[ARM]     [RUS]     [ENG]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում

Կարգավորման վերջնական փուլում նախատեսվում է խաղաղապահների տեղակայում. Համանախագահ

 

«Սերգեյ Լավրովը մեկ անգամ չէ, որ ասել է, որ որևէ նոր փաստաթուղթ՝ «Լավրովյան փաստաթուղթ» գոյություն չունի: Գոյություն ունեն համանախագահների առաջարկությունները, որոնք այս կամ այն տեսքով քննարկվել են վերջին մի քանի տարիների ընթացքում»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ պատասխանելով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկությունների ի՞նչ փաթեթ է քննարկում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովն ասել է, թե Մոսկվան ունի նոր առաջարկություններ, արդյո՞ք այն ենթադրում է նաև խաղաղապահների տեղակայում: Նա նշեց, որ գոյություն ունի մի քանի տարբերակ, որոնք հիմնված են կարգավորման երեք սկզբունքների ու վեց տարրերի վրա, որոնց մասին բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահող երկրների նախագահները: Ի.Պոպովը հիշեցրեց սկբունքները՝ ուժի կիրառման բացառում, ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, իսկ վեց հիմնական տարրերից ընդգծեց երկուսը՝ «տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծում»։ «Այս երկու տարրը պետք է դիտարկել որպես մեկ միասնություն, մեկը մյուսին ստորադաս չէ: Հենց այս մասին է խոսք գնացել, այսպես կոչված «Լավրովի փաստաթղթում»»,- ընդգծեց համանախագահը: Ըստ նրա, մյուս տարրերն են՝ փախստականների վերադարձի, ԼՂՀ-ն Հայաստանին կապող միջանցքի լայնության ու կարգավիճակի հարց, որտեղ էլ, բնականաբար, պետք է լինի խաղաղապահ գործունեություն: «Քննարկումների ժամանակ նախատեսվել է, որ խաղաղապահների տեղակայում կլինի կարգավորման վերջնական փուլում, երբ խաղաղ կարգավորման մասին համաձայնագիրը կստորագրվի»,- ասաց Ի. Պոպովը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Կարևորվել են զինադադարի ռեժիմի պահպանումը, վստահության միջոցառումների շուտափույթ ներդրումն ու խաղաղ բանակցությունների վերսկսումը:

Տեսել ենք լուսանկարներ, մտահոգված ենք.

Ջեյմս Ուորլիքը մարդու իրավունքների

խախտումների մասին

«Մենք խիստ մտահոգված ենք մարդու իրավունքների բոլոր խախտումների մասին հաղորդումներով, տեսել ենք լուսանկարներ»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի  համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով հարցին, թե ադրբեջանական բանակի կողմից արձանագրվել է ԼՂՀ-ում քաղաքացիական անձանց սպանության դեպքեր, ինչպես նաև նրանց գործողությունները հիշեցնում են ԻՊ ահաբեկիչների գործելաոճը, հայկական կողմը հայտարարել է, որ ունի փաստեր դա ապացուցելու համար:

Նա նշեց, որ  հանդիպել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ, խնդրել են ճշգրտորեն դիտարկել, թե ինչ է տեղի ունեցել:«Մենք այս հարցը բարձրացրել ենք մայրաքաղաքներում: Կրկնում եմ, որ խիստ մտահոգված ենք, անհանագստացած մարդու իրավունքի ցանկացած ոտնահարմամբ»,- ասաց Ջ. Ուորլիքը:

ԱՄՆ դեսպանը լսել է նախաձեռնող

խմբի պահանջները

Քիչ առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցից դուրս եկավ «#KarabakhNow ընդդեմ միջազգային անգործության» նախաձեռնող խմբի համակարգող Մարինե Մանուչարյանը և հայտնեց, որ նամակը հանձնել է Հայաստանում ԱՄՆ դեսպսան Ռիչարդ Միլսին: Բացի այդ, նրան է փոխանցել  նամակի ևս երեք օրինակ՝ երեք համանախագահներին փոխանցելու համար:

Նրա փոխանցմամբ՝ Ռ. Միլսը տեսախցիկի առաջ խոստացել է, որ անպայման այդ երեք օրինակը կհանձնի համանախագահներին: Նա նաև լսել է նախաձեռնող խմբի բոլոր պահանջները:

Մարինե Մանուչարյանի խոսքերն ակցիայի մասնակիցներն ընդունեցին ծափահարություններով:Իսկ նա մասնակիցներին առաջարկեց, որ եթե ցանկացողներ կան, որոնք ուզում են  մինչև համանախագահների ասուլիսի ավարտը մնալ Մարիոթի ետնամուտքի բակում, ապա շարունակեն մնալ՝  առանց հասարակական կարգի որևէ խախտման և համանախագահների ավտոմեքենաների շրջափակման:  

Նալբանդյան. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով լուրջ հարված է հասցվել բանակցային գործընթացին

Բաքվի՝ ուժի կիրառման սպառնալիքներին չհակազդելու դեպքում դրանք կարող են բերել այնպիսի հետևանքների, որոնց ականատեսը մենք դարձանք այս օրերին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրյոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: ԱԳՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համանախագահները Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրել են Ստեփանակերտում` Արցախի իշխանությունների և Բաքվում` Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների մասին։ Խոսելով մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ հանդիսացած Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Բոլորի համար ակնհայտ է, որ այս հարձակումը նախօրոք ծրագրված և նախապատրաստված գործողություն էր։ Բաքուն Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառեց իր կուտակած հարձակողական ողջ զինանոցը, որը ձեռք էր բերվել վերջին տարիներին։ Տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք բազմաթիվ անգամ զգուշացրել ենք միջազգային հանրությանը, համանախագահ երկրներին. Բաքվի՝ ուժի կիրառման սպառնալիքներին չհակազդելու դեպքում դրանք կարող են բերել այնպիսի հետևանքների, որոնց ականատեսը մենք դարձանք այս օրերին»։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով լուրջ հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Նախարարի խոսքերով, հրատապ քայլեր են հարկավոր իրադրության կայունացման համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել այս ուղղությամբ գործադրվող քայլերի մասին։ Հիշեցնենք, մինչ ԱԳՆ շենքի ներսում ընթանում էր նախարարի ու միջնորդների հանդիպումը, շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում բազմաթիվ երիտասարդներ:

Մենք պատրաստ ենք աշխատել Թուրքիայի հետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ


ԵԱՀԿ Մինսկի խմբում կազմում որևէ փոփոխություն չի նախատեսվում: Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք չի քննարկվում Մինսկի խմբի կազմում փոփոխություններ կատարելը՝ հաշվի Թուրքիայի ակնհայտ կողմնակալ վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ: Նա նշեց, որ Վիեննայում մի քանի օր առաջ առաջին անգամ վերջին շրջանում ընդվունվեց խիստ հայտարարության՝ կողմերին կոչ անելով զսպվածության, հրադադարի պահպանման, անհապաղ բանակցային գործընթացի ձեռնարկման, համակողմանի կարգավորման: «Եկեք հստակ լինենք՝ Թուրքիան միացավ այդ հայտարարությանը, իր ստորագրությունը դրեց այդ հայտարարության տակ: Պատրաստ ենք աշխատել Մինսկի խմբի բոլոր երկրների, այդ թվում Թուրքիայի հետ»,- ասաց ամերիկացի համանախագահը:

Մեր մանդատի մեջ չի մտնում հետաքննությունը, թե ով է սկսել ռազմական գործողությունները. Ի. Պոպով

«Մեր հիմնական խնդիրն է օգնել կողմերին կայունացել իրավիճակը, միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռազմական գործողությունները չկրկնվեն: Ընդգծում եմ՝ մեր մանդատի մեջ չի մտնում հետաքննությունը՝ ով է սկսել ռազմական գործողությունները, ով է պատասխանատու տեղի ունեցածի համար»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նա հիշեցրեց, որ նախքան Հայաստան գալը, եղել են Ադրբեջանում, ԼՂՀ-ում, իսկ մինչ այդ Վիեննայում կայացել է հատուկ նիստ, որտեղ քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրումը: Համանախագահը նշեց, որ հանդիպել են երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, եկել ընդհանուր եզրակացության, որ կողմերը մտադիր են, համենայնդեպս, ցույց են տալիս պատրատակամություն պահպանել կրակի դադարումը, որին հասել են Մոսկվայում երեքշաբաթի: «Սկզբունքորեն մենք խոսել են, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի պահպանվի խաղաղություն: Բնական է, որ հիմնական խնդիրն է նստել բանակցային սեղանի շուրջ.անհրաժեշտ է վերադառնալ քաղաքական քննարկումների: Մենք նաև քննարկել ենք մի քանի հարց՝ կողմերի միջև վստահությունը ետ բերելու, վստահության ամրապնդման մասին»,- ասաց ռուս համանախագահը: Ի.Պոպովը նշեց, որ քննարկումները, խորհրդակցությունները շարունակելու են մայրաքաղաքներում, այնուհետև մոտ մեկ շաբաթից կրկին հանդիպելու են, անհրաժեշտության դեպքում կրկին կվերադառնան տարածաշրջան: Ըստ նրա, այս պահին ամենակարևորը հարցը, որ պետք է լուծվի, զոհվածների դիակների վերադարձն է: Ի.Պոպովի խոսքով, դրանով զբաղվում են Կարմիր խաչը, կողմերը: Համանախագահը նաև ցավակցություն հայտնեց այս հակամարտության ընթացքում զոհվածների հարազատներին:

Չե՞ք գիտակցում, որ անհնար է ԼՂՀ-ի որևէ կարգավիճակով ներառումը Ադրբեջանի կազմում. հարց Պոպովին

«Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ որոշակի փուլում»,-Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պահը չէ, որ ԼՂՀ-ն դառնա բանակցությունների կողմ, քանի որ առանց հիմնական կողմի մասնակցության կարգավորման գործընթացն արդյունավետ չէ: Ըստ նրա, խաղաղության համաձայնագրի պատրաստմանը նախորդող շրջանակային պայմանավորվածությունների եզրափակման փուլը կարող է լինել այդ փուլը: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք չեք գիտակցում, որ անհնար է ԼՂՀ-ի որևէ կարգավիճակով ներառումը Ադրբեջանի կազմում, Ի.Պոպովն ասաց. «Այս պահին այդ թեման բանակցությունների առարկա է»: