ՎԱՅՐ, ՈՐՏԵՂ ՉԵՆ ԿՐԱԿՈՒՄ

Օսմանյան կայսրությունում  ապրող Ավետիսյանների մեծ ընտանիքում  հաճելի լարվածություն էր. բոլորն անհամբեր սպասում էին, թե երբ վերջապես  կրտսեր որդու` Վահրամի կնոջ`  Անահիտի մոտ ի հայտ կգան ծննդաբերության առաջին նշանները:

Չէ՞ որ Վահրամի բոլոր եղբայրները վաղուց են զգացել հայրության քաղցրությունը, և ո՞ւմ, եթե ոչ նրան ավելի շատ պիտի ուրախացներ սպասվող իրադարձությունը:Ավետիսյաններն Էրզրումի նշանավոր ընտանիքներից էին: 

 Աքիմ Թորգոմը (այդպես էին կոչում նրան Էրզրումի թուրքերը. արաբերենից թարգմանաբար նշանակում է՝ կրթված, իմաստուն, գիտնական) ընտանիքի գլուխն էր: Քաղաքում բոլորը գիտեին, որ բժիշկ Թորգոմը ցանկացած եղանակի և ժամի պատրաստ է օգնել ամենքին: Նա մեծ ու կանաչ աչքերով, նիհար,  ճերմակահեր ծերունի էր: Մարդիկ  նրա մոտ էին գալիս երկրի տարբեր ծայրերից։ Ավագ որդին` Վարդանը, ցանկանում էր շարունակել հոր գործը: Չնայած կայսրության համար դժվար օրեր էին, և սկսվել էր Առաջին աշխարհամարտը, Աքիմ Թորգոմը կարողանում էր իրեն այդ ժամանակների համար անհավանական շքեղություն թույլ տալ: Նա պատրաստվում էր ավագ որդուն ուղարկել Վիեննա, ինչպես սիրում էր հաճախ կրկնել, իր երազանքների քաղաքը` բարձրագույն բժշկական կրթություն ստանալու: Ամեն ինչ պատրաստ էր, նույնիսկ պատերազմը չէր կարող խանգարել, քանի որ գործը վերաբերում էր ընտանիքին, իսկ դա նրա համար ամենակարևորն էր...

- Ինձ թվում է, սկսվեց,- հանկարծ բացականչում է Անահիտը նախաճաշի ժամանակ:

 - Անահիտին տարեք իմ սենյակը, մուտքի մոտ մի՜ խառնվեք: Չվախենաս, աղջիկս, Սաթենիկ տատիկը քեզ կօգնի,- հնչեց տատի խրոխտ ձայնը:

Իրար էին խառնվել տագնապն ու հույսը։ Լարված անդորրը խախտեց կամաց բացվող դռան ձայնը. տան շեմին հայտնվեց Աքիմ Թորգոմը` հոգնած ու անքուն աչքերով: Նա միանգամից չհասկացավ, թե ինչ է կատարվում, որդի Վահրամը շտապեց բացատրել. 

- Փառք Հիսուսին, Անահիտը ծննդաբերում է:

Այդ խոսքը ծեր ու դանդաղաշարժ թվացող ծերուկի վրա այնպիսի ազդեցություն թողեց, որ նա ակնթարթորեն հայտնվեց  դռան մոտ: Սակայն  չհասցրեց  բացել դուռը, երբ լսվեց երեխայի երկար սպասված ճիչը: Բոլորը քարացել էին, քարացել էր և Թորգոմի ձեռքը` դռան բռնակին չհասած: Թորգոմը ձեռքը հետ տարավ ու ցածր, բայց հստակ ձայնով ասաց տղային.

- Վահրամ, տղա ՜ս, հասել է հայրության ողջ հմայքը ճանաչելու քո հերթը: 

Բոլորն այնքան էին հուզված, որ նույնիսկ չէին նկատում սիրո և հիացմունքի արցունքները Թորգոմի աչքերում:     

Վահրամը Գրիգոր կոչեց տղային: Թորգոմի թոռան ծնունդն այս անգամ շատ բան փոխեց այս մեծ ընտանիքում: Գրիգորը տարբերվում էր իր եղբայրներից և քույրերից, Աքիմ Թորգոմի թոռներից ոչ մեկը չուներ պապի մեծ աչքերը, բայց Գրիգորը դա էլ էր ժառանգել: Շուտով նա դարձավ ընտանիքի սիրելին: Գրիգորը շատ աշխույժ երեխա էր,  անընդհատ վազվզում էր սենյակներով` հաճախ խանգարելով մեծերին: Մի խոսքով, նա աշխուժությամբ էր լցնում Թորգոմի տունը` կյանքով հագեցնելով  նրա առօրյան:

 

 * * *

Գրիգորն իրասածի երեխա էր, ոչ մեկը չէր կարողանում նրան կառավարել։ Ամենից շատ նա սիրում էր քեռի Վարդանին, բայց ոչ այն բանի համար, որ նա Վիեննայից շվեյցարական շոկոլադ էր բերում և խոստացել էր անպայման ցույց տալ Ավստրիան, այլ, թերևս, որովհետև նրանք հոգեհարազատ էին: Գրիգորին հնարավոր չէր ինչ-որ բանով զարմացնել: Ո՜չ տատիկի հեքիաթները, ո՜չ հոր պատմածները, անգամ մարզպետի՝ պապին նվիրած անգլիական լապտերը չէին կարող հանկարծակիի բերել նրան: Միակ բանը, որ նրան շփոթմունքի մեջ էր գցել, մոր  երկրորդ հղիությունն էր: Գրիգորն  ուղղակի քարացավ, երբ նրան տեղեկացրին, որ նա շուտով եղբայր կամ քույրիկ է ունենալու: Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր: Տղան համոզված էր, որ մեծերը պարզապես ստում են:

Անցան ամիսներ։ Մի առավոտ Գրիգորին արթնացրին շան հաչոցն ու պապի  հուզումնալից խոսակցությունը: Նա մի ակնթարթում հագավ անդրավարտիքը և գնդակի արագությամբ սուրաց ներքև, քանի որ համոզված էր, որ քեռի Վարդանն է եկել: 

Այն ամենը, ինչ կապված էր քեռի Վարդանի հետ, Գրիգորի համար տիեզերական արժեք էր ներկայացնում: Ոչերկրային էին նրա օծանելիքի բույրը` երբ գրկում էր նրան, գրպանի ժամացույցի  գեղեցկությունն ու փայլը, նրա գրքերը… Մի խոսքով, Գրիգորը հստակ որոշել էր, որ բժիշկ է դառնալու և անպայման կգնի այն նույն ժամացույցից, որ ունի քեռին…

Երկար ամիսների բաժանումից հետո Վարդանը վերջապես ընթրում էր ընտանիքի հետ, բոլորը ներկա էին, և Գրիգորը երջանիկ էր: Ի տարբերություն մնացած երեխաների, ովքեր խաղում էին միասին՝ անհոգ և ուրախ, Գրիգորի ուշադրությունը գրավեց քեռի Վարդանի և Թորգոմ պապի վեճը.- Ի՞նչ ես ասում, Վարդան, ուշքի՜ եկ,- փոքր-ինչ հուզված խոսում էր Աքիմ Թորգոմը:- Դու գիտե՞ս  ես ով եմ։ Տարածքում չկա մի թուրք, ում ես ժամանակին օգնած չլինեմ: Ես նույնիսկ կապեր ունեմ Ստամբուլում, իմ ընկերներն օրենքներ են գրում Մեջլիսում: Իսկ Աբդուլ Համիդի ժամանակները վաղուց անցել են, ու ես չեմ պատրաստվում լքել այն տունը, որտեղ հարյուրամյակներ շարունակ ապրել են իմ նախնիները: Այս եկեղեցիներում են պսակադրվել իմ պապերը, նախապապերը, նախապապերիս պապերը, և ոչ մի ուժ ընդունակ չէ անել այն, ինչ դու ես ինձ ասում: Օսմանյան բանակում շատ հայեր, հույներ, ասորիներ են ծառայում, մենք վաղուց իրար հետ չենք պատերազմում: Քո հայ ընկերներին փոխանցիր, որ Եվրոպայում իրենց հայրենակիցներին վախեցնելու փոխարեն ավելի լավ է գան և ապրեն իրենց նախնիների հողում: Ես ամաչում եմ այդ վախկոտների փոխարեն…Ներիր ինձ, բայց ես ուրիշ բառ չեմ գտնում նրանց բնութագրելու համար:   

-Հայրիկ, ես քեզանից ուրիշ պատասխան չէի սպասում։ Բայց չէ՞ որ հարցը միայն քեզ չի վերաբերում: Իսկ երեխանե՞րը, կանա՞յք…

-Լռի ՜ր,- Վարդանին ընդհատեց Աքիմ Թորգոմը,- Այնպես մի արա՝ զղջամ, որ քեզ ուսում ստանալու եմ ուղարկել այդ գրողի տարած Եվրոպա: Ինչևէ, սիրտս վկայում էր, որ սա լավ ավարտ չի ունենա…

Գրիգորը չէր հասկանում, թե ինչի համար են նրանք վիճում, ուշադիր նայում էր մերթ պապին, մերթ քեռուն`  երջանիկ, որ նրանք միասին են: 

Եվս մեկ տարի անցավ: Աշխարհը պատերազմի մեջ էր: Օդը ներծծված էր արյան հոտով: Վարդանն այլևս երջանիկ չէր, որ սովորում է Ավստրիայում, նրան ավելի շատ անհանգստացնում էր հայրենիքում գտնվող հարազատների ճակատագիրը…

Մի օր Վարդանը նամակ ստացավ: Նա հաճախ էր նամակներ ստանում: Բայց այս անգամ նամակը ոչ հորից, ոչ մորաքրոջից և ոչ էլ եղբորից էր: Նամակն ուղարկել էր Ջեմալը.

ՙՍալամ ալեյքում, Վարդան: Հուսով եմ, քեզ մոտ ամեն ինչ լավ է: Դու գիտես, որ ես գրել չգիտեմ, և իմ ընտանիքում ոչ մեկը գրել չգիտի: Ես խնդրել եմ ձեր քահանային, որ նա գրի: Ես չեմ կարող ձերոնց գրել, քանի որ ոստիկանությունը վերահսկում է քրիստոնյաներին, հատկապես հայերին ուղարկվող բոլոր նամակները, բայց ես հանգիստ կարող եմ նամակներ ուղարկել Եվրոպա: Ես չգիտեմ`  երբ  կստանաս այս նամակը, բայց շտապիր` ձերոնց վտանգ է սպառնում: Այս երիտթուրքերն ինչ-որ վատ բան են ծրագրում: Սկզբում սպառնում էին, որ բոլորին կմորթեն, բայց ոչ ոք չհավատաց: Սակայն երբ Դալաքյաններին ոստիկանություն կանչեցին, սպանեցին տղամարդկանց, երեխաներին հանձնեցին թուրքական ընտանիքներին, իսկ կանանց ուղարկեցին կայսրության սահմանները, պարզ դարձավ, որ իզուր չէին լուրեր տարածվում: Ճիշտն ասած, ինձ չեն հետաքրքրում կառավարության գործերը, բայց Ալլահն ինձ չի ների, եթե ես վտանգի  մասին քեզ չտեղեկացնեմ:   

Երբ որդիս մահացու հիվանդ էր, ես շատ անգամ եմ փորձել վերջ տալ նրա կյանքին, որովհետև նրան տանջում էին ահավոր ցավերը, և սիրտս կտոր-կտոր էր լինում այն մտքից, թե ինչ տանջալից մահով է հեռանում իմ առաջնեկը, իմ միակ որդին: Ես օգնություն խնդրեցի մեր հարևան բանկի կառավարչից, որպեսզի դեղեր գնեմ, բայց նա հեգնանքով պատասխանեց. ՙՄիևնույն է, նա կմեռնի, ինչի՞ համար վատնել փողերը հանգուցյալի վրա՚: Սիրող հոր ձեռքերն ի զորու չէին նրա կյանքը խլել, և  այդ ժամանակ որոշեցի դիմել հարգելի Աքիմ Թորգոմին: Ես անչափ զարմացած էի, երբ նա իսկույն արձագանքեց և ուշադրություն չդարձրեց այն բանին, որ աղքատի է բուժում: Ես ծնկի եմ իջել և համբուրել նրա ոտքերը միայն  այն  բանի համար, որ նա տեսակցության եկավ որդուս, հանգստացրեց նրան իր հոգատարությամբ: Հիշում եմ` այդ օրը որդիս ցավից չհառաչեց, միգուցե Աքիմը Աստծո ուղարկած բժիշկն է, և նրա հպումները հանգստացրել են տղայիս: Հարգելի Աքիմն իր գործի համար փող չվերցրեց։ Դրանից հետո նա հաճախ էր տեսակցության գալիս որդուս, և կյանքի վերջին օրերին որդուս մտքերը մոտալուտ մահով չէին մթագնած. նա մահացավ խաղաղությամբ:

Ներիր, որ պատմում եմ քեզ դրա մասին, բայց իմացիր` ինձ նման հազարավորներ կան, որոնք պարտական են Աքիմին: Ալլահն օրհնի նրան: Բայց Աքիմ Թորգոմը և նրա ընտանիքը վտանգի մեջ են, և միակը, ով կարող է նրանց փրկել` դու ես՚: 

...Վարդանը դժվարությամբ հասավ  Էրզրում: Նա ստիպված էր փոխել անձնագիրը և ազգանունը: Հասկանում էր, որ երևի արդեն ուշ է, քանի որ նամակը գրված էր մեկ ամիս առաջ, և մտովի իրեն նախապատրաստում էր վատթարագույնին: Մոտենալով հարազատ տանը` նա նկատեց, որ արյունոտ թրերով զինվորներ են դուրս գալիս տնից, օդում վառոդի հոտ էր կանգնած: 

Վարդանը քարացել էր. թրերի վրա իր ընտանիքի արյունն էր: Հավանաբար մեկ ուրիշը չէր դիմանա՝  կսկսեր գոռալ, կամ պարզապես կխելագարվեր, բայց նա հույս ուներ գոնե մեկին փրկել և արցունքներով լի աչքերով սպասում էր զինվորների հեռանալուն: 

Երբ բոլորը հեռացան` իրենց հետևից քարշ տալով ուրիշի ունեցվածքը, Վարդանը ներս մտավ: Խեղդված ճիչը սառավ կոկորդում` թուրքերը նրան նույնիսկ հնարավորություն չեն տվել գրկել հորն ու եղբորը, նրանք գլխատված էին: Կույտի մեջ  նա սկսեց հաշվել զոհվածների մարմինները. մեկը չէր հերիքում…  

  ՙԳրիգոր: Որտե՞ղ է նա, գուցե ձեղնահարկո՞ւմ: Նա սիրում էր այնտեղ թաքնվել՚,- անցավ Վարդանի մտքով:

Եվ նա իրավացի էր, տղան  ձեղնահարկում էր: Կրակոցներ լսելով` նա վազել էր պապի մոտ, իսկ նա` արդեն վիրավորված, նրան ուղարկել է ձեղնահարկ…

Այն մտքից, որ Գրիգորը ողջ է, որ ինքը կարողացավ փրկել գոնե մեկին, Վարդանը երջանկությունից լաց եղավ: 

...Ավստրիայի ճանապարհին երկուսն էլ լուռ էին: Վարդանը հոգեպես ծանր վիճակում էր, բայց հասկանում էր, որ ցույց տալով իր վիշտը` ավելի կծանրացնի որբացած Գրիգորի վիճակը: 

-Քեռի, որտե՞ղ է ժամացույցդ,- հարցրեց Գրիգորը:

-Տանն է` Ավստրիայում:

- Իսկ ինչո՞ւ ենք մենք գնում այնտեղ:

- Ո՞նց թե` ինչու: Ես քեզ խոստացել էի ցույց տալ Ավստրիան, դրա համար էլ գնում ենք:

Վարդանը դժվարությամբ էր պատասխանում Գրիգորի հարցերին: Հանկարծ նա հիշեց Ջեմալի նամակը, որտեղ նա գրում էր իր որդու վերջին օրերի մասին: 

Գրիգոր,- հարցրեց Վարդանը,- իսկ ի՞նչ է ասել քեզ պապիկը:

-Նա պատասխանել է իմ հարցին, ես հարցրել եմ նրան, թե ինչ է դրախտը:

-Դրա՞խտ: Իսկ ինչո՞ւ ես այդպիսի հարց տվել, Գրիգո՜ր,- զարմացած հարցրեց Վարդանը:

- Ես լսել եմ, թե ինչպես էր զինվորներից մեկն ասում, որ այսօր իր համար դրախտում տեղ ապահովեց, դրա համար հարցրի, իսկ պապիկն ասաց, որ դրախտն այնտեղ  է, որտեղ չեն կրակում...

 

Զորայր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ