[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ

Մայիսյան եռատոնն այս անգամ վերարժևորում ենք պատերազմական իրադրության պայմաններում...

Սահմանային գծում ամեն օր մարտական գործողություններ են ընթանում։  Թշնամին շարունակում է արկակոծել ու ռմբակոծել մեր դիրքերը։ Արցախյան բանակի զինվոր-զորականն իր նոր հաղթանակներն է ամրագրում, նոր մարտահրավերներին դիմակայում նորովի։

Մայիսյան հաղթանակներն այս օրերին վերարժևորում ենք՝ նոր իմաստ հաղորդելով մեր պայքարին ու նրա հետագա ընթացքին։ Դժվարությունների առաջ չընկրկելու, համազգային նպատակի շուրջ միաբանվելու վճռականությունն այսօր յուրաքանչյուրիս հոգում ու սրտում նստած է ամուր ու անխոտոր։ Հայ ժողովրդի հավաքական ուժն ու կամքը դեռ նոր հաղթանակներ են կռելու ու բազմապատկելու մեր Մայիսյան հաղթանակներին՝ վերաիմաստավորելով անցած ու անցնելիք ճանապարհը։ Պատերազմական թոհուբոհի համապատկերին աշխարհի տասը միլիոն հայությունը ոչ միայն համախմբվում է իր հաղթանակների շուրջ, այլև ամեն օր կերտում է նորը, կերտում Մայիսյան հաղթանակների ոգով...ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-ամյակին նվիրված միջոցառումներն սկիզբ են առել ավելի վաղ՝ զորամասերի, հուշարձանների ու դրանց տարածքների բարեկարգմամբ, մայրաքաղաք Ստեփանակերտում և բոլոր շրջկենտրոններում տոնակատարություններին նախապատրաստությամբ։  

Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ երիտասարդական խմբեր են այցելել Ապրիլյան պատերազմում հարազատներ կորցրած ընտանիքներին։ 

Եռատոնին նվիրված՝ արդեն ավանդական դարձած շարադրությունների մրցույթի ամփոփումը, որն իրականացվում է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և Պաշտպանության բանակի համագործակցությամբ, տեղի կունենա մոտ օրերս։ 

Հանրապետության ուսումնական հաստատություններում, Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում, զորամասերին կցված ենթաշեֆ դպրոցներում անցկացված պարապմունքները ՙՄեր հաղթանակների ամիսը՚ թեմայի շրջանակներում էին։ 

Մայիսի 9-ի առավոտյան տոնականորեն զարդարված Ստեփանակերտի փողոցներով հաղթականորեն քայլող զինվորական շարասյուները հպարտություն էին սփռում շուրջբոլոր։ Հաղթանակի քայլերգերը  ապրիլյան վերջին իրադարձություններին համահունչ՝ նորովի էին արձագանքում մարդկանց սրտերում։

Ժամը 10.30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քայլերթով դեպի Հուշահամալիր է ուղևորվում ԼՂՀ  ղեկավարությունը՝ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։ Տոնակատարության մասնակիցների շարքում էին ԼՂՀ  2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՊԲ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից։ Ստեփանակերտի Հուշահամալիրում պատվիրակության անդամները, հասարակայնության ներկայացուցիչներն ու  հյուրերը թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հավերժական կրակի մոտ, ապա ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմի նահատակների շիրիմներին։

Նույն օրը նրանք այցելեցին Շուշի, ծաղկեպսակներ դրեցին քաղաքն ազատագրած առաջին Տանկ-Հուշարձանի պատվանդանին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին։ Շուշիի արվեստի կենտրոնում տոնական միջոցառումների մասնակիցները ներկա եղան լուսանկարիչ Մարտին Շահբազյանի ՙՂարաբաղի վերածնունդ՚ ֆոտոցուցահանդեսին ու ՙԱրցախ-Վերածնունդ՚ գրքի շնորհանդեսին։ Ապա Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հնչեցրեց հանրապետական մաղթանք, հետո տեղի ունեցավ մոմավառություն։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասաց.

 -Ես՝  որպես հայ, պարտավորված եմ միշտ  լինել Արցախի ժողովրդի կողքին։ Քառօրյա այս պատերազմը ցույց տվեց, որ մենք ուժեղ ենք։ Այն ևս մեկ անգամ միավորեց Մայր Հայրենիքը, Սփյուռքն ու Արցախը։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի ամրապնդվեն մեր հաղթանակները, ամեն ինչ պիտի անենք Արցախի ապագայի համար։ Երեկ մենք Արցախի կառավարության հետ քննարկել ենք կարևորագույն հարցեր, մինչ այդ էլ 24-ժամյա կապ ենք պահել Արցախի հետ։ Մեր համագործակցությունը շարունակական գործընթաց է։ Ամեն ինչ արել ենք և անելու ենք Արցախի համար։ Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ թուրքը չի կարող ոտնահարել մեր սահմանը, չի կարող Արցախի ժողովրդին պարտադրել լքել իր երկիրը։ Ու այդ ամենը հանգեցրեց մի կարևոր եզրահանգման՝ մեր ապագան մեր համախմբվածության ու միասնության մեջ է։ Միայն այդպես կարող ենք ունենալ հզոր Արցախ ու հզոր Մայր Հայրենիք։

Քառատոն ունենալու հավանականության հարցին ի պատասխան՝ ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ասաց հետևյալը.

- Նման ժողովրդի հետ ոչ թե քառատոն, այլ հնգատոն էլ կարելի է անել։ Մեր ժողովուրդը միայն դրան է արժանի։ Բանակն էլ իր ժողովրդի հետ մեկտեղ բոլոր ցանկություններն իրականություն կդարձնի։ Զիջումների մասին խոսք լինել չի կարող։  Զինվորի ոգին տեղն է, զենքը տեղն է, ամեն ինչ կա, կարող եք հանգիստ լինել։

Մեզ հետ տպավորություններով կիսվեց նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը. 

- Օրը տոնական է, շնորհավորում եմ մեր ժողովրդին Եռատոնի կապակցությամբ։ Այսօրվա սերունդը վերահաստատել է, որ ինքը շարունակողն ու կերտողն է հայ ժողովրդի հաղթանակների։ Իսկ հակառակորդի տրամադրությունը, կարծում եմ, տոնական չէ. այսօր նրանց մեծ կորուստների օրն է, և Ապրիլյան պատերազմն էլ փաստեց, որ իրենք պատերազմելով, միայն կորուստներ են կրելու։ 

Մայիսյան մշակութային միջոցառումների շարքում հարկ է առանձնացնել ֆրանսահայ լուսանկարիչ Մաքս Սվասլյանի ՙՀայրեր-որդիներ՚ լուսանկարչական ցուցահանդեսը, որը տեղի ունեցավ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում։ Լուսանկարչի մոտ 50 աշխատանքներում կողք կողքի ներկայացված են հին ու նոր պատերազմի հերոսները՝ հայրերն ու որդիները՝ խիզախության դրսևորման լուսանկարային ակնթարթներով։