Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Այն միտքը, որ ինչ-որ մեկը մեզ երկուսիս լսում է, 

ինձ կատաղության է բերում: 

Առանց քաղաքական ազատության կարելի է ապրել, 

առանց ընտանեկան անձեռնմխելիության՝ հնարավոր չէ…

 Պուշկինի՝ կնոջը գրած նամակից

Գիտության և տեխնիկայի ներկա առաջընթացի պայմաններում ստեղծվել են այնպիսի միջոցներ և հարմարանքներ (հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, գաղտնասարքերի, թաքնված տեսախցիկների տեղադրում և այլն), որոնք հնարավորություն են տալիս խառնվել, միջամտել անհատի մասնավոր կյանքին: Տեղեկատվական բնագավառում անձնական տվյալների լայնորեն օգտագործումը մի կողմից հնարավորություն է ստեղծում արդյունավետ սոցիալական կառավարում իրականացնել, մյուս կողմից՝ այն նոր հիմնախնդիրներ է առաջացնում՝ տեղիք տալով անհարկի միջամտության անհատի մասնավոր կյանքին:   

Այս հրատապ հարցի վերաբերյալ զարգացած պետություններն այնպիսի ուղի են որդեգրել, որպեսզի նոր տեխնոլոգիաներ ստեղծելու գործընթացում իրենց երկրների քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն օրենսդրությամբ հուսալիորեն պաշտպանված լինեն:

Միջազգային փաստաթղթերում օգտագործվող ՙմասնավոր կյանք՚, ՙընտանեկան կյանք՚, ՙանձնական կյանք՚ եզրույթները սովորաբար օգտագործվում են որպես հոմանիշներ: Սակայն իր բովանդակությամբ  մասնավոր կյանքն ավելի լայն հասկացություն է, քան վերջին երկուսը: Սկզբունքորեն դրանք կարելի է համարել որպես մասնավոր կյանքի բաղկացուցիչներ:

Մասնավոր կյանքը, որպես որոշակի իրողություն, ընդգրկում է անձնական և ընտանեկան կյանքի, ազգակցական, ընկերական կապերի, տնային ապրելաձևի, ինտիմ և ուրիշ անձնական հարաբերությունների, մտերմության, համակրությունների և հակակրությունների ամբողջ ոլորտը, մարդու մտքերի նկարագիրը, նրա վարքագծի պահելաձևը, աշխարհայացքը, ստեղծագործությունը, տարվածությունը և այլն:

Ընդհանուր առմամբ, մասնավոր կյանքն այն ֆիզիկական և հոգևոր բնագավառն է, որը հենց անհատի կողմից է վերահսկվում, այսինքն՝ պետության և հասարակության վերահսկողությունից դուրս է գտնվում և անձեռնմխելի է շրջապատի համար: Փաստորեն, այդ ոլորտում անհատն ինքն է որոշում իր վարքագիծը, իր գործողությունների ձևերը և շրջանակները:        

Մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավական ինստիտուտը սերտորեն առնչվում է բնակարանի անձեռնմխելիության, դավանանքի ազատության, պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության ինստիտուտների հետ: Դժվար է ասել՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության ինստիտուտը ե՞րբ է ծագել, սակայն փաստերը հուշում են, որ դրա արմատները հասնում են խորը հնադար՝ մարդկային հասարակության զարգացման տարբեր փուլերում ունենալով  յուրահատուկ դրսևորումներ:

Մասնավոր կյանքի անձեռնմխելիությանն ուղղված նորմերը հիմնականում արտացոլված են միջազգային փաստաթղթերում, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում ու Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայում:

Մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության ու դրա պաշտպանության միջազգային իրավական համակարգի իրացումը կախված է կոնկրետ պետությունից և, այդ առումով, յուրաքանչյուր պետություն իր օրենսդրության մեջ ինքն է որոշում միջազգային հանրության կողմից ճանաչված մարդու իրավունքների և ազատությունների շրջանակը և  ծավալը:

Արցախի Սահմանադրությունը, չնայած ՙմասնավոր կյանք՚ եզրույթը չի օգտագործում, բայց հենվելով միջազգային փաստաթղթերի վրա` բովանդակում է մի շարք նորմեր մարդու մասնավոր կյանքի ապահովման վերաբերյալ: Համաձայն Սահմանադրության 23-րդ հոդվածի՝ ՙՅուրաքանչյուր ոք ունի անձնական ու ընտանեկան կյանքի հարգման իրավունք: Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ կարող են հավաքվել, օգտագործվել կամ տարածվել միայն օրենքով նախատեսված տեղեկություններ: Արգելվում է անձի վերաբերյալ տեղեկությունների օգտագործումը և տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալ իր վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում առկա տեղեկություններին և պահանջել դրանց ճշգրտում կամ վերացում` օրենքով նախատեսված դեպքերում: Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով` դատարանի որոշմամբ՚: Սահմանադրության այս հնգանդամ նորմում մասնավոր կյանքի անձեռնմխելիության հռչակումը դեռևս բավարար չէ. անհրաժեշտ է դրա երաշխավորվածությունը և պաշտպանությունը:

Իրավունքների երաշխիքների տակ նկատի է առնվում միջազգային իրավական ակտերում, երկրի Սահմանադրությունում և օրենքներում ամրագրված՝ մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների իրացման կառուցակարգերը և դրանց պաշտպանությունը:

Ներպետական երաշխիքների հիմքն Արցախի Սահմանադրությունն ու գործող օրենսդրությունն են: Այդ առումով, մասնավոր կյանքի անձեռնմխելիության պաշտպանությանն ուղղված կառուցակարգերը կարելի է բաժանել 2 խմբի՝ պաշտպանության պետական և ոչ պետական ձևեր:

Պաշտպանության պետական ձևերից ամենահիմնականը դատական պաշտպանությունն է, որը նախատեսված է ինչպես միջազգային փաստաթղթերում, այնպես էլ մեր երկրի Սահմանադրությամբ: Այսպես, Սահմանադրությունը հռչակում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք: Միևնույն ժամանակ, Սահմանադրությունը յուրաքանչյուրին վերապահում է հավասարության պայմաններում, արդարադատության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Մասնավոր կյանքի անձեռնմխելիության դատական պաշտպանության իրավունքն անձը կարող է իրացնել քաղաքացիական, վարչական և քրեական դատավարությունների միջոցով:

ԼՂՀ քաղաքացիական օրենսգիրքը ոչ նյութական բարիքների թվին է դասում նաև անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը և անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը: Ոչ նյութական բարիքները, ԼՂՀ  քաղաքացիական օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան, պաշտպանվում են դրանցով նախատեսված դեպքերում ու կարգով, ինչպես նաև այն դեպքերում ու այն սահմաններում, որոնցում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների օգտագործումը բխում է խախտված ոչ նյութական իրավունքի էությունից և այդ խախտումների հետևանքների բնույթից: 

ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը շահագրգիռ անձին (անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով) իրավունք է տալիս նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ԼՂՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: Նշված օրենսգրքի նորմերի ուժով գործի քննությունը դռնփակ դատական նիստում թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև որդեգրման գաղտնիությունը, քաղաքացիների անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունն ապահովելու, առևտրային կամ այլ գաղտնիք պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից բավարարվելու դեպքում:

 Անձի անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ գործերով դռնփակ դատական նիստում գործի քննության սահմանադրական այս նորմն իր արտացոլումն է գտել նաև ԼՂՀ քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերում:

ԼՂՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է նախատեսում մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու կապակցությամբ: ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ դրույթներ են պարունակում անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության և պաշտպանության վերաբերյալ: ԼՂՀ քրեական դատավարության օրենսգիրքը մատնանշում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, քննիչի կողմից կարող են  վերահսկվել կասկածյալի կամ մեղադրյալի նամակագրությունը, փոստային, հեռագրական և այլ հաղորդումներն ու լսվել հեռախոսային խոսակցությունները:

Դատական պաշտպանության արդյունավետ միջոցներից վերջինը դատական ակտերի հարկադիր կատարումն է, առանց որի դատական ամբողջ գործունեությունը կարող է հավասարվել զրոյի: 

Դատական պաշտպանությունից բացի, պետական մարմինների առջև իրավական պաշտպանությունն է դրված: Պետական մարմինների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հանրապետության Նախագահը, ով պաշտոնը ստանձնելիս երդվում է անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները՝ ի փառս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի: 

Այդ բնագավառում կարևոր դերակատարում ունեն ԼՂՀ հանրային իշխանության մարմինները և մարդու իրավունքների պաշտպանը: Վերջինս անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու և քաղաքացու խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով ու կարգով ստանալ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:

ԼՂՀ Սահմանադրությունը հռչակում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքներն ու ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք: Սա վերաբերում է իրավունքների պաշտպանության ՙոչ իրավասու՚ ձևերին (միջոցներին): Դրանց թվին կարող են դասվել իրավապաշտպան կազմակերպությունները, երթերը, ցույցերը, հանրահավաքները, զանգվածային լրատվության միջոցներին դիմելը և ինքնապաշտպանության տարբեր դրսևորումները:

3Հավելենք, որ Սահմանադրությունը յուրաքանչյուրին իրավունք է վերապահում իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով դիմելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին:    

   

Վլադիմիր ՀՈՎՍԵՓՅԱՆ

ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր,

ԼՂՀ վաստակավոր իրավաբան