[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԱՈՒՐԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒՄ Է ԻՆՉՊԵՍ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՕՏԱՐՆԵՐԻ ՎՐԱ

Կրկին մեր ազգը ցուցաբերեց աննկարագրելի միասնության ոգի, որն իր դրսևորումներով թե՜ ռազմի դաշտում, թե՜ քաղաքացիների համարժեք արձագանքով ու կազմակերպմամբ զարմացրեց ողջ աշխարհին:

Որ նախկինում կռված ազատամարտիկները մեծ պատրաստակամությամբ կմեկնեին առաջնագիծ, ոչ ոք չէր կասկածում, սպասելի էր նաև երիտասարդների կամավոր զինվորագրվելը, գնդակոծության տակ գտնվող խաղաղ բնակիչների հպարտ կեցվածքը, քաղաքացիների համախմբվածությունը, բայց գորովանք առաջացրեց երեխաների վերաբերմունքը, որոնք իրենց համեստ հնարավորություններով, բայց մեծ սրտով մեծագույնս աջակցեցին մեր անվտանգության երաշխավոր Պաշտպանության բանակին:

Խոսքն, իհարկե, առաջին հերթին գնում է երեխաների կողմից անկեղծ ու անմիջական արտահայտած հոգևոր աջակցությանը, որի հնչեղ ուժը ԶԼՄ-ների միջոցով հասցվեց մեր զինվորներին: Մի՞թե սա չէ ամենաոգևորիչը: Երեխաները, տոգորված այդ վսեմ հոգատարությամբ, իրենց աջակցությունը ցուցաբերեցին նաև նյութական արտահայտությամբ: Մանկատների սաներից մինչև դպրոցականներ և ուսանողներ` բոլորը, համակված այդ մտքով, իրենց ներուժի չափով, գուցե և ավելին, փորձում են օգնել զինվորներին, տուն-տեղ կորցրած բնակիչներին:

ՙՍանդերք՚ ՍՊ ընկերությունը, բացի բանակի համար անվճար անձրևանոցներ կարելուց, զբաղվում է նաև տարբեր տեղերից ստացված ծանրոցների բաշխմամբ և առաջնագիծ ուղարկելով: Ծանրոցների մեջ դրված էին նամակներ, որտեղ երեխաները հղում են բարեմաղթանկներ: Մեջբերենք մի հատված Գյումրիի մանկատան երեխաների ուղարկած նամակից. ՙՄեր քաջ զինվորներ, մենք հպարտ ենք, որ դուք կաք: Երջանիկ ենք, որ ձեր մայրերը ձեզ պես որդիներ են դաստիարակել: Մենք գիտենք, որ կարող ենք հանգիստ քնել ձեր շնորհիվ: Ուզում ենք, որ ինչպես հպարտ գնացել եք ծառայության, այնպես էլ հպարտ վերադառնաք տուն` ձեր պարտքը կատարած: Ուզում ենք այլևս չլսել ՙզինվոր է զոհվել՚ արտահայտությունը, ուզում ենք մեր հայկական սահմանները լինեն խաղաղ…՚։ 

Բոլոր նամակներում կարմիր թելի պես անցնում է Հայրենիքի պաշտպանությանը զորավիգ լինելու միտքը, ինչը մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ մեծ ու փոքր` ազգովի ապրում ենք սահմաններն  անսասան պահելու մտքով:

Երևի ողջ ժողովրդի նման անվախ ու հպարտ կեցվածքն է հարգանք և սեր առաջացրել տարբեր ազգերի՝ համամարդկային արժեքներով առաջնորդվողների մոտ: Եվ հօգուտ ասածիս մեջբերում անենք  Դենիս Դվորնիկովի ՙԱրցախցիները չեն փախել՚ հոդվածից. ՙԵս շատ եմ նախանձում Արցախին, որտեղ լեռնային օդում կուտակվում է կյանքի այնպիսի թանձր իմաստ, որը կարելի է արդեն ուտել գդալով, ինչպես տաք սպասը՚: 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ