[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Ընթացիկ ամառային զորակոչի, զորացրման և հարակից հարցերի շուրջ մեր թղթակիցը օրերս զրուցել է Պաշտպանության բանակի կազմզորահավաքային բաժնի պետ, գնդապետ Գրիգորի ԳԱՍՊԱՐՅԱՆԻ  հետ։

- Պարոն գնդապետ, սկսված է ամառային զորակոչը։ Այն դիտարկելով որպես համաբանակային կարևորության իրադարձություն՝ խոսենք նախապատրաստության, ընթացքի և վերջնափուլի մասին։

- Հարցն այն է, որ զորակոչի նախապատրաստական աշխատանքներն իրականացրել ենք ոչ թե  նախօրյակին, այլ սկսել ենք դեռևս աշնանային¬ ձմեռային զորակոչ-զորացրումից անմիջապես հետո։ Ինչ են իրենց մեջ ներառում նախապատրաստական աշխատանքները. առաջին հերթին, հայտ ենք ներկայացնում վերադաս շտաբ՝ նորակոչիկներով ու մասնագետներով համալրելու։ Նորակոչիկների նախապատրաստական գումարտակում սերժանտական կազմի զորացրվելուց հետո կատարվել են ընտրություններ առավել գրագետ և պատրաստ սերժանտներից, ովքեր ունեն մարտական հերթապահության իրականացման փորձ։ Պլանով նախատեսված քանակությունները մատակարարվում են Պաշտպանության բանակին, իսկ ժամանակացույցով հաստատված քանակակազմերն էլ արդեն զորացրել ենք։ Զորակոչից խուսափողներ չկան։ Կան մասնակի դեպքեր, երբ, ասենք, տարիներ առաջ տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն կամ այլ երկիր և, տարբեր հանգամանքներից ելնելով, չեն կարողացել գալ ծառայության։ Կուզեք անվանել  խուսափում, դասալքություն թե ֆինանսական միջոցների բացակայություն՝ սա արդեն այլ խնդիր է, այլ հարթությունում դիտվող ու դիտարկվող։

Կա մեդալի մյուս կողմը. տարիներ ի վեր մարմնական թերություններ ունեցող, թույլ, ոչ լիարժեք կարողություններով օժտված տղաները դիմում են զինկոմիսարիատներ՝ ծառայության մեկնելու, սակայն, ցավոք, չենք կարողանում  բավարարել նրանց ցանկությունը։ Եթե բժշկական հանձնաժողովը որոշում է կայացրել նրանց ոչ պիտանիության մասին, ապա ոչ մի հրամանատար, ոչ մի զինկոմ այդ ռիսկին չի գնա։ Ծառայությունն ունի իր առանձնահատկություններն ու բարդությունները, և մեզ անհրաժեշտ են բացառապես առողջ ժամկետայիններ։

- Նորակոչիկների առաջին շփումները Ձեզ հետ են ու Ձեր գլխավորած բաժնի զինծառայողների հետ։ Ի՞նչ են հուշում այդ շփումները։ Ինչպե՞ս է նրանց տրամադրությունը։ Ի վերջո, ապրիլյան իրադարձությունները շատ բան են փոխել մեր մտածելակերպի մեջ։

- Ամեն առավոտ  մեկնում ենք հավաքակայան, որտեղ ամեն օր հարյուրից ավելի նորակոչիկներ են ընդունվում ու ճանապարհվում զորամասեր։ Պիտի տեսնեիք, թե նրանց հետ շփումից ինչ դրական լիցքեր ենք ստանում։ Մեկին չես գտնի գլուխը կախ, բարձր տրամադրությամբ են, փայլող աչքերով, հպարտ՝ որ ծառայելու են Հայոց բանակում, հպարտ՝ որ փոխարինելու են ապրիլյան պատերազմում հաղթանակ կերտած և իրենց անունը փառավորած երկտարեցի զինվորներին։ Խոստովանենք, մենք այնքան էլ վստահ չէինք, որ 18-20 տարեկան զինվորը կարող էր նման փորձության դիմակայել, բայց  դիմակայեցին, և ես չեմ կարողանում առանց հուզմունքի հիշել, թե ինչպես ապրիլի 6-ին, խորհրդակցության ժամանակ, երբ ի մի էր բերվում առաջնագծում կատարվածը, իմ աշխատանքային տետրի մեջ ես կատարեցի հետևյալ գրառումը. ՙՈվ մեկ անգամ հանդգնի ասել, թե ՊԲ  զինվորների բարոյահոգեբանական վիճակը կայուն չէ, կմեղանչի արդարության առջև։ Այս կարճ, բայց ահավոր կռվում դասալքության ոչ մի դեպք չի եղել։ Շարքային զինվորը ձեռքի հակատանկային նռնականետից ՄԻԳ-24 է խփել, իսկ մեկ այլ զինվոր՝ 4 տանկ և 1 ՀՄՄ։ Նման դեպքերի մենք արկածային ֆիլմերում ենք ականատես լինում։ Դառնանք նրանց փոխարինելու եկող նորակոչիկներին. ամեն առավոտ հավաքակայանում մոտենալով նրանց, երբ հարցնում եմ տրամադրությունները, ոգևորության ալիք է անցնում շարքերով։ Հաճախակի են դեպքերը, երբ մոտենում են և խնդրում ծառայել հետախուզական ստորաբաժանումներում։ Հետախուզական գումարտակում և պատվո-պահակային վաշտում ծառայելու պահանջները մի քիչ այլ են։ Երբ, ծառայության առանձնահատկությունների պատճառով մերժում են ստանում, պիտի տեսնեիք նրանց դեմքին գծագրվող հիասթափության արտահայտությունը։ Միանշանակ կարող ենք ասել, որ զորակոչվում են միանգամայն պատրաստակամ երիտասարդներ, ովքեր քաջ գիտակցում են, թե ուր են եկել, և ինչ է սպասվում նրանց երկու տարվա ընթացքում։ Նրանց հետ լավ աշխատելու դեպքում (ինչը կասկածի ենթակա չէ) հրաշալի զինվորներ են դառնալու՝ տղամարդու կայացման լավագույն հնոց-դարբնոցում։ Վիճակահանությամբ տեղաբաշխումը, որ առաջին անգամ կիրառվել է, Պաշտպանության բանակում, ի չիք է դարձրել մի շարք խնդիրներ՝ մեզ ապահովագրելով բազմաթիվ գլխացավանքներից ու ավելորդ, հաճախ անարդարացի մեղադրանքներից։ Զինվորն իր ձեռքով ընտրում է իր ծառայության վայրը, և բացառված է որ որևէ  մեկը դուրս մնա վիճակահանությունից, սա ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։

- Այս զորակոչի ընթացքո՞ւմ էլ արտասահմանից կամավոր ծառայելու հայտեր կան։

- Նման դեպքեր միշտ կան։ Այս զորակոչն էլ բացառություն չէ. գալիս են հիմնականում Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից, այս տարի Լիբանանից էլ կամավոր դիմումատու ունենք։ Փորձը ցույց է տալիս, որ նրանք լավ ծառայողներ են դառնում, խելոք, դաստիարակված։ Իսկ ավելի սպառիչ պատասխաններ նրանց մասին կարող եք ստանալ զորամասերի հոգեբաններից ու ԱՀՏԱ գծով տեղակալներից, որոնք լավ տեղյակ են կամավորների՝ մեզ մոտ ծառայելու դրդապատճառներից։ Չենք կարող ժխտել, որ ապրիլյան դեպքերն էլ նրանց համար դրական ազդակ հանդիսացան, և կասկած չկա, որ նրանք ձգտելու են գերազանցել նախորդներին։

- Զորակոչին զուգահեռ իրականացվող զորացրման գործընթացն էլ պակաս կարևոր չէ. այդ առումով Ձեր դիտարկումները։

- Բանակի հրամանատարի ցուցումով զորամասերից ներկայացրել են այն ժամկետային զինծառայողների ցուցակը, ովքեր ապրիլյան մարտական գործողություններում ցուցաբերել են առավել քաջություն ու խիզախություն։ Ստացել ենք բավականին մեծ մի ցուցակ, ըստ որի՝ բազմաթիվ ժամկետայիններ պարգևատրվել են ՀՀ և ԼՂՀ գերատեսչական մեդալներով ու պետական պարգևներով։ Արդարացիորեն առաջին հերթին պահեստազոր են արձակվել նրանք, և կասկած չի կարող լինել, որ նրանք կհամալրեն այն զինապարտների շարքը, ովքեր վտանգի ժամին առաջինն են շտապում զինկոմիսարիատ՝ առաջնագիծ մեկնելու համար։

Դառնալով նորակոչիկներին՝ ասենք, որ նրանք ընդունվում և տեղաբաշխվում են հավուր պատշաճի,   հանդիսավոր պայմաններում՝ այն վստահությամբ, որ արժանապատվորեն կրեն ՙՀայ զինվոր՚  պատվանունը։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ