[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐԴ, ՈՐ ԼԵԳԵՆԴ ԷՐ ԴԱՐՁԵԼ ԴԵՌԵՎՍ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ

Արդեն որերորդ անգամ ականատես ենք դառնում, որ Ադրբեջանն իր նպատակներին է հասնում միայն ու միայն երրորդ ուժի օգնությամբ:

Այդպես էր նաև անցյալ դարի 20-ական թվականներին, երբ Կարմիր բանակի օգնությամբ նորաստեղծ Ադրբեջանն իրեն բռնակցեց ողջ Ղարաբաղը, ինչի դեմ պայքարի ելան շատ ու շատ քաջարի հայորդիներ: Նրանցից էր դեռ կենդանության օրոք  իր խիզախությամբ ու քաջությամբ լեգենդ դարձած Թևան Ստեփանյանը, ում անունը արգելված էր կամ էլ կիրառվում էր որպես թշնամու պիտակ խորհրդային ժամանակներում:

Թևան Աղաջանի Ստեփանյանը ծնվել է 1892թ. Դիզակի (Հադրութ) շրջանի Տումի գյուղում, գյուղացու ընտանիքում: Միջնակարգն ավարտել է հարևան Տող գյուղում: Սովորել է Թիֆլիսի ռազմական դպրոցում, ավարտելուց հետո ցարական բանակում ծառայել որպես  վաշտի հրամանատար: Կարճ ժամանակում արժանացել է արծաթե մեդալի և պարգևատրվել տաս հարվածանի մաուզերով:

Թևանը կռվեց Արևմտյան, ապա` Կովկասյան ռազմաճակատում, ականատես եղավ Հայոց ցեղասպանությանը, որը շատ ծանր տարավ: Փետրվարյան հեղափոխությունից հետո Թևանը մասնակցեց ճակատայինների մեջ բռնկված հեղափոխական խռովությանը և 560 ղարաբաղցիների և շամշադինցի ճակատայինների հետ վերադարձավ հարազատ գյուղը: Վերադարձին տեսնելով թուրք-թաթարների կողմից Զաբուղի ձորում սրախողխող արված՝ ռազմաճակատից տուն վերադարձող հարյուրավոր արցախցի զինվորների դիակները, հայրենի Դիզակում բարբարոսների կողմից ավերված հայկական գյուղերը, լցվեց վրեժխնդրությամբ:

Նա սլացիկ հասակով, կրակոտ աչքերով,  անվախ ու քաջարի երիտասարդ էր,  վճռական և սկզբունքային, ինչպես նաև արդարամիտ (այդ մասին վկայակոչում են Հ. Աբրահամյանը՝ ՙԱզատագրական պայքարի նվիրյալը՚, Խ. Բաղդասարյանը՝ ՙՀանուն ճշմարտության՚ գրքերում): Ականատեսների վկայությամբ՝ Թևանը չէր հանդուրժում անտեղի սպանությունները: Նման դեպքերում նա պատժում էր անգամ իր զինվորներին. համագյուղացիները հիշում և գրի էին առել, թե ինչպես Թևանը պատժեց իր ջոկատի բալուջեցի Բախշիին, երբ իմացավ, որ նա սպանել է տումեցի անվանի ուսուցիչ, կոմունիստ Թ. Ղազարյանին: Երևի նման արդարացի վարվելակերպի դեպքերը քիչ չէին, քանզի, չնայած խորհրդային ժամանակների բոլոր կարգի իշխանությունների ջանքերին` սևացնել Թևանի կերպարը, ժողովրդի հիշողության մեջ նա մնաց որպես հայության շահերի ջատագով:

Պետք է ասել, որ Թևանը միանգամից չի դառնում բոլշևիկյան իշխանությունների հակառակորդ: 1918թ. վերադառնալով գյուղ, սկսում է աշխատել սեփական տնտեսությունում: Միաժամանակ գլխավորում էր դաշնակցական զինյալներից կազմված ջոկատը, որով պաշտպանում էր Դիզակի արևելյան գյուղերը Կարյագինոյի (Ֆիզուլի) կողմից պարբերաբար կրկնվող թուրք-թաթարների հարձակումներից: Արցախի համար դժնդակ այդ ժամանակներում, 1918-ի ամռանը Շուշիի հայ ազգային խորհուրդը որոշեց դիմադրել ինչպես հարձակվող թուրքերին, այնպես էլ տեղական ադրբեջանցիների զինված ջոկատներին:  Ռազմական  գործողությունների ղեկավարման պատասխանատուի նշանակման հարցի քննարկումներին հրավիրված էր նաև Թևանը: Ցավոք, խորհրդակցությունն այդպես էլ արդյունքի չհասավ: Թևանն իր զինակիցների հետ որոշեց ստանձնել ռազմական  գործողությունների ղեկավարությունը հարավ-արևելյան կողմում. Տողի եկեղեցում՝  հանդիսավոր ծեսից հետո` գյուղացիների ներկայությամբ, իր կրոնի ուսուցիչ Տեր-Ավետիքի օրհնությամբ, զենքով երդվեց պաշտպանել ազգի շահերը: Կազմեց 400 հետևակայիններից և 150 հեծյալներից բաղկացած ջոկատներ:

Առաջին զինված ընդհարումը թուրքական զորամասի հետ տեղի ունեցավ 1918թ. հոկտեմբերի 18-ին,  Մսմնա գյուղի մոտ: Հայկական զորքերի ընդհանուր հրամանատարն էր Արտյոմ Լալայանը, ճակատամարտի անմիջական հրամանատարը` Լալայանի օգնական, կեմրակուճցի Ասլան Մարութխանյանը: Նրա ղեկավարությամբ և վճռական պահին ռազմադաշտ հասած Թևանի հեծյալների օգնությամբ Դիզակի և Վարանդայի աշխարհազորայինները գլխովին ջախջախեցին թուրքական այն զորամասը, որը Վարանդայով պետք է անցներ Կարյագինո, որպեսզի միանար տեղի թուրք-թաթարական զորամասերի հետ (նյութի աղբյուր՝ պատմական գիտությունների դոկտոր Հրանտ Աբրահամյանի ՙԱզատագրական պայքարի նվիրյալը՚ գիրքը): Մինչև 1920թ. Թևանը պաշտպանում էր հայ բնակչությանը թուրք-թաթարների հարձակումներից:

1920 թվականին՝ Շուշիի  հայկական կոտորածից հետո, Դրոյի ղեկավարությամբ ՀՀ զինված ուժերը մտնում ու ազատագրում են Արցախը, Թևան Ստեփանյանն էլ նշանակվում է Դիզակի հրամանատար:

Ապրիլի 28-ին Ադրբեջանը խորհրդայնացվում է, որից հետո տարածաշրջան, այդ թվում՝ Արցախ են ներխուժում 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, որոնց միանում են Ղարաբաղում գտնվող մի քանի հազարի հասնող մուսավաթական ասկյարները և իրագործում անասելի բռնություններ: Թվում էր, բոլշևիկների բանակը դարձել էր Ադրբեջանի ազգայնամոլներին ենթակա պատժիչ ջոկատ, որի նպատակն էր Արցախն ու Զանգեզուրը բռնակցել Ադրբեջանին (չի՞ հիշեցնում արդյոք ՙԿոլցո՚ ռազմագործողությունը):  Սկսվում է ձերբակալությունների, տեռորի, քաղաքական հետապնդումների փուլը: Կալանավորված, ապա բանտից փախած Թևանին հաջողվում է, հիրավի, ժողովրդական ապստամբություն բարձրացնել, որը հետագայում բոլշևիկյան պատմագիրներն անվանեցին ՙԹևանական ավանտյուրա՚, ապստամբներին` թևանիստներ: 1920 թվականի նոյեմբերին Թևանը մեկնեց Զանգեզուր, հանդիպեց Նժդեհին, որի ծրագրերում նաև Արցախի ազատագրումն էր, ինչին մեծապես կարող էր օժանդակել Թևանը: Վերադառնալով Արցախ` շնորհիվ Նժդեհի տված դրամական օգնության, Թևանը հայթայթեց բավարար քանակությամբ զինամթերք և զինուժը հասցրեց 800-ի, ապա` 1800-ի, ինչի շնորհիվ ազատագրեց Խծաբերդ, Մեծ Թաղեր, Դրախտիկ, Սուզ, Սարին շեն, Քեշիշքենդ, Ճարտար ու էլի շատ գյուղեր, մի քանի օրից` նաև ներկայիս Ստեփանակերտը՝ Շուշին կտրելով Աղդամից: Խորհրդային զորամասերը, տալով բազմաթիվ զոհեր, թողնելով մեծաքանակ ռազմամթերք, պարեն, փախան Ջեբրայիլի կողմերը: Այսպիսով` ազատագրելով Դիզակն ու Վարանդան, նաև այլ շրջանների որոշ գյուղեր, Թևանն Արցախը հայտարարեց Հայաստանի անբաժանելի մաս:

1921թ. գարնանը բոլշևիկներն  արդեն խորհրդայնացրել էին Վրաստանը, ճնշել Հայաստանում փետրվարյան ապստամբությունը և մեծ ուժեր ուղարկել Արցախ: Թևանի սակավաթիվ զորքը պարզապես անկարող էր դիմադրել թվով անհամեմատ գերազանցող հակառակորդին: Զանգեզուրից նոր օգնություն ակնկալել նույնպես չէր կարելի, քանի որ մի կործանիչ ալիք էլ գալիս էր Երևանից: Բոլշևիկները շրջափակման մեջ էին առել Արցախը, փակել Պարսկաստանի սահման տանող բոլոր ճանապարհները, ուժեղ հսկողության տակ առել Լաչինով ու Կուբաթլուով Զանգեզուր տանող ուղիները: Անհավասար մարտերում արցախցիները նահանջեցին: 1921 թ. ապրիլի 18-ին Թևանը 700 զինակիցների հետ կատաղի մարտերով հասավ սյունեցիների կողմից բացված Զաբուղի միջանցքը և անցավ Լեռնահայաստան, ավելի ուշ` Պարսկաստան:

Հետագայում մի քանի անգամ անցավ Արաքսը և կնոջն ու դստերը տանելու նպատակով հասավ Արցախ, եղավ հայրենի գյուղում, նաև Ստեփանակերտում, ուր տեղափոխվել էր ընտանիքը: Հարազատներին արտերկիր փախցնելու ծրագիրը ձախողվեց, բայց իր հանդեպ մատնության, հետապնդումների, իր կողմից մատնիչին պատժելու, սարերում թաքնվելու, ծածուկ գործելու մասին առասպել դարձած պատմությունները շրջանառվում էին ժողովրդի մեջ:

1941թ. աշնանը ՊԱԿ-ի և Ադրբեջանի իշխանությունների կողմից որոշվեց Իրանում ձերբակալել Թևանին` մտահոգված էին, որ նա կվերադառնա և հակախորհրդային գործունեություն կծավալի: Հանձնարարությունը պետք է իրագործվեր հայերի ձեռքով` Իրանում խորհրդային հետախուզության աշխատակից Էդուարդ Մարտիրոսովի պատասխանատվությամբ:

Ինչ-ինչ հնարքներով ձերբակալում են Թևանին ու գնացքով բերում Բաքու, երկու ժամը մեկ էլ՝ ստուգում բեռնատար վագոնի ուղևորին (հաշվի առնելով, որ նա հաջողացրել էր ամեն անգամ փախչել խուզարկումից): Հերթական կանգառի ժամանակ բացում են դուռն ու խցիկը դատարկ տեսնում: Պարզվում է, ոտքերն ու ձեռքերը կապված վիճակում անգամ Թևանը ելքը գտել էր. ատամներով պոկել էր հատակի կիսաջարդ տախտակներն ու իրեն նետել գնացքից: Հետ դառնալով` նախ արյան թարմ հետքեր գտան, ապա` գնացքի գծերից 25 մետր հեռու` անգիտակից Թևանին: Ինչ է լինում հետո, մինչ օրս պարզ չէ: Որոշ տվյալներով, նրան գնդակահարել են, ոմանք պնդում են Սիբիր աքսորվելու, մյուսները` իբր բոլշևիկների կողմն անցնելու և որպես հետախույզ աշխատելու, ուրիշներն էլ` դարձյալ փախչելու մասին: Տեսակետ կա, որ Թևանին առհասարակ չեն բռնել, և այս պատմությունը հորինվել է իրենց երբեմնի հրամանատարին սպասող թևանիստների (այսպես էին Արցախում կոչում հակախորհրդային տարրերին) հույսերը մարելու համար: Հայաստանում գտնվող արխիվային սակավ փաստաթղթերում նշվում է միայն գնդակահարության մասին: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տեղեկանքով` Թևան Ստեփանյանի քրեական գործի պահման մասին տեղեկություններ չկան: Նշված է միայն, որ գնդակահարության մասին դատավճիռը կայացվել է 1942-ի սեպտեմբերի 16-ին, այն էլ` ՌԴԽՍՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ինչը, որոշ մասնագետների կարծիքով՝ խոսում է Թևանին Ռուսաստան տեղափոխելու վարկածի օգտին: Դատավճիռն իրականացնելու մասին ոչինչ չկար:

Տեղեկացնենք, որ 2011թ. Տումի գյուղում կանգնեցվել է Թևան Ստեփանյանի կիսանդրին, գրեթե երկու տարի է, ինչ Թևանի պապենական տունը վերանորոգվել և գործում է որպես նրա տուն-թանգարան: Կարծես թե ժամնակն է, որ Ստեփանակերտը ևս արձագանքի տումեցիների նման նախաձեռնությանը և որևէ փողոց  անվանակոչի Թևան Ստեփանյանի անունով:

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ