[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՋԱՐԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՍԽՐԱՆՔԸ` ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՄԱՆ ՕՐԻՆԱԿ

Ապրիլյան քառօրյա պատերազմ վկայեց, որ հայի ոգին ոչ միայն շարունակում է մնալ զորեղ, այլև  այս վերջին տարիների հակամարտության արդյունքում դարձել է աներեր:

Դրա վառ վկայությունն է 18-ամյա զորակոչիկների՝ մինչև ատամները զինված թշնամու հատուկ գրոհայինների դեմ մղած հերոսամարտը, Հայոց համազգային համախմբման խելահեղ ալիքը, կամավորների, հատկապես Արցախյան ազատամարտի քաջարի զինվորների երթը դեպի առաջին գիծ: Ցավոք, առանց զոհաբերության սեղանին դրված շատ թանկ կյանքերի հաղթանակ չի կերտվում: Իմացյալ մահով անմահության ճանապարհը բռնեց ՙԳոյամարտ՚ համազգային բարեգործական միության ազատամարտիկ Նորայր ՀԱՋՅԱՆԸ, ով դեռ 1992-ից (տակավին 16 տարեկան պատանի) նվիրվել է Հայրենիքի պաշտպանությանը:  

Նորայր Հաջյանը ընկերության մեջ ճանաչված է Նորո անունով, որն իրեն էլ էր հոգեհարազատ, մենք էլ կհարգենք այդ ընտրությունը:

Նորոն 12 տարեկան էր, երբ ընտանիքը սումգայիթյան վայրագություններից հետո որոշում կայացրեց Բաքվից տեղափոխվել Երևան: Հայրը` ճանաչված լրագրող Միքայել Հաջիյանը, հիշում է, որ վերջին տարիներին՝ մինչև տեղափոխվելը, Նորիկը խնդիրներ ուներ դպրոցում` հաճախ կռվի էր բռնվում ադրբեջանցի համադասարանցիների հետ, ինչը ևս դեր խաղաց արագ տեղափոխվելու որոշման ընդունման մեջ: Երևանում Նորիկին կլանեց ցույցերի, միտինգների մթնոլորտը, նա հոգու խորքով անցկացրեց Հայկական հարցը` ընդմիշտ դառնալով Հայրենիքի զինվոր:

Հայրը պատմում է, որ 1992-ի դեկտեմբերն էր, երբ մի օր 16-ամյա որդին տուն չեկավ: Ծնողները զանգահարեցին բոլոր ընկերներին` ոչ ոք տեղյակ չէր տղայից: Դիմեցին ոստիկանությանը: Երեք օր հետո Գորիսի ոստիկանությունից զանգ հնչեց. պարզվեց, որ Նորոն՝ որպես ՙԳոյամարտ՚ ՀԲՄ ջոկատների ազատամարտիկ,՝ մեկնել է Կոռնիձոր մասնակցելու գյուղի ինքնապաշտպանությանը: Ոստիկանը հեռախոսով  խոստացավ հետ ուղարկել տղային, քանի որ նա 16 տարեկան է: Նորոն վերցրեց լսափողը և տղամարդավարի խոսեց հոր հետ` բացատրելով, որ դա իր կամքն է, որն ինքն ի կատար կածի եթե ոչ այս անգամ, ապա հետ դառնալուց հետո: Հայրը ոստիկանին խնդրեց հանգիստ թողնել տղային:

Երկու-երեք ամիս անց, թողնելով կապավորի աշխատանքը, Նորոն մեկնում է Ղարաբաղ և իր ներդրումն  ունենում Արցախի ազատագրման գործում: Նա տարբեր ջոկատներում մասնակցել է Լաչինի, Ղուբաթլուի ազատագրման մարտերին: 1993-ից էլ ՙԱրծիվ-24՚ գումարտակի կազմում մարտնչել է Մարտակերտի ուղղությամբ, մասնավորապես մասնակցել ՙՊուշկեն յալ՚ կոչվող տեղանքի թեժ մարտերին: Գումարտակի հետ փառավոր ճանապարհ է անցել՝ մասնակցելով Դրմբոնի, Օմարի լեռնանցքի, Քարվաճառի ազատագրմանը: Հետո էլ գումարտակի հետ մարտնչել է Հորադիզի ուղղությամբ: ՙԵղնիկներում՚ պատրաստվում էին Գյուլիստանի ազատագրման օպերացիային, այդպես էլ հրաման չեղավ, կնքվեց զինադադարը:

ՙԱրծիվ-24՚ գումարտակի հրամանատար Սամվել Հովսեփյանը (ՙԱդմիրալ՚), ով այսօր էլ առաջնագծում է, մեծ հարգանքով է խոսում Նորոյի մասին, ում սիրով Ճուտո էին ասում հասակի ու փոքրամարմին լինելու համար: Հրամանատարն ընդգծում է. ՙՆորոն խիզախ էր, վստահելի, աներեր կամքով, երբեք չեր բողոքում պայմաններից, զրկանքներից, առողջությունից` անկախ իրական վիճակից: Միշտ պատրաստ էր կատարել յուրաքանչյուր հանձնարարություն, օգնել, սատարել ընկերներին, նրանից չենք լսել ՙչէ՚ բառը՚: Սամվել Հովսեփյանը՝ որպես իր խոսքի շարունակություն, պատմեց Նորոյին բնութագրող մի դրվագ. ՙՕմարի ծանր կռիվներից հետո տղաները սոված, սառած, հոգնած սարից իջնում էին հերթափոխի, ձյուն էր տեղում՝ առատ ու անդադար, արահետը ծածկված էր ձյունով։ Ճուտոն շարքի վերջում էր: Ամենքը լուռումունջ քայլում էին: Մի պահ տեսանք, որ հետևից մեկ ուրիշ ջոկատ է գալիս` բերելով ցրտահարված Ճուտոյին: Պարզվեց, որ հոգնածությունից նստել է հանգստանալու ու քնով անցել, ձյունն էլ ծածկել էր նրան: Մեծ դժվարությամբ Ճուտոյին փրկեցին ցրտահարությունից՚:

Հայրը պատմում է, որ այդ դեպքն ազդեց մի աչքի տեսողության վրա: Հարկադրված էին վիրահատել: Վերականգնվելուց հետո Նորոն կրկին մեկնեց առաջին գիծ:

Կամավոր ծառայության մեջ Նորայր Հաջիյանը մնաց մինչև 1995թ. օգոստոսը: Նշված թվականի ապրիլին ՙԳոյամարտ՚ կամավորական միությունը կանչում է Նորոյին և ՀՀ պաշտպանության նախարարության ծրագրի շրջանակներում ուղարկում դիրքեր, որպեսզի պարապեն նորակոչիկների հետ: Մինչև մեկնելը տեղի ունեցավ մի պատմություն, որը կրկին ի ցույց արեց Նորոյի անձնուրաց նվիրվածությունը Հայրենիքին, բանակաշինության գործին: Նախարարության այդ ծրագրի համակարգողը  չթույլատրեց  ջոկատի հետ  գնալ, քանի որ նա արդեն գրանցված էր զորակոչիկների ցուցակում: Նորոն փորձեց համոզել, բայց արդյունքի չհասավ: Այդ պահին ջոկատից մեկը բացակայում էր: Շարժվեցին առանց նրա: Նորոն տաքսի վարձեց, հասավ ավտոբուսին, ներկայացավ բացակայող զինվորի անունով, և քանի որ պատասխանատուն արդեն ուրիշ էր, սուտն անցավ, և նա գնաց Մարտակերտի դիրքերը: Այդ պատճառով հայրը չէր կարողանում գտնել որդուն` նա չկար ցուցակներում: Ստիպված էր գնալ առաջնագիծ և տեղում` ցուցակներում գտնելով որդու անմիջական հրամանատար Նորայր Մկրտչյանին, գտավ և զավակին:

1997-1999թթ. (ի դեպ, նշենք, որ այդ ժամանակ ընտանիքը տեղափոխվել ու բնակություն էր հաստատել Ստեփանակերտում) նա զորակոչվեց և ժամկետային զինծառայություն անցավ ԼՂՀ պաշտպանության բանակում` Ասկերանի պաշտպանական շրջանում:

2014թ. օգոստոսին՝ Ադրբեջանի հերթական ագրեսիայի օրերին, Նորոն կրկին կամավորագրվեց և Արցախյան պատերազմի իր ընկերների հետ, որոնք մշտական կապի մեջ էին լինում, մեկնեց առաջին գիծ և ակտիվորեն մասնակցեց Արցախի պաշտպանական մարտերին:

…Ապրիլի 2-ին ընկերներով պայմանավորվեցին ու մեկնեցին Մարտակերտ, որտեղ և պետք է միմյանց հետ հանդիպեին: Ցանկացան ընկերներով միասին գնալ առաջնագիծ, բայց դա հակասում էր մշակված ծրագրին: Հինգ անձնուրաց նվիրյալներով գնացին Թալիշի ուղղությամբ:

Վերջին մարտերի մասին պատմեց Գեորգի (Ժոկա) Բալասանյանը.

- Ես ու Նորոն գնացինք Թալիշի ուղությամբ գտնվող բարձրունքի դիրքերը ու տեսանք, որ մեր 18-ամյա տղաներն արդեն հետ էին վերցրել մինչ այդ թողած դիրքերի մեծ մասը: Սկսեցինք ուսումնասիրել տեղանքը: Կողմնորոշվեցինք և դիրքավորվեցինք: Առաջին գիշերը լուսարձակով նկատեցինք, որ դիվերսիայի են պատրաստվում` թշնամու սակրավորները սկսեցին ականազերծումը, կրակեցինք ու ոչնչացրինք նրանց: Այդպես դիվերսիոն հարձակումը կանխեցինք: Նորոն՝ որպես դիրքերի համար պատասխանատու, զինակոչիկներին հրամայեց գնալ հանգստանալու, մնացինք կամավորներով: Գիշերը ձյուն էր գալիս, ցերեկը` անձրև: Թշնամու տարբեր տեսակի հրետանուց էլ անընդհատ կրակի տակ էին պահում մեր դիրքերը, 500-ից ավելի արկ է արձակվել մեր ուղղությամբ: Շատ կարևոր դիրք էր և՜ մեզ համար, և՜ թշնամու: Երկրորդ գիշերն էլ դիվերսիայի դեմն առանք, երրորդ գիշերը տանկի արկից, (ի դեպ, տանկի արկի ձայնն ու պայթյունը գրեթե միաժամանակ է լինում, ուստի դրանից չես կարող թաքնվել) զոհվում են մեր երկու ընկերները:

Ժոկայի հավաստմամբ՝ անկախ ամեն ինչից, դիրքերը պահեցին մինչև վերջ: Բայց նրան անդառնալի կորստի հետ մեկտեղ տանջում է և այն, որ Նորոն ջուրը բաժանեց զինվորներին, իսկ ինքը չխմեց` չհասավ իրեն: Նորոն բաճկոնն էլ հանեց ու տվեց զինվորին: Գուցե գուշակո՞ւմ էր... Դեռ չէր բոլորել նրա 40 տարին....

Նորոն ամուսնացած էր, ունի երկու զավակ, ինչպես ինքն էր ասում, երկու զինվոր: Նա տնտեսագետ էր, երկար տարիներ աշխատել էր ՙՂարաբաղ-Տելեկոմ՚  ՓԲԸ-ում, իսկ վերջին տարում՝ ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում: 

2007թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության ՙԴրաստամատ Կանայան՚, 2011թ.՝  ՙՎազգեն Սարգսյան՚, 2009թ.՝ ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ ՙՄայրական երախտագիտություն՚ մեդալներով, ՀՀ ՙԱրամազդ՚ հուշամեդալով, 2016թ՝. ԼՂՀ Նախագահի հրամանագրով (հետմահու) ՙՄարտական ծառայություն՚ մեդալով:

Սակայն ընկերները համոզված են, որ գլխավոր պարգևատրումը դեռ առջևում է, քանի որ Նորայր Հաջիյանը պատկանում է մարդկանց այն տեսակին, ում օրինակով հպարտությամբ պետք է սերունդներ դաստիարակվեն:

 

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ