[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԵՆ

Մեր հասարակության միջին և ավագ սերնդի ներկայացուցիչները երանությամբ են հիշում և պատմում նախկինում կինոթատրոններում կազմակերպվող կինոցուցադրումների մասին, որոնց մի առանձին ոգևորությամբ էին ներկայանում մեծ ու փոքր:

Այն տարբեր առումներով բավականին մեծ դերակատարություն ուներ: Բարի ավանդույթ էր, որը, դժբախտաբար, ժամանակի ընթացքում վերացավ: Այսօր մի առանձին սիրով է հիշվում ցուցադրված ֆիլմերի ու լեփ-լեցուն դահլիճների մասին, ինչը մի տեսակ անհասկանալի է նորօրյա սերնդին: 

Տարբեր միջոցառումներ, հանդիպումներ, քննարկումներ են կազմակերպվում շրջկենտրոնում, որոնք հասարակության շրջանում դրական արձագանք են ստացել: Տարեսկզբից գործող՝ Մարտունու քաղաքապետին կից երիտխորհուրդն այդ ամենի նախաձեռնողն ու կյանքի կոչողն է: Վերջին շրջանում իրագործված հետաքրքիր նախաձեռնություններից ու ծրագրերից մեկն էլ Մարտունու մշակույթի պալատում յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվող կինոնկարների ցուցադրումն է, և նշեմ, որ ցուցադրումից ցուցադրում ավելանում է հաճախողների թիվը: Կինոն ինքնին շատ կարևոր և լայն հետաքրքրություն վայելող արվեստի ճյուղ է, և մերօրյա կյանքն առանց դրա, համաձայնվեք,  հնարավոր չէ պատկերացնել: 

Մտահղացման, կազմակերպական աշխատանքների և այլնի շուրջ ավելի իրազեկ լինելու համար որոշեցինք զրուցել նախաձեռնող խմբի անդամների հետ: Մեր հարցերին պատասխանում է Գևորգ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով նաև շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ է: - Գևորգ, ինչպե՞ս առաջացավ ֆիլմերի ցուցադրման մտահղացումը: 

- Ինչպես գիտեք՝ մենք որոշակի պարբերականությամբ հանդիպումներ ենք ունենում շրջկենտրոնի բարձր դասարանների աշակերտների և երիտասարդների հետ: Այդ հանդիպումների ընթացքում տարբեր հարցեր ենք քննարկում ու հենց այդ քննարկումներից մեկի ժամանակ ծնվեց կինոների ցուցադրումների մտահղացումը, որը հավանության արժանացավ առաջին հերթին քաղաքապետ Մհեր Խաչատրյանի կողմից: Մեր խորհրդի անդամները ևս ոգևորությամբ ընդունեցին առաջարկը և սկսեցինք մտածել այն իրականացնելու ուղղությամբ:

 - Հասկանալի է, որ դա նյութական և տեխնիկական որոշակի միջոցներ է պահանջում, ինչը կարևոր պայման է ծրագիրն իրականացնելու համար: Ինչպե՞ս եք լուծում այդ խնդիրը:

- Ցուցադրումներին անհրաժեշտ տեխնիկական միջոցներ մեզ է տրամադրել ՀՀ  Աժ պատգամավոր, սիրված երգչուհի Շուշան Պետրոսյաննը, որի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նրան: Ու նշեմ նաև, որ Շ. Պետրոսյանը խոստացել է առաջիկայում ևս աջակցել տեխնիկական ավելի հագեցած և ժամանակակից միջոցներ ձեռք բերելու հարցում: Մեր կողքին մենք միշտ ունենք մեր քաղաքապետի անմիջական աջակցությունը: Գումարենք նաև, որ տոմսերով են դիտումները, տոմսի արժեքը 200 դրամ է, կարելի է ասել՝ սիմվոլիկ գումար, որը կարևոր հարցեր է լուծում, օրինակ՝ կարողանում ենք մարել սպասարկման և կազմակերպական որոշ ծախսեր:

 -Ինչպե՞ս է կատարվում ֆիլմերի ընտրությունը: Քանի՞ ֆիլմ եք ցուցադրել առ այսօր: 

- Մեր աշխատանքը թիմային բնույթ ունի, որտեղ կարևոր է յուրաքանչյուրի մոտեցումն ու ներդրումը: Միասին ծրագրում, քննարկում, աշխատում ենք: Հուլիսի 16-ին կցուցադրենք թվով 6-րդ ֆիլմը: Ասեմ, որ մեզանից ոչ մեկը կապ չունի կինոյի հետ, ի նկատի ունեմ կրթությունն ու մասնագիտությունը, պարզապես փորձում ենք հնարավորինս ճաշակով և հետաքրքիր ֆիլմեր ցուցադրել:

 Սրանք մի քանի նպատակ են հետապնդում. նախ՝ ճաշակ են ձևավորում, հետո՝ ճանաչողական նշանակություն ունեն: Կինոն մտահորիզոն ընդլայնելու և զարգացնելու, հասունացնելու բավականին մեծ հնարավորություն ունի, ու դա էլ օգտագործում ենք: Ցավոք մեր նոր սերունդը շատ քիչ բան գիտի հայ և համաշխարհային ճանաչում ունեցող դերասանների, նրանց կողմից խաղացած դերերի և այլնի մասին: Մեր ցուցադրումները շատ թե քիչ կնպաստեն դրան: Առաջին կինոդիտումը կազմակերպվեց ապրիլյան մարտական գործողություններից քիչ անց՝ ՙՀին օրերի երգն՚ էր, ու պատահական չէր  ընտրությունը: Ժամանակները փոխվում են, բայց մարդկային ողբերգությունն իր խորությամբ շարունակում է ապրել մեր կյանքում: Հայրենասիրության, պարզապես մարդկային կյանքի, հայ ժողովրդի ճակատագրի ու տառապանքների մասին մի դրվագ է, որ խորթ չէ մեր օրվան: Այն յուրովի հիշեցում և պարտավորեցում է անհատի ցավն ու ողբերգությունը որպես ազգային զգալու ու դրանով իսկ հայի ոգին բարձր պահելու և պատմությունը հարատևելու համար: Շարունակություն հանդիսացող յուրաքանչյուր ցուցադրում նմանատիպ մի նպատակ է հետապնդում, ու զգացվում է ազդեցությունը: Համոզված եմ, որ դրանք անհետևանք չեն մնում: Առաջիկայում կցուցադրենք ՙԵս եմ՚ ֆիլմը, որին կհրավիրենք շրջանի տարածքում տեղակայված զորամասերի զինծառայողներին։ Բնական է, որ նրանց համար մուտքն անվճար կլինի: Յուրաքանչյուր ֆիլմի դիտումից հետո Խորհրդի անդամներով քննարկում ենք, լսում ներկայացողների կարծիքներն ու հերթական ցուցադրմանն անպայման հաշվի առնում լսարանի նախասիրությունը: 

- Քանի՞ հոգի է ֆիլմերի դիտումներին մասնակցել: Ի՞նչ տարիքի են նրանք: 

- Հիմնականում բարձր դասարանի աշակերտներ ու երիտասարդներ են: Բայց գնալով նկատելի են նաև միջին և ավագ տարիքի անձինք, ինչը ևս մեզ ուրախացնում է: Կարևորը, որ մասնակիցների թվաքանակը գնալով աճում է, ինչը վկայում է նախաձեռնության կարևորության մասին: Մենք ընթացքում բնական է, որ թերություններ ենք ունենում, բայց, դե, ներկայացողները կարծում ենք ըմբռնումով են մոտենում։ Ժամանակի ընթացքում դրանք կկարգավորվեն: Առաջին կինոդիտմանը ներկա էր մոտ 50 հոգի, հաջորդին արդեն՝ 70 հոգի, ու այսպես ավելանալով շարունակվում է: Մեզ համար կարևոր է ոչ միայն մասնակցությունն, այլև մասնակիցների տպավորությունները: 

- Որքանո՞վ եք կարևորում կինոցուցադրումների կազմակերպումը: 

-Այսօր վիրտուալ հարաբերությունների ժամանակաշրջան ենք ապրում, ու մարդկային կենդանի շփումը կամա՛ց-կամաց տեղի է տալիս վիրտուալ շփմանը: Սա ցավալի փաստ է: Մենք այսկերպ փորձում ենք կտրել մեր երիտասարդներին համացանցից և իրական, կենդանի շփմանը նպաստել: Ֆիլմերի ցուցադրությունները հնարավորություն կտան նոր ծանոթություններ ստեղծել, ծանոթների համար՝ շփվել ու հաճելի ժամանց ունենալ: Ուրախությամբ ուզում են իրազեկել, որ ՙՇարմ՚ ընկերությունը խոստացել է իր կողմից նկարահանված նոր ֆիլմերն ուղարկել նաև մեզ: Այնպես որ մեր կինոսիրողներին սպասվում են նաև նոր ֆիլմերի պրեմիերաներ:

 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ