[ARM]     [RUS]     [ENG]

Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով սպանվել է մոտ 200 մարդ, ձերբակալվածների թիվը 1500-ից ավելի է

Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով սպանվել է մոտ 200 մարդ. թուրք պաշտոնյա

 Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ումիթ Դունդարը հայտնել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով սպանվել է մոտ 200 մարդ, հայտնում է Associated Press-ը:

 

Գլխավոր շտաբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 190 մարդ՝ 41 ոստիկան, 2 զինվոր, 47 քաղաքացիական անձ, 104 մարդ հեղաշրջման աջակիցների կողմից՝ այսպես կոչված «դավադիրներ»:

 

«Հեղաշրջման փորձը տապալվել է»,- իր ելույթում հայտարարել է գեներալ Դունդարը: Նրա խոսքով՝ 1563 զինվորական, ով մասնակցել է հեղաշրջմանը, ձերբակալվել է:

 

---

Թուրքիայում լույս հուլիսի 16-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձը շարունակում է մնալ համաշխարհային բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

 

Գիշերը թուրք զինվորականները հայտարարել էին, որ տապալել են երկրի իշխանությունները՝ սահմանադրական կարգուկանոնը և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը վերականգնելու համար:

 

Փակվել էր Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը, աշխատանքը դադարեցրել էր պետական հեռուստատեսությունը: Ողջ երկրով մեկ պարետային ժամ էր հայտարարվել: 

 

Չնայած զինվորականները հայտարարում էին իշխանությունը վերցնելու մասին, երկրի փոխվարչապետը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք շարունակում են մնալ իշխանության գլխին:

 

Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել հեղաշրջման փորձ և որ Թուրքիայի օդային ողջ տարածքը, առանց իրենց թույլտվության, փակվել է թռչող ինքնաթիռների համար:

 

Չնայած դրան՝ միջազգային լրատվամիջոցները հայտարարեցին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն ապաստան է փնտրում: Տեղեկություններ եղան անգամ այն մասին, որ Գերմանիան հրաժարվել է ապաստան տրամադրել Էրդողանին, պնդում եղավ, որ նա արդեն Լոնդոնի ճանապարհին է:

 

Դրանից ժամեր անց Էրդողանը Ստամբուլի օդանավակայանում մամուլի ասուլիսով հանդես եկավ՝ նշելով, որ որևէ տեղ մեկնելու մտադրություն չունի և մնալու է երկրում՝ ժողովրդի կողքին:

 

Գիշերվա ընթացքում բախումները Թուրքիայում շարունակվում էին ինչպես օդում, այնպես էլ ցամաքում: Երկրի տարբեր վայրերում պայթյունների ձայներ էին լսվում, Ստամբուլի երկու մասերը միմյանց միացնող կամուրջի վրա զինվորականները տանկեր ու տեխնիկա էին կուտակել: Այնտեղ էին նաև ոստիկանական ուժերը, և զինվորականներն ի վերջո ստիպված եղան հանձնվել:

 

Ավելի ուշ հայտնի դարձավ զոհերի ու ձերբակալվածների թիվը: Ըստ պաշտոնական լրատվության՝ գիշերվա ընթացքում Թուրքիայում զոհվել է 60 մարդ: Եղել են նաև ձերբակալություններ, պաշտոնանկություններ. ձերբակալվեց հեղաշրջման փորձի 754 մասնակից:

 

Երկրի Զու Գլխավոր շտաբի պետից երկար ժամանակ որևէ տեղեկություն չկար. այդ մասին հայտարարել էին թե՛ Բինալի Յըլդըրըմը, թե՛ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա պաշտոնակատար նշանակվեց Ումիթ Դունդարը:

 

Այժմ արդեն հայտնի դարձավ, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, ով պատանդ էր վերցվել հեղաշրջման փորձի մեկնարկի ժամանակ, հատուկ գործողության արդյունքում ազատ է արձակվել:

 

Նրա առողջական վիճակը լավ է: Ակնկալվում է, որ նա կգլխավորի հեղաշրջման փորձի դեմ իրականացվող գործողությունը: