչպես 1988-ին էր։ Բարձր է նաև առաջնագիծ մեկնել ցանկացող երիտասարդների մարտական ոգին։ ՙՆրանք, ովքեր կասկածում էին, թե նոր սերունդը չի կարող ունենալ այն ոգին, որ ունեցել են իրենց հայրերն ու պապերը, չարաչար սխալվեցին։ Տեսեք, թե ի՛նչ երիտասարդներ ունենք, ովքեր չսպասեցին նույնիսկ հատուկ հրամանի, լուրը  լսելու հենց առաջին օրը ներկայացան մեզ մոտ…՚,- ասաց Ա. Շեկյանը։ 

Ասվածի ապացույցը թերևս հաստատեց ՙՀայրենյաց պաշտպան՚ ԵՀԿ նախագահ Հարութ Մնացականյանը, ով ընկերների հետ եկել էր նույնպես մեկնելու առաջնագիծ։ Նա, ի դեպ, զոհված ազատամարտիկի որդի է։ ՙՄենք չենք կարող տանը նստել ու սպասել լուրերի, երբ մեր հայրենիքի ճակատագիրն է վտանգված։ Պետք է գնանք և պաշտպանենք մեր հայրերի ազատագրած սուրբ հողը, մեր սահմանները։ Չէ՞ որ մեզ մեր հայրերի արժանի հետնորդներ են համարում, ինչո՞ւ չապացուցել դա՚,- ոգևորությամբ ու հպարտությամբ ընդգծեց Հարութը։

Մեզ մնում էր ասել՝ Աստծո ամենազորեղ Աջը ձեզ հովանի, հայրենիքի պաշտպաններ։  

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ