ԵԶՐԱՓԱԿԻՉ ԶՈՐԱԿՈՉ

Ամառային զորակոչի ավարտը Քաշաթաղի շրջանում կայացավ հուլիսի 25-ին։ Ինչպես միշտ, այս անգամ ևս բոլոր նորակոչիկները վերջնական բուժզննում անցան շրջանային բուժմիավորումում:

Զինկոմիսարիատի զորակոչի բաժնի աշխատակիցները վերջնական տեսքի բերեցին նրանց փաստաթղթերը, զրուցեցին տղաների և ծնողների հետ։  Նորակոչիկների հարազատները, ընկերներն ու համադասարանցիները  զինկոմիսարիատի բակում սպասում էին, որ նշանակված ժամին տղաներին Հայոց բանակ ճանապարհեն:

Զինկոմ մայոր Ստեփան Օհանջանյանը տեղեկացրեց, որ նախորդ զորակոչերը ևս անցել են ընդունված կարգով, և այժմ շրջանից հարյուրավոր տղաներ համալրել են Հայոց բանակի շարքերը: Ընդունված կարգի համաձայն, զինկոմիսարիատի միջանցքում նորակոչիկները շարք կազմեցին, և զորակոչի բաժնի պետ կապիտան Հովհաննես Բայաթյանը մեկ անգամ ևս հարցրեց, թե արդյո՞ք տղաները որևէ խնդիր չունեն: Բանակի՝ արդեն զինվոր տղաներին ողջունեց զինկոմ Ստ. Օհանջանյանը և հորդորեց լինել կարգապահ զինվոր, ենթարկվել բանակի կարգ ու կանոններին, հրամաններին: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը   բարին մաղթեց և խորհուրդ տվեց լինել զգոն, աչալուրջ: Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում  մոմ վառելուց հետո նորակոչիկները մեկնեցին կենտրոնական հավաքակայան, որտեղ կորոշվի նրանց  ծառայության վայրը:

 Ծանոթացա նորակոչիկներին, զրուցեցի նրանց ու հարազատ-մտերիմների հետ: Կարևորը՝  թե՜ ծնողները,  թե՜ նորակոչիկները, բարձր տրամադրությամբ են եկել զինկոմիսարիատ: Վակունիսից 8 երեխաների հայր Անդրանիկ Միքայելյանը երկրորդ որդուն՝ Արամին է բանակ ճանապարհում: Ասաց. որոշ հանգամանքներից ելնելով՝ մտադիր էին հետաձգել որդու բանակ մեկնելը, սակայն Արամն ինքը որոշեց ժամանակին մեկնել։ Անդրանիկի ավագ որդի Ալիկն այժմ պայմանագրային զինծառայող է, և հայրը վստահ է՝ որդիները ամուր կպահեն հայրենիքի սահմանը: Ծատրյան Էդիկը Փակահան գյուղից  է, պատրաստ է զինվորական ծառայության։  Քույրը՝ վեցերորդ դասարանցի Միլենան, համոզված է, որ Էդիկն ավագ եղբոր՝ Էրիկի նման լավ զինվոր կդառնա և տուն կգա իր և հազարավոր իր նման աղջնակների անվտանգությունը  պաշտպանած: Ավագ եղբայրը վերջերս է վերադարձել բանակից, մասնակցել է ապրիլյան պատերազմական իրադարձություններին, աչքի ընկել համարձակությամբ, արժանացել խրախուսանքների: Հարություն Սմբատյանը Բերձորից է, ուսանում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Հարազատների ուղեկցությամբ է այստեղ: Քույրերը կարոտելու են նրան, բայց բանակ են ճանապարհում, որ խաղաղություն  լինի մեր երկրում: Ուռեկան գյուղից Հայկ Սիմոնյանը երկկողմանի ծնողազուրկ է, ունի որոշ արտոնություններ: Ասաց՝ պատրաստ է նաև մարտական հենակետերում ծառայել: Արա Մասկաևը Բերձորի գիշերօթիկ հաստատության սան է, միակողմանի ծնողազուրկ: Այս տարի է ավարտել դպրոցը: Մոր, երեք փոքր քույրերի և համադասարանցիների հետ էր ներկայացել: Նժդեհ Մուրադյանը Քարեգահ գյուղից է: Պատրաստ է ծառայել հայրենիքին, պաշտպանել երկրի սահմանները և հաստատել՝ իզուր չի կրում մեծ հայրենասերի  անունը:

 Եկավ մեկնելու պահը. տղաները հրաժեշտ տվեցին բոլորին, զինկոմիսարիատի աշխատակցի հրահանգով բարձրացան  ավտոբուս, և ավարտվեց հերթական զորակոչը, հայրենիքի նոր պաշտպաններ մեկնեցին Հայոց բանակ, և վստահ ենք՝ բոլորն էլ պատվով են կրելու Հայ զինվորի կոչումը: 

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր