[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

Այսօր ԼՂՀ կառավարությունն ընդունեց մեքենաների մի մեծ խմբաքանակ, որն Արցախ է առաքվել Սոչիի հայկական համայնքի կողմից:

Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սոչիի հայկական համայնքի  ներկայացուցիչ Սամվել Զաքարյանը, արցախյան քառօրյա  պատերազմի լուրը  ցնցել է Սոչիի հայությանը, և կարճ ժամանակում կազմակերպվել է նման նախաձեռնություն: ՙՈւրախ եմ, որ այս ծրագրի իրականացումը վստահվել է ինձ, և ես ու մեր ընկերները  հայրենիքի համար դժվարին այս օրերին   աջակցություն ենք բերել՚,- ասաց նա:

Նշենք, որ  այս անգամ Արցախ է բերվել  ՙՈՒԱԶ՚ մակնիշի 16 մեքենա և  հատուկ նշանակության 2 տեխնիկա: Այդ բոլորը   Պաշտպանության բանակի համար է, ինչը հնարավորություն կտա  բարելավել դիրքերի  անվտանգությունը և կազմակերպել  երկրի պաշտպանությունը: Ս. Զաքարյանը տեղեկացրեց, որ   տեղի հայությունն ակտիվորեն արձագանքել է  համայնքի ղեկավարության կոչին և պատրաստակամություն հայտնել մասնակցություն բերել նմանատիպ  նախաձեռնություններին:  Նա նաև նշեց, որ  այսուհետ ևս հետևողական են լինելու և հնարավորության սահմաններում  աջակցելու են  Արցախին ամենատարբեր հարցերում: Համայնքի ներկայացուցիչների այցը նաև ճանաչողական է. կուսումնասիրվեն  խնդիրները, հանդիպումներ կլինեն համապատասխան  անձանց և կառույցների հետ, որպեսզի  որոշարկվեն հետագա  աջակցության  ուղղությունները: Ս. Զաքարյանը նշեց, որ Սոչիի հայ համայնքը պատրաստ է ոչ միայն նյութական  ու տեխնիկական  ռեսուրսների ձևով օգնություն տրամադրել, այլև մարդկային£ ՙՄենք սպասում ենք ձեր հրահանգին: Առաջին իսկ հրահանգի դեպքում  150-200 հոգի երկու օրվա մեջ  կանգնած կլինեն ձեր կողքին£ Չպետք է թույլ տանք, որ   մեկ փամփուշտ  իսկ կրակվի Արցախի ուղղությամբ՚,- ասաց նա, կոչ անելով աշխարհի   ողջ հայությանը լինել միասնական, հետևել իրենց օրինակին և տեր կանգնել  հայրենիքին` շեշտելով, որ հայի հզորությունը նրա միասնության  մեջ է: Նա  նաև    սոչիահայության  խոնարհումը փոխանցեց այս օրերին  զոհված  մեր հերոսների հարազատներին, նշելով, որ  կորուստը  բոլորինս է. վերքը դեռ երկար կմխա մեր սրտերում,  ամեն ինչ պիտի արվի  երկիրն արագ ոտքի կանգնեցնելու  համար, քանի որ նրա  համար  մեր հերոսների արյունն է հեղվել:

Սոչիի շրջանում  այսօրվա դրությամբ շուրջ 225 հազար հայ է ապրում: Այս նախաձեռնությանը մասնակցել է  Ադլերի, Լազարևսկի, Խոստայի  շրջանների հայությունը: Ինչպես  գնման կազմակերպման, այնպես էլ տեղափոխման  հարցերում  դժվարություններ, իհարկե, եղել են, բայց  դրանք հաղթահարվել են հենց  հայրենիքի շուրջ համախմբված անհատների շնորհիվ:

ԼՂՀ փոխվարչապետ  Արթուր Աղաբեկյանը, պատասխանելով լրագրողի  հարցին, որն առնչվում էր  նրա կողմից  հայտնի հայտարարությանը, թե  ռուսաստանաբնակ հայությունն  ակտիվ չէ  Արցախին աջակցելու գործում, ասաց, որ սպասում էր այդ հարցին, և կատակի տվեց. գուցե  հենց այդ մտահոգությունն է  նման  արդյունքներ տալիս: Իսկ եթե լուրջ` փոխվարչապետն  այն կարծիքին է, որ  մեր  բոլոր հայրենակիցներն, անկախ  բնակության վայրից, այսօր Արցախի կողքին են, մտահոգ  նրա ճակատագրով: ՙԲոլորիս վերջնական նպատակը հաղթանակը պիտի լինի,- ասաց նա: Արցախցին  սառնասրտությամբ ընդունեց  պատերազմի մարտահրավերը և հերոսաբար  դիմագրավեց հայության միասնականության շնորհիվ՚:

Ա. Աղաբեկյանը տեղեկացրեց, որ ԼՂՀ կառավարության  հատուկ  բացված հաշվեհամարին  փոխանցվող գումարներն  օր օրի ավելանում են. ավելի քան 6 հազար իրավաբանական և ֆիզիկական անձ  մասնակցել է այդ ծրագրին: Արցախին ուղարկված աջակցությունները նպատակային են,  փոխվարչապետի խոսքով  կառավարությունն ամեն օր բազմաթիվ զանգեր է ստանում  Արցախի կարիքների մասին տեղեկանալու  հարցով: Ա. Աղաբեկյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր այս դժարին օրերին Արցախի հետ են: Նա երախտագիտություն հայտնեց Սոչիի հայ համայնքին աջակցության համար, հավաստիացնելով, որ այս, ինչպես նաև  Արցախ եկող  մյուս նպատակային  աջակցությունները, որոնց մի մասը չի հրապարակվում, նպատակաուղղվելու են Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանը:

Սոչիի հայ համայնքի  ներկայացուցիչներին  երեկ ընդունել էր նաև վարչապետ Արայիկ Հարությունյանը:

 Սրբուհի ՎԱՆՅԱՆ