[ARM]     [RUS]     [ENG]

Պահանջում ենք. Երթի մասնակիցները ՌԴ դեսպանատան դիմաց են

ՌԴ դեսպանատուն հասած երթի մասնակիցներին դիմավորեցին շենքի դիմաց հասարակական կարգը հսկող ոստիկաններ:

Բողոքի ակցիայի մասնակիցները բանակցություններից հետո կարողացան անցնել փողոցն ու հասնել շենքի դիմաց:Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ներկայացրեց վերջին հարյուր տարվա ընթացքում կնքված մի քանի պայմանգրերի անուններ ու տարեթվեր.

«1921 մարտի 16: Մոսկվայում ստորագրվում է Լենինի, Աթաթյուրքի խայտառակ պայմանգիրը, համաձայն որի Արևմտյան Հայաստանը հանձնվում է Թուրքիային: 1921 թվականի հուլիսի 5: Ստալինի գլխավորությամբ չեկիստական բոլշևիկների կովկասյան բյուրոն հանձնում է Արցախը, Նախիջևանը և Զանգեզուրը Ադրբեջանին: Զանգեզուրը շնորհիվ Նժդեհի դիմադրության, մնում է հայկական ու պահպանում է կենսական սահաման Հայաստանի և Իրանի միջև»:
Խզմալյանը հիշեցրեց 1988-ի սումգայիթյան ջարդերը, «երբ 3 օր սովետական բանակը ջարդերին չի միջամտում»:

Այնուհետև ընթերցեցին հայտարարությունը, որով պահանջեցին «կատարել de jure ռազմաքաղաքական դաշնակցի իր պարտականությունները, իր հետագա որոշումներում հարգել de jure դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության և ազգային շահերը, անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Հակառակ պարագայում Հայաստանի հասարակությունը մի վերջին անգամ կամրագրի, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, և Հայաստանն իր հերթին կաշկանդված չի լինի նրա հանդեպ դաշնակցային պարտավորություններով»:

Սրան հետևեցին քաղաքացիների բացականչությունները՝ «Պահանջում ենք, պահանջում ենք»:

Հայտարարության մեջ նշվում էր. «Շուրջ երկու տասնամյակ Հայաստանի և Արցախի հասարակության մեջ կեղծ պատրանք է ձևավորվել, որ ի դեմս Ռուսաստանի՝ Հայաստանն ունի հզոր դաշնակից, որը մեր անվտանգության երաշխավորն է: Ուղղահայց և հորիզոնական իրականացված այս մահաբեր հռետորաբանությունը իրականացվել է` օգտագործելով քարոզչական բոլոր միջոցները:

Մինչդեռ, ի հակառակ այդօրինակ հավաստիացումների, տարիներ շարունակ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է շուրջ 5 մլրդ ԱՄՆ դոլլարի ռազմամթերք, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենքեր` կասետային մարտագլխիկներով «Սմերչե համազարկային կրակի համակարգեր և ТОС-1А «Սոլնցեպյոկե ծանր հրանետներ:

Ռուսաստանի այն արդարացումը, որ եթե իրենք չվաճառեին, ապա Ադրբեջանը զենքը կգներ այլ երկրներից, իրականում ստոր սուտ և կատարված հանցագործության համար պատասխանատվությունից խուսափելու փորձ է, քանի որ համարժեք զենքեր արտադրող մյուս երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) հրաժարվել են Ադրբեջանին սպառազինելուց:

Ռուսաստանի կողմից հակահայկականության դրսևորում էին վերջին օրերի դիվանագիտական զարգացումները, որոնց գագաթակետը Բաքվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից մեր դեմ սանձազերծված ռազմական ոտնձգությունների ժամանակ սպանված ասկյարների հուշահամալիր-պանթեոնում ծաղկեպսակի տեղադրումն էր, ինչպես նաև՝ ՌԴ վարչապետի ու փոխվարչապետի հայտարարությունները Ադրբեջանին սպառազինության վաճառքը շարունակելու մասին:
Ավելին՝ անցած տարիներին Ռուսաստանն իր վերնոշյալ և այլ քայլերով թուլացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջանում փխրուն խաղաղությունը կառավարելու և նոր պատերազմները կանխելու դերակատարումը»:

Բողոքի ակցիա. Եթե չենք բողոքում ագրեսորի զինողի դեմ, ապա մեր գործը կիսատ է

«Հայրենակիցներ, ճիշտ է, ագրեսորի դեմ պետք է բողոքել: Բայց եթե չենք բողոքում նրան զինողի դեմ, ցույց չենք տալիս, թե ով է կանգնած Ադրբեջանի հետևում, մեր արած գործը կիսատ է»,-նման հայտարարությամբ հանդես եկավ քաղաքացիական ակտիվիստ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը՝ ՌԴ դեսպանատան շենքի դիմաց շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ:

Նա առաջարկեց  սփյուռքում գտնվող հայրենակիցներին այդ երկրներում Ադրբեջանի դեսպանատների, հյուպատոսությունների դիմաց բողոքի ակցիաներ իրականացնելուն զուգահեռ նման միջոցառումներ կազմակերպել նաև ՌԴ դիվանագիտական առաքելութունների շենքերի դիմաց՝ կանգնեցնելու ՌԴ նման քաղաքականությունը:

«Այս օրերին հանրային դիսկուրսի մեջ է նետվել մի հակահայկական տեսակետ, որ Արցախը կլինի անվտագ, եթե խաղաղապահ ուժեր մտցվեն այդ տարածք»,-ասաց Սանասարյանը, ինչին հետևեցին «ոչ, «չէ», «երբեք» բացականչությունները:

«Հայ զինվորն է մեր խաղաղության երաշխիքը: Մենք մեր ռեսուրսով մեր հարցերը կլուծենք, ուրիշի հետ ինչ գործ ունենք»,-խաղաղապահների վերաբերյալ ակցիայի մասնակիցների շրջանում նման քննարկումներ սկսեցին:

Panorama.am