[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Ապրիլի 29-ին տեղի ունեցավ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Վիրաբյանը: 

 Օրակարգի առաջին հարցը հանրային ծառայությունների կարգավորման ոլորտից էր. վերաբերում էր ջրային համակարգին: ՙՋրամատակարարում և ջրահեռացում՚ ՓԲԸ-ն հանձնաժողով հայտ էր ներկայացրել Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր և Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքներում խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման նպատակով ջրային համակարգերի օգտագործման թույլտվություն ստանալու համար: 2009 թվականից ի վեր գործող այս ընկերությունը ԼՂՀ տարածքում (բացի Ստեփանակերտ քաղաքից) իրականացնում է 65 համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործում: Հանձնաժողովը բավարարեց ընկերության հայտը՝ նրա գործունեության իրականացման աշխարհագրական տարածքում ներառելով վերոնշյալ համայնքները:

Հաջորդ երկու հարցերը վերաբերում էին հանձնաժողովի՝ նախորդ տարիներին ընդունած որոշումներում փոփոխությունների կատարմանը: ՙՆեո՚ ՍՊԸ-ի կողմից հանձնաժողով էր ներկայացվել դիմում առ այն, որ տաքսի ծառայությունն այլևս չի գործում և, հետևաբար, չի օգտվում ռադիոկապի շարժական ցանցից, ինչի պատճառով հանձնաժողովին խնդրում է դադարեցնել իրեն տրամադրած ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության գործողությունը: 

Համապատասխան  գրությամբ հանձնաժողով էր դիմել նաև ՙԱրմինկո-ՆԿ՚ ՍՊԸ-ն՝ խնդրելով դադարեցնել իրեն տրամադրված ռադիոհաղորդումների  եթերային վերահեռարձակման լիցենզիայի գործողությունը՝ կապված ՙՋազ-ՖՄ՚ ռադիոկայանի հաղորդումները տեխնիկական պատճառներով չհեռարձակվելու հետ:

Հանձնաժողովը բավարարեց երկու դիմումներն էլ:   

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ