ՆՇՎԵՑ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐԸ

Արդեն երկրորդ տարին է, ինչ սեպտեմբերի 5-ը ԼՂՀ-ում պաշտոնապես  նշվում է որպես Գազամատակարարման համակարգի աշխատողի մասնագիտական տոն։ Որպես կանոն՝ օրը համակարգի աշխատողների համար առանձնանում է կատարած աշխատանքի՝ կառավարության, լիազոր մարմնի  և ՙԱրցախգազ՚ ՓԲԸ¬ի կողմից արժևորմամբ։ 

 Այս տարի ևս սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ  պարգևատրման արարողություն, որին ներկա էր նաև ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը։ ՙԱրցախգազ՚ ՓԲԸ տնօրեն Սեյրան Միքայելյանը հանրապետությանը մատուցած երկարատև և բարեխիղճ ծառայության համար պարգևատրվեց ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով։ Ա. Խաչատրյանի կողմից մասնագիտական տոնի կապակցությամբ պատվոգրեր ստացան համակարգի 15 աշխատողներ, ևս 3 հոգի հանրապետությանը մատուցած ծառայությունների և ներդրած ավանդի համար պարգևատրվեցին ԼՂՀ վարչապետի հուշամեդալով, իսկ 7 հոգի՝ վարչապետի պատվոգրերով։ 

Ելույթի իր խոսքում Ա. Խաչատրյանը երախտիքի խոսք հղեց ոլորտի աշխատողներին,  ովքեր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով իրենց ավանդն են ներդնում երկրի տնտեսության զարգացման և հասարակությանն անխափան գազամատակարարում ապահովելու գործում։ 

Նախարարը նշեց, որ էկոնոմիկայի ոլորտի աշխատողների  գործունեությունը չի սահմանափակվում  միայն  ամենօրյա մասնագիտական առաքելությամբ։ ՙՄենք ձեզ հետ միասին ծրագրեր ենք իրականացնում բնակչությանը որակյալ և մատչելի ծառայություններ ապահովելու, նոր ռազմավարություններ, աշխատանքային ավելի արդյունավետ և արդիական պայմաններ ստեղծելու գործում՚,- ասաց նա, հավելելով, որ ի դեմս  գազամատակարարման համակարգի  աշխատողների, ունենալով մասնագիտական նման ներուժ, ոլորտում արձանագրված հաջողությունները  կկրեն շարունակական բնույթ։ 

ՙԱրցախգազ՚ ՓԲԸ տնօրեն  Ս. Միքայելյանը ևս երախտագիտություն հայտնեց ընկերության աշխատակիցներին, նշելով, որ  հաջողվել է ձևավորել կայուն թիմ, որը գիշեր ու ցերեկ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, պատասխանատվությամբ է լուծում  իր առջև դրված խնդիրները։ ՙՀատկապես հպարտ եմ, որ մեր աշխատողների 1/3-ը  հայրենիքի վտանգման պահին՝ ապրիլյան դեպքերի ժամանակ, առաջին իսկ օրվանից մեկնեց  առաջնագիծ՚,- ասաց նա, նշելով, որ հպարտ  է նրանց հայրենասիրության և հայրենիքի շահն անձնականից վեր դասելու համար։ 

Ս. Միքայելյանի իրազեկմամբ՝ մասնագիտական օրվա միջոցառումներն այս պարգևատրմամբ չեն եզրափակվել։ Այն շարունկություն է ունեցել ՙԱրցախգազ՚ ՓԲԸ գրասենյակում։

Սրբուհի ՎԱՆՅԱՆ