ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵՆ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ

 ԼՂՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծված օպերատիվ իրազեկման կենտրոնում ապրիլի 5-ին կայացած հանդիպումը` տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների հետ, այլ ձևաչափով էր. հաշվի առնելով այն հանգամանքը, որ չորս օր շարունակ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցած ռազմական գործողություններն անմիջապես առնչվում են մարդու իրավունքներին, հանդիպման սկզբում դրանց մասին իրենց տեսակետը հայտնեցին Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները:

Առաջինը խոսեց և Ադրբեջանի հակամարդկային գործողությունները դատապարտեց ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը: Նրա խոսքով` ապրիլի 1-ի` լույս 2-ի գիշերը, ադրբեջանական զինված ուժերը խախտել են ոչ միայն 1994թ. մայիսին կնքված զինադադարի մասին պայմանագիրը, այլև խախտել են ռազմական գործողություններ անցկացնելու` աշխարհում ընդունված բոլոր կանոնները: Դատապարտելի է, որ նրանք խախտել են մարդու ամենագլխավոր իրավունքը. դա ապրելու իրավունքն է: Դատապարտելի է նաև այն, որ նրանք խախտել են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, որոնք կոչվում են ռազմական գործողություններ անցկացնելու նորմեր` ամրագրված ժնևյան չորս բանաձևերով և դրանց հարակից փաստաթղթերով: Դա այն է, որ ռազմական գործողությունների ընթացքում չպետք է թիրախ դարձվեն քաղաքացիական ազգաբնակչությունը և որևէ քաղաքացիական օբյեկտ: Այնինչ, բոլորն էլ գիտեն, որ Արցախում հրետակոծության են ենթարկվել դպրոցներ, քաղաքներ, գյուղեր, տներ և քաղաքացիական նշանակության այլ օբյեկտներ: Օմբուդսմենը ցավով ներկայացրեց քաղաքացիական բնակչության շրջանում առկա զոհերի, այդ թվում մեկ երեխայի սպանության և մարդկանց դիակների նկատմամբ իրականացված դաժան վերաբերմունքի փաստերը: Հաշվի առնելով այդ ամենը` Արցախի մարդու իրավունքների պաշտպանը մի շարք քայլեր է ձեռնարկել` դիմելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և մարդու իրավունքների պաշտպանությամբ ու մարդասիրական հարցերով զբաղվող մի շարք միջազգային կազմակերպությունների` կոչ անելով նրանց կանգնեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քայլերը:

ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը նշեց, որ Արցախում է իր գործընկեր Յուրի Հայրապետյանի հրավերով` համատեղ ուսումնասիրելու մարդու իրավունքների հետ կապված վիճակը, խորը վերլուծություններ կատարելու և դրանց հիման վրա քայլեր ձեռնարկելու նպատակով: Մասնավորպաես երկու հայկական հանրապետությունների օմբուդսմենների կողմից խնդիր է դրված վեր հանել մարդու իրավունքների լուրջ և կոպիտ խախտումների դեպքերը: ՀՀ օմբուդսմենը ևս խստորեն դատապարտեց Արցախի բնակավայրերի և խաղաղ բնակիչների վրա հարձակումները` դրանք որակելով որպես մարդու կյանքի իրավունքի դեմ ոտնձգություն և միջազգային մակարդակի հանցագործություններ, որոնք ենթակա են դատապարտման և պատժման` միջազգային իրավունքի ողջ խստությամբ: ՙԱյդ սանձազերծ գործողություններով հրթիռահրետակոծման են ենթարկվում խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով սպանվել է մեկ և վիրավորվել երկու երեխա£ Հատկապես մտահոգիչ է այն, որ հանցավոր բնույթի գործողություններն ուղեկցվել են դաժան և անմարդկային եղանակով` տարեց մարդկանց անդամահատումներով, գլխատվել է Պաշտպանության բանակի զինվորը` որպես ՙկարևոր ձեռքբերում՚ ի ցույց դրվելով հասարակությանը: Այս ամենը ատելության շարժառիթի վրա հիմնված հանցագործության հատկանիշներ են պարունակում՚,- ասաց Ա. Թաթոյանը: Նրա խոսքով` մտահոգիչ է նաև հանգամանքը, որ այդ ամենը տեղի է ունենում 21-րդ դարում, հատկապես այն պայմաններում, երբ Եվրոպայի խորհրդի կողմից լայնորեն խթանվում և արդարացիորեն տարածման քաղաքականություն է ստանում մարդու իրավունքների մշակույթի զարգացումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ մինչ Արցախ ժամանելը որոշ ուսումնասիրություններ կատարել է և իր կարգավիճակի սահմաններում շարունակելու է գործունեությունը` ձեռք բերված փաստերն առավել հիմնավոր դարձնելու, հստակ առաջարկներ ներկայացնելու, միջազգային կազմակերպություններում այդ խնդիրները քննարկման առարկա դարձնելու նպատակով: Ա. Թաթոյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, լրագրողներին և միջազգային բոլոր այն կառույցներին, որոնք մարդու իրավունքների տեսանկյունից կարևոր գործունեություն ծավալեցին, ինչը հնարավորություն ընձեռեց կարճ ժամանակահատվածում քննարկման առարկա դարձնել մարդու իրավունքների նման կոպիտ, բացառություն չճանաչող խախտումներն ու հանցագործությունները:

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ