[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ

Ապրիլի 5-ի ժամը 19-ից մինչև ապրիլի 6-ի ժամը 19-ը ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը շարունակել է կրակոցները՝ հրաձգային զինատեսակներից։

Այս մասին ՊԲ օպերատիվ իրազեկման կենտրոնում կայացած հերթական հանդիպմանը լրագրողներին տեղեկացրել է ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ գնդապետ Վիկտոր Առստամյանը։ 

Ըստ տեղեկատվության՝ հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կրակել է 82 մմ-անոց ականանետից՝ արձակելով 4 ական, կիրառել է նաև  խոշոր տրամաչափի գնդացիրներ։ Արևելյան և հարավային ուղղություններով թշնամին կիրառել է 60 մմ-անոց ականանետներ։ Բացի այդ, հյուսիսային ուղղությամբ հակառակորդի տանկի կրակոցից ոչնչացվել է սանիտարական մեկ մեքենա։ Բարեբախտաբար, մեքենայում անձնակազմ չի եղել։ 

Ապրիլի 6-ին հյուսիսային ուղղությամբ հակառակորդի՝ 15 հոգուց բաղկացած։ Փորձել են հարձակման անցնել՝ մարտական դիրքերին տիրելու նպատակով։ Ձեռնարկված նման փորձերը ձախողվել են, և թշնամին հետ է շպրտվել։ 

ՊԲ օպերատիվ բաժնի պետը ներկայացրեց պահի դրությամբ ճշտված տվյալները, որոնք ներառում են ապրիլի 1-ից մինչև ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածը. Պաշտպանության բանակն ունի 32 զոհ, որից 8-ը՝ սպաներ և ենթասպաներ, վիրավորներ՝ 121, որից 24-ը՝ սպաներ և ենթասպաներ, անհայտ կորածներ՝ 25։ Վ. Առստամյանի խոսքով՝ զոհերի թվի աճը նախորդ օրերին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանք է, այսինքն՝ 28 անհայտ կորածներից 3-ի դին հայտնաբերվել է,  իսկ անհայտ կորածների թիվը նվազել 3-ով։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ունե՞ն փաստեր թուրքական վարձկանների վերաբերյալ՝ Վ. Առստամյանի պատասխանը բացասական էր։

Մինչ այդ պահը Պաշտպանության բանակը, ըստ պայմանավորվածության, պահպանել է հրադադարը։ 

    

ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ

 

Ապրիլի 7-ին չնայած շարունակվել են կրակոցներ հնչել ադրբեջանական կողմից, բայց լարվածությունն ընդհանուր առմամբ նվազել է։ ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ գնդապետ Վ. Առստամյանի իրազեկմամբ՝ առանձին ուղղություններում,  հատկապես՝ հյուսիսային, նկատվել են կրակոցներ՝ հրազգային զինատեսակներից, որի հետևանքով մահացու վիրավորվել է Պաշտպանության բանակի մեկ զինծառայող։ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների արդյունքում խոցվել է ևս մեկ անօդաչու թռչող սարք (Աղդամ-Ստեփանակերտ ուղղությամբ)։ 

Ռազմական գործողությունների սկսման օրից մինչև ապրիլի 7-ը  Պաշտպանության բանակի մարդկային կորուստները կազմում են 36 զոհ, որից՝ 9-ը՝ սպաներ և ենթասպաներ, վիրավորներ՝ 122, որից 24-ը՝ սպաներ և ենթասպաներ։ Զոհերի թվի փոփոխությունը՝ նախորդ օրվա ներկայացված տվյալների համեմատ, պայմանավորված է մարտադաշտում՝ որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերված 4 դիակներով, ինչի արդյունքում 4-ով նվազել է անհայտ կորածների թիվը՝ դառնալով 26, իսկ վիրավորների թվի աճը պայմանավորված է նույն օրը՝ ապրիլի 7-ի առավոտյան արձանագրված 1 դեպքով։  

ՊԲ օպերատիվ բաժնի պետի հավաստմամբ՝ հակառակորդի կողմից մարդկային կորուստների թիվը կներկայացվի միայն հավաստի աղբյուրներից ստացված տվյալները ճշտելուց հետո։ 

Այն հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում անհայտ կորած զինծառայողների ճակատագիրը պարզելու ուղղությամբ՝ Վ. Առստամյանն ասաց. ՙՊաշտպանության բանակի կողմից ակտիվ  որոնողական աշխատանքներ են իրականացվում։ Երբ կհամոզվենք, որ պաշտպանության գոտում  տղաները չկան՝ անուն-ազգանունները ճշտելուց հետո  կներկայացնենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, քայլեր կձեռնարկվեն հակառակորդի հետ բանակցություններ վարելու և տղաներին վերադարձնելու ուղղությամբ՚։

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ