Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴՆ ԻՐ ՀՈՂՈՒՄ ՊԻՏԻ ԱՊՐԻ՚

 

 

 

ՙՎտանգի ենթակա ամեն մի ժողովուրդ ապավինում է իր ցեղային արթուն բնազդին, իր ներցեղային բարոյականին։ Կենսաբանորեն բարոյական է նա, ում կյանքում Ցեղի Կամքը կատարում է գերագույն գործոնի դեր, նա, ով իր ստեղծած հոգևոր և նյութական արժեքները ծառայեցնում է իր Ցեղի հավերժացման, իր Երկրի ինքնապաշտպանության գործին՚։

                                                                                                                           Գարեգին ՆԺԴԵՀ

 Արցախյան պատերազմում վաշտի հրամանատար, Դիզակի (Հադրութ) Խանձաձոր գյուղում մեծացած Նարվիկ Առաքելյանը, ով այսօր իր բազմանդամ ընտանիքով ապրում և արարում է Թաթարական Հանրապետությունում, հարազատ բնօրրանի կանչով տարին մի քանի անգամ լինում է Արցախում։ ՙՑեղի պահպանման արթուն բնազդը՚ և հայրենիքին օգնելու պատասխանատվությունը երբեք չեն լքել նրան։ 

Այս պայծառ հայորդին, նկատեցի, որ կտրուկ հրաժարվում է տեղեկություններ տալ լրագրողներին։ Հաջողվեց նրբորեն  զրույցի բռնվել, հարցնել՝ ի՞նչ ծրագրեր ունի, ինչպե՞ս հղացավ գաղափարը ՝ վերանորոգել փլատակված Կատարո վանքը։ Խնդրեց իր անունը չհրապարակել, առավել ևս, ոչ մի դեպքում չթվարկել կատարած և կատարվելիք բարեգործությունները։ ՙԵս բարոյական պարտքս եմ կատարում մեր ժողովրդի և հայրենիքի հանդեպ, ինչը պարտավոր է անել յուրաքանչյուր հայ, եթե հնարավորություն ունի։ Կազանի հայկական համայնքի փոխնախագահն եմ. մեր նախաձեռնությամբ հայկական եկեղեցի է կառուցվում Կազանում։ Այնտեղ գործ կա, հնարավորություն բարեկեցիկ ապրելու, բայց ազգային¬հայկական ոգի, առանց որի շատ դժվար է ապրել, չկա՚։

Կատարո վանքի նորոգման աշխատանքները 2 տարի է, ինչ ընթանում են կազանահայերի նյութական աջակցությամբ։ Այն կազմակերպել է Դիզակի (Հադրութ) հրամանատար Վահան Բադասյանը։ Ոչ մի տրանսպորտ չի կարող բարձրանալ Կատարո վանք։ Շինանյութերը տեղափոխել են գրաստներով։

Չորս զավակների հայր Ն. Առաքելյանը, մատնացույց անելով խիտ անտառով շրջապատված մի բարձրադիր գեղատեսիլ վայր, ասաց, որ մտադիր է իր տունը կառուցել այնտեղ և ընտանիքով վերադառնալ հայրենիք, որովհետև ՙիսկական տղամարդն իր հայրենիքում պետք է ապրի՚։

ՙՀեռավոր Կազանում ի՞նչ զգացողություն ունեցաք ապրիլյան պատերազմի օրերին՝ որպես վաշտի նախկին հրամանատար՚ հարցին Ն. Առաքելյանը պատասխանեց. ՙՓշերի վրա նստած, ջղագրգիռ վիճակում, արագ ձեռնամուխ եղանք հայկական վաշտերի կազմավորման գործին։ Կամավորագրվում էին բոլոր հայերը՝ պատրաստ հրամանի, Արցախ մեկնելու համար։ Մինչ այդ էլ զգալի քանակությամբ թանկարժեք զինտեխնիկա առաքեցինք Արցախի զինված ուժերին՚։

-Վաղուց հանգել եմ այն համոզման, որ Աստված տալիս է տվողին,¬ շարունակում է խանձաձորցի բարերարը, ով Դիզակի շրջանի Հին Թաղեր, Ազոխ, Խանձաձոր, Խծաբերդ, Առաքել, Տումի, Տող, Ծակուռի, Թեղուտ գյուղերի և շրջկենտրոն Հադրութի իր համերկրացիներին (թվով 400 մարդ) հրավիրել է  վերանորոգված Կատարոյի հանդիսավոր բացմանը և գառան մատաղ մատուցել բոլորին՝ ի պահպանություն հայրենի Արցախի։ Աշխատավոր գյուղացիներ, հին ու նոր ազատամարտիկներ, Արցախյան շարժման նվիրյալներ, հոգևոր հայրեր, քաղաքական գործիչներ մագլցեցին Կատարո եկեղեցու անմատչելի, երկնամերձ բարձունքը, ուր զնգաց հայոց վերաշինված, համեստ տաճարի սթափության կոչող զանգը։ Օրը, հիրավի, աստվածային էր, և մեծ էր օրվա խորհուրդը՝ շենացնել հող հայրենին, ունկնդիր լինել ցեղի ոգու կանչին և միաբանվել։ ՙԱրցախը թշնամուն չենք տա մենք՚ հայտնի երգի ղողանջների տակ ոգեշունչ պարեցին ուխտավորները։

Նարվիկ Առաքելյանի ծրագրերի մասին, ըստ պայմանի, չենք ծավալվում։ Ասաց, որ Կազանի հայկական համայնքի ներկայացուցիչները կհանդիպեն ԼՂՀ իշխանություններին և շարունակվելիք բարեգործությունների ծրագիր կներկայացնեն։

ՙԱրգահատելի է անհայրենիք ժողովուրդը, և յոթնիցս զզվելի է հայրենիքի զգացողությունից և պաշտամունքից զուրկ անհատը՚,¬ զգուշացնում է Մեծն Նժդեհը։

Հայ Ցեղի մշտարթուն ոգով առաջնորդվող և իր հայրենիքի խնդիրներով մտահոգ Ն. Առաքելյանն ընկերների հետ բարեգործական հայրենաշեն գործունեությամբ դարձել է հայրենասիրության խորհրդանիշ։ Դիզակի անառիկ բարձունքներում մեծացած հայորդին այլկերպ չէր կարող լինել. փառք ու պատիվ նրան և նրա համախոհ գործընկերներին։ 

Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ