[ARM]     [RUS]     [ENG]

Tert.am: Ոստիկանությունը հորդորում է երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի. հայտարարություն

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հուլիսի 17-ի առավոտից Խորենացի փողոցում իրականացվում է հակաահաբեկչական օպերացիա և հավաքների մասնակիցներին հորդորում է երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի։

Հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ. 
«Այսօր Երևանի Ազատության հրապարակում հավաքված մի խումբ անձինք հայտարարել են, որ երթով շարժվելու են դեպի Խորենացի փողոցի այն հատվածը, որը շարունակում է արգելափակված մնալ հուլիսի 17-ի առավոտյան ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի վրա կատարված զինված հարձակման և այդտեղ պատանդներ պահելու հետևանքով: 
Միաժամանակ, հավաքի մասնակիցները փորձում են վերջնագրեր ներկայացնել ոստիկանությանը և իրավապահ այլ մարմիններին՝ նրանցից պահանջելով կատարել կոնկրետ գործողություններ կամ ձեռնպահ մնալ օրենքով իրենց վերապահված լիազորություններն իրականացելուց: 
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հուլիսի 17-ի առավոտից Խորենացի փողոցում իրավասու պետական մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվում է հակաահաբեկչական օպերացիա: 
Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևան քաղաքի այդ հատվածում քաղաքացիական բնակչության և տրանսպորտի ազատ տեղաշարժը սահմանափակված է և մնալու է այդպիսին, քանի դեռ ստեղծված իրադրությունով պայմանավորված՝ իրավասու մարմինների կողմից այլ որոշում չի կայացվել: 
Ոստիկանությունը հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ արկածախնդրությունից, երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի և իրավապահ մարմինների համար չստեղծել լրացուցիչ դժվարություններ: 
Միաժամանակ ոստիկանությունը զգուշացնում է, որ այս հորդորներին և նախազգուշացումներին չենթարկվելու, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնող իրավապահ մարմինների գործունեությունը որևէ կերպ խոչընդոտելու դեպքերում իրավախախտների նկատմամբ կիրառվելու են օրենսդրությամբ նախատեսված համարժեք միջոցներ»: