[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՆԳՈՒՆ՝ ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ԼԵՌՆԵՐԸ

Սեպտեմբերի 21-ին Բերձորում տեղի ունեցավ Հայոց Երրորդ Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որի ընթացքում ապրիլյան պատերազմի մասնակից մոտ 60 կամավորականներ ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվեցին ՙՄարտական ծառայություն՚ մեդալով, ԼՂՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ ԵԿՄ պատվոգրով, հուշամեդալով և թանկարժեք նվերներով։ Կայացավ նաև ՙՄեր լեռների պես՚ հուշակոթողի բացման արարողությունը։ 

 Առավոտյան մարդաշատ էր շրջկենտրոնի Խաղաղության հրապարակը, որտեղ սպիտակ սավանով ծածկված հուշարձանն էր։ Մինչ միջոցառման հանդիսավոր մասը սկսվելը զրուցեցի հուշարձանի հեղինակ, քանդակագործ Հարություն Ամբարչյանի հետ, ով գրեթե մեկ տարի աշխատում էր Երևանից բերված բազալտե քարի վրա։ Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտը մեծ սիրով է համաձայնվել կերտել հուշակոթողը, որը խորհրդանշում է սահմանին կանգնած Հայոց բանակի զինվորին և արարող հայ բնակչին, ով պատրաստ է ցանկացած պահի բահը փոխարինել հրազենով ու շտապել առաջնագիծ։ Երիտասարդ քանդակագործն ասաց, որ հուշակոթողի ստեղծման գաղափարը տվել են ՙՀայոց ազգային գվարդիա՚-ի հիմնադիր Արշակ Զաքարյանն ու ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը։ Ճարտարապետն է Վահագն Մկրտչյանը։ Քանդակը Մռով սարն է, որի հովանու ներքո հայ զինվորը սահմանն է պահում, իսկ արդեն ավագ տարիքում ազատամարտիկ-հրամանատար-շինական-շինարար մարդն է ՝ թիկունքը զինվորին։

 Մինչ միջոցառումն սկսվելը՝ ներկաները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան գոյամարտում մարտիրոսված հերոսներին նվիրված Հուշահամալիրի կոթողների մոտ։ Հնչեցին ՀՀ և Արցախի պետական օրհներգերը, եղավ լռության րոպե՝ ի հիշատակ Արցախյան գոյամարտում, և հետագայում մարտիրոսված Հայոց երկրի քաջորդիների, ովքեր իրենց արյան գնով առավել սրբացրին հող հայրենին։ Ներկաներին ասմունքով, ռազմահայրենասիրական երգերով ողջունեցին Բերձորի Վահան Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի սաները։ 

Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանն իր ելույթում 25-ամյա հոբելյանների առթիվ շնորհավորելով ներկաներին՝ ասաց. ՙՔառորդ դար առաջ՝ 1991 թվականին, իրականացավ հայ ժողովրդի վաղեմի երազանքներից մեկը՝ ընդունվեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Այն ամրագրվեց մեր հազարավոր հերոս նահատակների կյանքի գնով՚։ Անդրադառնալով այս տարվա ապրիլյան պատերազմական գործողություններին՝ նա նշեց, որ Քաշաթաղի շրջանից 1200-ից ավելի կամավորական մասնակցեց սահմանի պաշտպանությանը, ունեցանք մեկ զոհ՝ Համլետ Հաջոյանը՝ Աղավնատուն համայնքից, 6 վիրավոր։ Տեղեկացվեց նաև, որ շրջանի Աղաձոր գյուղի բնակիչ Հակոբ Խաչատրյանն անցած տարի մարտի 19-ին մարտիրոսվեց հանրապետության հյուսիսային սահմանում՝  հերոսանալով անհավասար մարտում։ Ս. Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց հուշակոթողը նախաձեռնողներին՝ Դավիթ Ջամալյանին, Արշակ Զաքարյանին, բարերարներ Արամ Տեր-Մարտիրոսյանին, Արցախի իշխանությաններին, ՀՀ պաշտպանության նախարարությանը և աշխարհասփյուռ հայությանը՝ Բերձորին նման հուշակոթող նվիրելու համար։ 

Սրտի խոսք ասաց  ՙՀայոց ազգային գվարդիա՚-ի հիմնադիր Արշակ Զաքարյանը։

Արցախի ազատամարտիկների միության վարչության աշխատակազմի ղեկավար Էդիկ Խաչատրյանը ևս շնորհավորեց ներկաներին օրվա առթիվ, ընթերցեց ԱԱՄ վարչության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի շնորհավորական ուղերձը և տեղեկացրեց, որ Միության և ՀՀ ԵԿՄ վարչության նախագահների կողմից կան պարգևատրվածներ, ապա նրանց հանձնեց պարգևները։ ԼՂՀ Նախագահի, վարչապետի և շրջվարչակազմի կողմից տրված պարգևները ապրիլյան պատերազմական իրադարձությունների մի շարք մասնակիցների հանձնեց շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը։ Նա նաև շրջվարչակազմի կողմից շնորհակալագիր և հուշանվեր՝ տարածքի պատմական հուշարձան Ծիծեռնավանքի մեծադիր լուսանկարները, հանձնեց Դ. Ջամալյանին և Ա. Զաքարյանին։ 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր