Logo
Print this page

ՙՄԵՆՔ ՄԵՐ ԿՌԻՎԸ ՊԻՏԻ ԿՌՎԵՆՔ՚

Ընտրությունը միանգամայն պատահական էր. մեր զրուցակիցները հայաստանաբնակ կամավորականներ են, ովքեր, լսելով թուրք-ազերիների ուխտադրուժ հարձակումը Արցախի սահմանամերձ բնակավայրերի, մեր դիրքերի վրա, շտապեցին ժամ առաջ օգնության հասնել հայկական երկրորդ հանրապետության քաջարի պաշտպաններին։ 

 ՙԱբաջյան Սպանդարն եմ։ Արմատներս Արևմտյան Հայաստանից են, հայրական կողմս՝ մշեցի, մայրականս՝ էրզրումցի։ Ծնվել, մեծացել, դպրոց եմ գնացել Ջավախքում, բարձրագույն կրթություն ստացել Երևանում, մասնագիտությամբ ճարտարագետ, մեխանիկ։ Աշխատել եմ Հայաստանում, ատոմակայանում, Գերմանիայում, Իրանում՝ իմ մասնագիտությամբ։ Ղարաբաղում աշխարհքով մեկ սփռված հայերի կռիվն եմ կռվել, կռվել ու հաղթել... Ես կռվել եմ Հայաստանի սահմաններում, Հադրութում, Մարտակերտում, մինչև 1994 թ. նոյեմբերի 29-ը։ Եղել եմ ՙԱրծիվ¬13՚ գումարտակի շտաբի պետը։ Կապիտանի զինվորական կոչում եմ ունեցել։ Պարգևատրվել եմ ՀՀ և ԼՂՀ ՙԱրիության համար՚ մեդալներով, Արցախյան պատերազմի 3-րդ կարգի հաշմանդամ եմ։

Շիրազ շատ եմ սիրում, շատ եմ կարդացել, ՙԴանթեականում՚ ասում է՝ ՙհային չէի՞ր տեսել զինված...՚, թուրքը միշտ զգացել է հայի ուժը... Երբ լսեցինք, որ ազերին հարձակվել է, պատրաստակամություն հայտնեցինք գալ ու կանգնել զինվորի կողքին։ Ապրիլի 2-ն էր։ Եկանք ՙԵրկրապահ՚ կամավորականների  միության անդամներով։

Ես, ինչպես ասացի, աշխատել եմ օտար պետություններում, օտար ազգերի մեջ, բայց միշտ հպարտացել եմ իմ հայ լինելով, իմ ազգով, իմ նախնիներով... Մենք եղեռն տեսած ժողովուրդ ենք, մեզ փորձել են ջնջել աշխարհի երեսից, բայց մենք գոյատևել ենք։ Մենք շատ բնագավառներում ենք հաղթանակներ տեսել, և ռազմական, և գիտության, և մշակույթի ոլորտներում։ 1918-ի Սարդարապատը, Ղարաբաղյան պատերազմը, որ պատերազմ էր ոգու։

Մենք խորհրդային կարգերում կեղծ բարեկամական կարգախոսներով ենք մեծացել, որ ազերին, թուրքը մեր բարեկամն է, եղբայրներ ենք։ Արցախյան պատերազմի ժամանակ արյան կանչն էր մեզ կռվի տանում։ Այսօրվա սերունդը ազատ, անկախ հայրենիքում է մեծացել։ Սա այն սերունդն է, որ արցախյան պատերազմում հարազատ է կորցրել, հայրենասիրական կոնկրետ օրինակներով է դաստիարակվել։ Ընտանիքում, դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակություն է տեսել։ 

Մենք եկանք, տեսանք։ Մենք պիտի հպարտանանք այս սերնդով։ Այս 18-20 տարեկանները, որոնց երեխա էինք կարծում, կանգնեցին թշնամու դեմ։18-20 տարեկանը տանկ է խփում, ուղղաթիռ է խփում։ Պատերազմի երկրորդ օրը մենք նրանց կողքին, խրամատում էինք, նրանց աչքերի մեջ վախ չկար։ Նրանց տեսնելով՝ մենք ավելի խրոխտացանք։  Ես չգիտեմ՝ ինչ անուն տալ մեր 18-20 տարեկան զինվորներին։ Նրանք արծիվներ են։ Դա մեր պատկերացրածից վեր է։ Նայեք, մեր կողքին մի երիտասարդ կա կանգնած, հայրը Արցախյան պատերազմում զոհվել է, այսօր ինքն էլ է եկել կանգնելու։ Եկել են շատերը՝ Վանեսյան Դավիթը, Կոլոյան Արթուրը, Տոնոյան Արտյոմը, Սարգսյան Արարատը, հնարավոր չէ բոլորին թվարկել։

Ջիվանին ասում է՝ ՙՀայը ճռիկ աղբյուր է, ոչ կավելանա, ոչ կպակասի՚։ Խորենացին էլ Ջիվանուց առաջ է ասել՝ ՙԹեև ածու փոքր՚։ Ես իմ ընտանիքում զրույցներ եմ լսել՝ գաղթի ճանապարհներից, մեր հերոսական դրվագներից։  Իմ մայրական տատի քույրը իր 2 երեխային ժայռից գցել է, որ թուրքի ձեռքը չընկնեն, ինքն էլ՝ հետևից...

Իմ քեռին՝ Հաբեթը, արտասահմանից եկած հայ էր, Նժդեհի անունն էր տալիս, ասում էր՝ ուժն է ծնում իրավունքը։ Տանը լսեցի, գնացի դպրոցում ասացի, ծնող կանչեցին...

Փառք Աստծո, հիմա ուրիշ է, հիմա այլ ժամանակներ են։ Մենք ճանաչեցինք մեր արմատները։

Ղարաբաղցիները լեռնցի, ամուր, պինդ, հող, հայրենիք պահող ժողովուրդ են։ Սարդարապատում ղարաբաղցիները աչքի ընկան, Փիրումյանները, ուրիշներ էլ կային, գնդապետ Շահինյանը, որ շուշեցի էր։ Այս օրերին ևս մենք շատ բան տեսանք։ Տղաները պինդ են, ամուր են կանգնած։ Մենք պատրաստ ենք, մենք մեր պարտքն ենք կատարում։ Այսօր ամբողջ հայությունն է ոտքի կանգնել, Արցախը, Հայաստանը, Սփյուռքը։ Հանուն հայոց հողի պաշտպանության։ Մենք մեր կռիվը պիտի կռվենք։ 

 

ՙՄԵՐ ԳՈՐԾԸ 

ՀՈՂԸ ՊԱՀԵԼՆ Է՚

Տարեց զինվորականներից մեկն ասաց՝ կխոսեմ, եթե անուն¬ազգանունս չգրես։ Գրիր՝ հայ, գրիր՝ զինվոր։ Մի երիտասարդ զինակից կողքից հուշեց՝ Ավանեսյան Ալեքսանդր։

ՙՄարտակերտի շրջանից եմ, Չայլու գյուղից, որ այժմ չկա։ Մասնակցել եմ Արցախյան պատերազմին՝ սկզբից մինչև վերջ։ Նահանջ ու գաղթ եմ տեսել, տեսել եմ նաև հաղթանակներ։ Նահանջի մասին դժվար է խոսել։ Սկզբում ֆիդայական ջոկատում եմ կռվել, հետո Պաշտպանության բանակի շարքերում։ Օմարի դիրքերում եմ կռվել, մասնակցել եմ Մարտակերտ քաղաքի, Հակոբ Կամարի, Մեծ շեն գյուղերի ազատագրմանը։ Երկու անգամ փորձել ենք իմ հայրենի գյուղը հետ վերցնել, չի հաջողվել։

Պատերազմի լուրը լսեցինք, անմիջապես հավաքվեցինք եկանք։ 15 օր դիրքերում ենք եղել։ Մեր զինվորների կամքը անկոտրում է։ Նրանք արդեն չափահաս մարդիկ են, հասկանում են՝ ինչի են ծառայում։ Հասկանում են՝ ինչ պետք է անել, և կարելի է ասել՝ մեզնից էլ լավ։ Իրավիճակը ստիպել է նրանց միանգամից հասունանալ։

Այն, որ մենք եկանք կանգնեցինք նրանց կողքին, նրանց վստահություն ներշնչեց։ Սա էր մեր արածը։ Այսօրվա զինվորը պատրաստ է ամեն ինչի։ Մենք նրանց թև ու թիկունք կանգնեցինք։ 15 օրվա մեջ մտերմացանք։ Հրաժեշտի պահին նույնիսկ հուզվեցինք։ 

Մենք գնում ենք, իրավիճակը ինքը կթելադրի, թե քանի օրից կվերադառնանք։ Շատերն էին ուզում գալ, և ջահելներից, և մեզ նման տարիքով, մենք միայն մի ջոկատով եկանք՚։

Իմ այն հարցին, թե հաճա՞խ է հիշում իր ծննդավայրը, ասաց. ՙՀնարավոր լիներ՝ այստեղից աչքերս փակ ոտքով կգնամ կհասնեմ։ Հիմա այնտեղ տուն չկա։ Պատ չկա։ Ղարաբաղի հետ կապս ամուր է։ Շուտ¬շուտ գալիս եմ։ Զոհված եղբորս ընտանիքն այստեղ է։ Առիթ է եղել, քանի անգամ եմ բարձրացել դիրքերը, տղաներին խնդրել, որ թույլ տան մոտենամ առաջնագծին. հեռադիտակով նայել եմ ծննդավայրիս։ Այնտեղ զորանոց է, գյուղ չկա։ Միայն Չայլուն չէ, Մարաղան, Լենինավանը, ամբողջ Շահումյանի շրջանը, այսինքն՝ Դաշտային Ղարաբաղը օկուպացված է։

Քաղաքականության հետ գլուխ չունեմ, մենք զինվոր ենք, մեր գործը կռվելը, հողը պաշտպանելն է՚։ 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.