[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՀԱՂԹԱԿԱՆ ԵՐԹԸ

25 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի խորհուրդների բոլոր մակարդակների  պատգամավորների  մասնակցությամբ հրավիրված նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)՝ մարզի և Շահումյանի շրջանի ընդհանուր տարածքով։

Մարզային խորհրդի գործադիր կոմիտեն հռչակվեց որպես ԼՂՀ պետական և վարչական ժամանակավոր բարձրագույն մարմին:

Լեռնային Ղարաբաղի սեփական ճակատագիրը տնօրինելուն ուղղված հերթական այս քայլը հնարավոր դարձավ 1988-ին սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ։ ԼՂՀ հռչակագրով ազդարարվեց հայկական երկրորդ պետության ծնունդը, ինչը ոսկե տառերով գրվեց հայ ժողովրդի պատմության մեջ։ Արցախի ժողովուրդը պատմական այդ փաստաթղթով արտահայտեց ազատորեն ապրելու իր վճռականությունը։ԼՂՀ-ն այսօր 25 տարեկան է։ Այդ երկուսուկես տասնյակ տարիները նա անցել է հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ և մարտահրավերներ՝ անհավասար պատերազմից մինչև տնտեսական դժվարություններ, ապացուցելով անկախ պետականությամբ ապրելու իր ունակությունն ու անքակտելի իրավունքը։ Այնուամենայնիվ դրանք ոչ միայն դժվարությունների հաղթահարման, այլ նաև ձեռքբերումների ու արարման տարիներ էին, ինչը հնարավոր դարձավ հայ ժողովրդի հավաքական ուժի ու միասնության շնորհիվ։ Այսօր Արցախի ժողովուրդը  շարունակում է իր անշեղ ընթացքը՝ կառուցելով ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն։ 

Ամեն տարի Սեպտեմբերի 2-ին արցախահայությունը ազգովի տոնում է իր ամենագլխավոր տոնը, ազգի արժանապատվության, ոտնահարված իրավունքների վերականգնման ու պատմական արդարության հաղթանակի տոնը։ ԼՂՀ հռչակման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումները հանրապետությունում մեկնարկեցին մի քանի օր առաջ։ Իսկ նախօրեին՝ սեպտեմբերի 1-ին, կրթական հաստատություններում անցկացվեցին ՙԼՂՀ-ն 25 տարեկան է՚ խորագիրը կրող  Անկախության դասեր։ Սեպտեմբերի 2-ի միջոցառումները մեկնարկեցին երթով՝ Վերածննդի հրապարակից դեպի Հուշահամալիր։ Սրբավայր ձգվող մարդկանց հոսքը րոպե առ րոպե ստվարանում էր։ Հուշահամալիր էին շտապում կրթական հաստատությունների, հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվներ, զինվորականներ, հասարակական կազմակերպությունների ու երիտասարդական կառույցների խմբեր... Ամեն մեկը յուրովի իր մասնակցությունն էր բերել համազգային տոնին։ 

Վերածննդի հրապարակից երթին միացան նաև երկու հայկական պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունները՝ Նախագահներ Բակո Սահակյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ ԼՂՀ պատվիրակության կազմում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, այստեղ էին Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, ներկայացուցիչներ՝ Սփյուռքից ու արտերկրից։      

Հավերժական կրակի մոտ ԼՂՀ պաշտպանության բանակի պատվո պահակախումբն էր։ Պետական այրերն ու արարողության մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Հուշահամալիրի կենտրոնական կոթողի պատվանդանին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նահատակների հիշատակը։ Նրանք ծաղիկներ դրեցին նաև Հուշահամալիրի տարածքում ամփոփված՝ Արցախյան ազատամարտում զոհվածների շիրիմներին։ Բարձրաստիճան պատվիրակությունները հարգանքի տուրք մատուցեցին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին։

Եթե նախկինում Արցախը հայության ցավն էր, ապա այսօր այն հայության հպարտությունն է։ Մայր Հայաստանի ու Սփյուռքի հետ միասին Արցախը կարողացավ պատվով իրականացնել իր առաքելությունը՝ պահպանելով պետական անկախությունը և էլ ավելի ամրապնդելով սեփական անվտանգությունը։ Այս մասին են վկայում նաև պետական այրերն ու միջոցառման մասնակիցները։

Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ, ԼՂՀ արտգործնախարար.- Այս քսանհինգ տարիներին մենք հասցրել ենք հսկայական աշխատանք կատարել, ինչը չեն հասցրել անել ավելի մեծ տարիք ունեցող պետությունները։ Մեր ձեռքբերումները գուցե որոշների համար համեստ թվան, բայց դրանք մեզ համար և մեր գաղափարը կիսող մարդկանց համար կարևոր են, որովհետև դրանց մենք հասել ենք արյան գնով։ Եվ ես համոզված եմ, որ այդ ձեռքբերումների շնորհիվ, վաղ թե ուշ, ԼՂՀ-ն ճանաչվելու է միջազգային հանրության կողմից՝ որպես նրա լիարժեք, վստահելի գործընկեր, որպես մի երկիր, որը մեծ ավանդ ունի տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում։ 

Վարդան ԲԱԼԱՅԱՆ, ԼՂՀ ՊԲ գեներալ-մայոր.-  Նախ ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին՝ կարևոր ու հաղթական տոնի կապակցությամբ։ Մենք չափազանց թանկ ենք վճարել այս ամենի համար, բայց մեր ըմբռնումներով այսօր կարողանում ենք սթափ գնահատել մեր կորուստների գինը։ Ներկայումս կարող ենք վստահաբար ասել, որ անկախության քսանհինգ տարիների մեր ամենամեծ նվաճումը հանդիսանում է Պաշտպանության բանակի կայացումը։ Հզոր և մարտունակ բանակ, որը մեր անկախության և անվտանգության հիմնական երաշխավորն է։ Ամեն անգամ տոնելով այս օրը՝ մենք մեկ անգամ ևս հավաստում ենք, որ ստեղծել ենք իր կենսագրությունը հաղթանակով սկսած և նոր հաղթանակների պատրաստ ուժեղ բանակ։ Եվ որպես կանոն՝ նման տոն օրերին բոլորս առաջին հերթին հիշում ենք նրանց, ում գիտակցված մահով ձեռք են բերվել ազատությունն ու անկախությունը, վերականգնվել մեր ոտնահարված իրավունքները։

Տարոն ՄԱՐԳԱՐՅԱՆ, Երևանի քաղաքապետ.- Շնորհավորում եմ Արցախի ժողովրդին, ամբողջ հայությանը, որովհետև սա մի տոն է, որտեղ միահյուսվում են անսահման երջանկությունն ու հպարտությունը։ Որ Հռչակագրի ընդունումն անխուսափելի էր՝ ցույց տվեց ժամանակը։ Այս վերջին երկուսուկես տասնյակ տարիների ընթացքում հայ ժողովրդի բախտը, ճակատագիրը որոշում է Արցախը։ Այն փաստը, որ ազատ ու անկախ Արցախը շարունակում է իր հաղթական երթը, ոգևորում է ամբողջ հայ ժողովրդին։ Ես մաղթում եմ բոլորիս ուժ ու կորով, դիմացկունություն, քանզի, դժբախտաբար, պայքարը չի ավարտվել։ Գոյատևելու մարտահրավերը դեռ մնում է։ Մենք պետք է մեր վերջնական հաղթանակին հասնենք ու համոզված եմ՝ կհասնենք։ 

Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել Արցախի Հանրապետության ղեկավարությանը՝ պետական բարձր պարգևի՝ ՙՄեսրոպ Մաշտոց՚ շքանշանի արժանանալուս համար։ Դա պարտավորեցնող է, ուստի, վստահեցնում եմ՝ Ստեփանակերտի հետ մեր համագործակցությունն էլ ավելի կսերտանա։ 

Գուրգեն ՄԵԼԻՔՅԱՆ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան.- ԼՂՀ հռչակումը թերևս միակ ճիշտ ընտրությունն էր՝ ժամանակի հրամայականով թելադրված։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաղթանակների, այսօրվա գոյության և հաջողությունների մեջ իր նպաստն է բերել ողջ հայությունը և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու նրա իշխանությունը՝ ապահովելով 1990-ական թվականների ռազմական ու դիվանագիտական հաղթանակները։ Քսանհինգամյա ԼՂՀ-ն այսօր հպարտ ու խրոխտ քայլերով ընթանում է առաջ՝ դեպի իր պայծառ ու լուսավոր ապագան՝ անկախ այն բանից՝ աշխարհը ճանաչո՞ւմ է իր անկախությունը, թե ոչ։

Շնորհավորում եմ առաջին հերթին արցախցիներին՝ ԼՂՀ ծննդյան 25-ամյակի առթիվ և համոզմունք հայտնում, որ, ապավինելով ժողովրդավարությանն ու առողջ բանականությանը, ժողովուրդը կկարողանա հաղթահարել բոլոր մարտահրավերները՝ ամրապնդելով իր ազատ և անկախ զարգացման ապահով հիմքերը։

Տոնակատարության շրջանակներում  Ստեփանակերտի տարբեր հատվածներում տեղի ունեցան մարզամշակութային բացօթյա միջոցառումներ, իսկ մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում բացվեց ՙՀայաստանի դրամաշրջանառության պատմությունը՚ ցուցահանդեսը, Շուշիում՝ հանրակացարանային համալիրը: 


Օրն ավարտվեց Վերածննդի հրապարակում կայացած տոնական համերգով և հրավառությամբ:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ