Logo
Print this page

ՏՈՆ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ԵՐԵՎՄԱՆ

Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 24-ին նշում է մեր եկեղեցական տոնացույցում Սուրբ Խաչին նվիրված 4 տոներից առաջինը` Ս. Խաչի երևման տոնը: 

 351թ. մայիսի 19-ին Երուսաղեմում` Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը, օրը ցերեկով երկնքում երևում է մի լուսեղեն հսկա խաչ: Այդ զարմանահրաշ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ երևույթը համարելով իբրև ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ ժամանակ Քրիստոնեական Եկեղեցին բուռն պայքարի մեջ էր լայն թափ ստացած արիոսական աղանդի դեմ: Այդ իսկ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց: Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այս նամակը պահպանվել է նաև հայերեն թարգմանությամբ և ամեն տարի ընթերցվում է Ս. Խաչի երևման տոնին: 

Հայ Առաքելական Եկեղեցին այս տոնը նշումում է Զատիկից 28 օր հետո, ըստ այդմ, Ս. Խաչի երևման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մինչեւ մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում: 

Տոնը հավելյալ յուրահատուկ խորհուրդ է ձեռք բերել մեզ համար արցախյան գոյամարտի տարիներին. 1992թ. Շուշիի ազատագրման գործողությունն սկսվեց այն օրը, երբ Հայ Առաքելական Եկեղեցին նշում էր Ս. Խաչի երևման տոնը:  Այդ իրողության յուրօրինակ խորհրդանիշ էր նաև այն փաստը, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի օրհնությամբ Շուշին ազատագրելու գնացող ազատամարտիկներն իրենց հանդերձների և զրահատեխնիկայի վրա պատկերել էին խաչի նշանը: 

Այնուհետև ավանդաբար գրեթե ամեն տարի այդ տոնի օրը, հատկապես եթե այն համընկնում է մայիսի առաջին տասնօրյակին, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ, Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցում հատուկ հայոց բանակի համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում Հանրապետական մաղթանք:

Այս տարի Ս. Խաչի երևման տոնը համընկել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման օրվա հետ, երբ Հայ Առաքելական Եկեղեցին այլևս ոչ թե սգում և Հոգեհանգիստ է կատարում զոհերի հոգիների հանգստության համար, այլ մեծարում և Ս. Պատարագ է մատուցում սրբադասված և հավերժ կենդանություն ժառանգած մեր բյուրավոր նահատակների համար: Ինչպես նախորդ, այնպես էլ այս պարագայում Ս. Խաչի երևման տոնն ունի իր ուրույն խորհրդանշական տեղն ու արժեքը, քանի որ Ս. Խաչը համարվում է ինչպես հաղթանակի, այնպես և վերածննդի խորհրդանիշ: 

 

Գարիկ սարկավագ ԱՍՐՅԱՆ

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի տնօրեն

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.