[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏՄԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ ԽԼԱՑՆԵԼ ՉԻ ԼԻՆԻ

Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչեց Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը՝ նշելով անմարդկային այդ ոճիրի 101-րդ տարելիցը։

1915թ. այդ օրը Թուրքիայի ղեկավարության հրամանով սկսվեցին հայերի ջարդերն ու զանգվածային տեղահանումը։ Սպանվեց Ստամբուլի մտավորականությունը։ Երկրի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր բնօրրանից ու քշվեց դեպի Դեր Զորի անապատներ՝ խոշտանգվելով ու ոչնչանալով ճանապարհին… Պետականորեն ծրագրված ազգաջինջ, գազանաբարո գործողությունների զոհ դարձավ ավելի քան 1,5 մլն մարդ, ավերակների վերածվեց Հայաստան աշխարհի մեծ մասը։ Հազվադեպ փրկվածները սփռվեցին, ցաքուցրիվ եղան աշխարհով մեկ... 1915 թվականի՝ հայերի դեմ կատարված ոճրագործությունը, որը տարիներ անց միջազգային իրավունքի շրջանակներում գտավ իր ճշգրիտ ձևակերպումը՝ ցեղասպանություն, 20-րդ դարի մարդկության ամենաողբերգական էջերից մեկն է։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Նազիմը։

Առայսօր Ցեղասպանության փաստը ճանաչել են քսանից ավելի պետություններ, ԱՄՆ 44 նահանգներ։ Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձևի նախագիծը հաստատել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի հանձնաժողովը։ 

Մեկ դար ու մեկ տարի է անցել այդ օրից։ Ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը սգում է Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերին, տարբեր միջոցառումների կազմակերպմամբ աշխարհին հիշեցնում տեղի ունեցածի մասին՝ պահանջելով դատապարտել ու ճանաչել այն։ 

Արցախում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներն սկիզբ առան ապրիլի 23-ի երեկոյան՝ ավանդույթ դարձած պահանջատիրական ջահերթով։ Այն նախաձեռնել էին ՀՅԴ Արցախի երիտասարդական և ՙԱրամ Մանուկյան՚ ուսանողական միությունները։ Բողոքի ակցիային, որ այս անգամ մեկնարկեց ՀՅԴ գրասնյակի բակից և ինչպես միշտ՝ ձգվեց մինչև Հուշահամալիր, մասնակցում էր հայ ազգի նոր սերունդը, ում այսօր վիճակված է առաջ տանել Հայ Դատը։ 

Հուշահամալիրում մոմավառությունից հետո Արցախի երիտասարդները հանդես եկան Թուրքիայի կողմից կատարված ցեղասպանությունը և Ադրբեջանի կողմից Արցախում ապրիլյան ռազմագործողությունները դատապարտող հայտարարությամբ, որում կոչ է արվում միջազգային կառույցներին՝ դատապարտել այդ ոճրագործությունները։

Ապրիլի 24-ին վաղ առավոտից հազարավոր ստեփանակերտցիների հոսքն ուղղվեց դեպի Հուշահամալիր, որտեղ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին կանգնեցվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող կոթող՝ Զանգակատունը։ Կրթօջախների, հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվներ, Պաշտպանության բանակի զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, առանձին անհատներ գալիս էին ոչ միայն Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլեւ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, պահանջելու ճանաչել մարդկության դեմ կատարված ոճրագործությունը՝ ամենից առաջ այն չկրկնվելու նպատակով։ Ցավը մեծ է. եղածն ասես քիչ էր՝ նոր զոհեր ավելացան…Մեծ ու փոքր գլուխ խոնարհելով ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակների հիշատակի առջև, մեկ անգամ ևս փաստեցին, որ ջարդարարներին չի հաջողվել ոչնչացնել հայությանը, չի հաջողվի ջնջել մեր ինքնությունն ու հիշողությունը, խլացնել պատմական ճշմարտության ձայնը։ 

Մայրաքաղաքի հասարակությանը միացավ Արցախի բարձրաստիճան ղեկավարությունը՝ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։ Պետական այրերն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և գլուխ խոնարհեցին 20-րդ դարասկզբին հայ ազգի դեմ իրագործված դաժան ոճրագործության զոհերի հիշատակի առջև։  

Երկրի իշխանությունները և տարբեր գերատեսչություններ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Զանգակատուն-հուշակոթողին։ 

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի և ոգեկոչման կարգ։ Թեմական առաջնորդի խոսքով՝ այս տարվա ապրիլի 24-ը համընկել է Խաչի երևման՝ շարժական տոնի հետ։ ՙՈւղիղ մեկ տարի առաջ մեր եկեղեցին պաշտոնապես սրբացրեց շուրջ երկու միլիոն հայ նահատակներին, ովքեր զոհ դարձան հավատքի և ազգության համար,- ասաց Պարգև Սրբազանը։- Մեկ տարի է, ինչ այդ երկու միլիոն սրբերը բարեխոսում են, ներազդում են մեր ազգի վրա։ Չզարմանաք, որ մեր երիտասարդները,  ստանալով սրբերի զորությունը, մնացին կատարելապես անվախ մեր սահմաններում, որտեղ թուրքը կամենում էր նորից ցեղասպանություն կատարել, քանզի ցեղասպան ազգ է։ Մեր անելիքը մեկն է՝ կանգնեցնել, չեզոքացնել որևէ մեկի ցեղասպանությունը՚։

Միջոցառման մասնակիցների հավաստմամբ՝ Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունն այսօր էլ շարունակվում է, մեկ դար անց դարձյալ նույնն է ոճրագործի ձեռագիրը։ 

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ.

- Որքան էլ տարօրինակ՝ պարզվում է՝ 101 տարին երևի թե քիչ է մարդկության համար՝ հասկանալու այն գլոբալ սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք կան և այսօր էլ գործում են՝ ի դեմս ցեղասպանության և մարդկության դեմ տարբեր հանցագործությունների։ Այս առումով, կարծում եմ, մեր ժողովուրդը, որ պայքարի ու դիմակայության օրինակ է, լուրջ ուղերձ ունի միջազգային հանրությանը. համայն աշխարհի մարդկությունը պետք է այսօր կարողանա միավորվել և  դատապարտել Հայոց ցեղասպանությունը, քանզի պարզվում է՝ անպատժելիությունը ոչ միայն խրախուսում է Թուրքիային նոր հանցագործություններ կատարելու, այլև թուրքական պետությունն այսօր հովանավորում և քաջալերում է իր իսկ կողմից ստեղծված մեկ այլ բարբարոսական ու ահաբեկչական պետության՝ Ադրբեջանին, որը Հարավային Կովկասում դարձել է լուրջ սպառնալիք խաղաղության և կայունության համար։ Կարծում եմ, այս օրերին հայկական բոլոր կենտրոնների միավորումն Արցախի շուրջ՝ առաջին լուրջ ազդանշանն է այն բանի, որ միայն միասնությամբ կարող ենք հաղթահարել բոլոր մարտահրավերները։

Այն հարցին՝ ինչպես է գնահատում Ցեղասպանության ճանաչման գործընթացը, Ա. Ղուլյանն ասաց. ՙԱյս ժամանակահատվածը ցույց տվեց, որ այնպիսի ծանր ու մեծ հանցագործությունների համար, ինչպիսին ցեղասպանությունն է, շատ ավելի մեծ ժամանակ է պետք, որ միջազգային կառույցներն ու այն պետությունները, որոնք այսօր իրավասու են միջազգային հարաբերություններում որոշակի ուղղորդում տալու այդ կարևոր փաստին, կարողանան դա անել։ Իհարկե, մենք լուրջ ճանապարհ ենք անցել և ունենք կարևոր ձեռքբերումներ, բայց կարծում եմ, այժմ այն պահն է, երբ պետք է ասել՝ մեր պայքարը չի ավարտվել, Հայոց ցեղասպանության ճանաչման գործողությունները չեն ավարտվել, և 101 տարի անց գուցե կարողանանք ուրիշ տրամադրությամբ՝ մեր նահատակված հայորդիների՝ որպես սրբեր նրանց քաջալերանքն ստանալով, նրանց օրհնությունն ունենալով, շարունակել պայքարը՝ մեր ավանդը բերելով մարդկության համար ծանրագույն հանցագործություններին դիմակայելու այս կարևոր առաքելության մեջ՚։ 

Իսկ հրադադարի պայմանավորվածության և բանակցություններին վերաբերող հարցին ի պատասխան ԱԺ նախագահն ասաց, որ այս օրերին էլ Ադրբեջանը շարունակում է ցույց տալ, որ իր համար պայմանավորվածությունները՝ կոնկրետ հրադադարը պահպանելու իմաստով, կարող են նաև ոչինչ լինել, որովհետև նրանք, զգալով իրենց անպատժելիությունը՝ դրանով որոշակի ուղղորդում են ստանում։ Որ թուրքական ժխտողականությունն այսօր տարածաշրջանում դարձել է նոր հանցագործությունների առիթ՝ նաև դրա մասին է խոսում։ Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից  ձեռնարկված նոր ագրեսիան լուրջ  հարված էր և շատ լուրջ դժվարություններ է ստեղծել բանակցային գործընթացի համար։ Այժմ հաստատ կարող ենք ասել, որ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի նույն միջազգային միջնորդությունը կարողանա ճիշտ և համարժեք արձագանք գտնել ներկա իրավիճակին, նշեց Ա. Ղուլյանը։

Կառլեն ՄԱՐԳԱՐՅԱՆ, Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի վարիչ.

- Եկել ենք մեր խոնարհումը բերելու 1915 թվականի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Ցավալի է, սակայն, որ այսօր սգում ենք ոչ միայն 1915-ի կորուստը, այլև այդ ժամանակվանից առայսօր բարբարոսի ձեռքով կրկնվող ամեն մի ցեղասպանության զոհերին։ Բոլորովին վերջերս՝ ապրիլի առաջին օրերին, Թալիշում ականատես եղանք նույն բարբարոսության շարունակությանը, ինչ կատարվել է մեկ դար առաջ։ Մինչև աշխարհը ոտքի չկանգնի, մինչև չբռնեն դահիճի ձեռքը, և չտրվի համարժեք գնահատական՝ ոճրագործը կմնա նույնը։ Ժամանակն է, որ աշխարհը՝ բոլորով միասին, ասի՝ ո՜չ՝ մարդասպաններին։

Գրիգորի ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ, Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բժիշկ.

- Պատմությունը ցույց է տալիս, որ քանի դեռ չի ճանաչվել Ցեղասպանությունը, նման ոճրագործությունների կրկնությունն անխուսափելի է։ 1915-ի Հայոց ցեղասպանությունը կրկնվեց 1918-ին՝ Բաքվում, 1920-ին՝ Շուշիում, շղթան շարունակվեց ընդհուպ մինչև  Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Մարաղա… Եվ այն, ինչ օրերս եղավ Թալիշում, դարձյա՜լ ապացույցն է մեկ դար առաջ տեղի ունեցածի։ Ապրիլի 2-5-ը՝ Ադրբեջանի հերթական ագրեսիայի օրերին, Արցախի պաշտպանության բանակի զինվորները հրաշքներ գործեցին՝ կանխելով մի նոր ցեղասպանություն։ 

Ի՞նչ է մնում մեզ անել՝ եթե ոչ միաբանվել ու հզորանալ։ Մենք՝ Ազատամարտ տեսած սերունդս, հավատարիմ կմնանք պայքարի գաղափարին։ Այսօր մենք Հուշահամալիրում ենք ոչ լաց ու կոծի համար. մենք պահանջատեր ենք և պահանջում ենք թուրքից՝  ճանաչել իր եղեռնագործ պապերի արարքը և հատուցել։ Մե՜նք ենք տերը մեր անցյալի, ներկայի ու ապագայի, ուստի միակ ելքը հզորանալն է։ Մենք պարտավոր ենք շարժվել դեպի առաջ՝ կերտելով մեր պետականությունն ու կայուն ապագան։

 

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ