[ARM]     [RUS]     [ENG]

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ ԷԻՆ

Շուշիի շրջվարչակազմի  ղեկավարին կից խորհրդի նիստի  օրակարգում հրատապ  հարցեր էին ընդգրկված. ՙ2015-2016թթ.  շրջանի կրթական համակարգում իրականացված աշխատանքների մասին՚, ՙՇրջանում աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքսի ընթացքի  մասին՚, ՙՇուշիի արվեստի դպրոց՚ ՊՈԱԿ-ի 2015-16 ուստարում կատարած աշխատանքների մասին՚ և այլն։

 Առաջին  հարցի վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց  շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի մասնագետ Սլավա Գաբրիելյանը, ում  տեղեկատվությամբ, հաշվետու ժամանակաշրջանում գործել են 1 ավագ, 4 միջնակարգ, 2 հիմնական դպրոցներ և 1 դպրոց մասնաճյուղի կարգավիճակով։ Նախորդ ուսումնական տարվա համեմատ աշակերտների թիվն ավելացել է 23-ով։ Շրջանի 8 դպրոցներում դասավանդել է 127 ուսուցիչ, որից 110-ը՝ բարձրագույն, 17-ը՝ միջնակարգ-մասնագիտական կրթությամբ։ Շուշիում գործում են նաև Դանիել Ղազարյանի անվան մասնագիտացված երաժշտական դպրոցը և Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը։ Շրջանում գործող 3 մանկապարտեզներից մեկը (Քարին տակ գյուղում) գործում է պետական կարգավիճակով, մյուսը՝ Հայ Ավետարանչական կազմակերպության և 3-րդը՝ ՀՕՄ-ի հովանավորությամբ՝ Շուշի քաղաքում։ Բանախոսը  նշեց, որ գյուղական բնակավայրերի դպրոցները բարձրագույն կրթությամբ մասնագետներով համալրելու նպատակով անց են կացվել մրցույթներ։ Անցած տարում ակտիվորեն գործել են առարկայական մեթոդմիավորումները, որոնք նպաստել են  ուսումնադաստիարակչական աշխատանքների բարելավմանը։ Կազմակերպվել են բաց դասեր, դաս-միջոցառումներ, մանկավարժական ընթերցումներ, լույս են ընծայվել պատի թերթեր։ Փնջային նիստերում լսվել են զեկուցումներ, կազմակերպվել բաց դասեր։ ԳԹԿ-ի կողմից  շրջանի դպրոցներում անց է կացվել արտաքին ընթացիկ գնահատում տարբեր առարկաներից։ Շրջանի դպրոցների աշակերտները ակտիվ մասնակցություն են ունեցել տարբեր մրցույթների հանրապետական փուլերին և գրավել մրցանակային տեղեր, ինչը խոսում է արտադասարանական աշխատանքների կազմակերպման մակարդակի մասին։ Արձանագրվել են նաև մարզական ձեռքբերումներ։ Նոր ուսումնականում Մուրացանի անվան ավագ և Խ.Աբովյանի անվան հիմնական դպրոցների միաձուլման հետևանքով գործում է Խ. Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցը, որի միավորման աշխատանքներն արդեն ավարտին են հասցված։ 

Շրջանում աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքսի ընթացքի  մասին իր տեղեկատվության մեջ շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչ Գրիգորի Հովհաննիսյանը նշեց, որ 2017 թվականի բերքի տակ շրջանում նախատեսվում է կատարել 100 հեկտար աշնանացան հացահատիկային և կերային  մշակաբույսերի ցանքս, որից  35 հեկտար կորնգանի ցանքսը՝ շրջանի վարչական տարածքում, իսկ մնացած 65 հեկտար ցորենը՝ Ասկերանի շրջանի սեփականաշնորհված վարելահողերում։ Սեպտեմբերի վերջի դրությամբ կատարվել է 68 հեկտար հերկ։ ԼՂՀ կառավարության 2016թ.  մայիսի 17-ի համապատասխան  որոշման համաձայն՝ շրջանում նախատեսվում է ցանել 50 հեկտար կորնգան, որից  15 հեկտարը ցանվել է գարնանը,  իսկ մնացած 35 հեկտարի հերկը կատարված է։  ԳՀՀ բաժնի վարիչի տեղեկատվությամբ, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում  մեկ շաբաթվա ընթացքում ցանքսի աշխատանքներն ավարտին կհասցվեն։ Ըստ նախնական ուսումնասիրության, չի ապահովվի 2016 թվականի աշնանացան մշակաբույսերի  ցանքսի մակարդակը, քանի  որ հողօգտագործողները  ցանքսաշրջանառություն իրականացնելու նպատակով վարելահողերի մի մասը թողնում են գարնանացան մշակաբույսերի ցանքսի համար։

ՙՇուշիի արվեստի դպրոց՚ ՊՈԱԿ-ի 2015-16 ուստարում կատարած աշխատանքների մասին իր հաշվետվության մեջ արվեստի դպրոցի տնօրեն Ռազմիկ Հարությունյանը կանգ առավ  կազմակերպության գործունեության հիմնական նպատակների և դրանց իրագործման ուղիների վրա։ Կազմակերպությունն իր գործունեությունը ծավալում է վճարովի հիմունքներով։ Դպրոցն ունի 14 բաժին, այն  մասնաճյուղեր ունի շրջանի Քարին տակ, Լիսագոր, Եղծահող գյուղերում։ Անցած  տարում սովորողները   206¬ն էին։ Դպրոցը տվել 18 շրջանավարտ։ Անց են կացվել տեխնիկական քննություններ ըստ բաժինների, կազմակերպվել  բաց դասեր, տրվել ստուգողական աշխատանքներ, կազմակերպվել  ստուգարքներ և քննություններ, ինչպես նաև տրվել է հաշվետու համերգ ։ Տարեվերջին  կազմակերպվել է ցուցահանդես, որտեղ ցուցադրվել են բրուտագործության, ուլունքագործության և կերպարվեստի բաժինների ձեռքի աշխատանքները։ Արվեստի դպրոցի սաները մասնակցել են տարբեր փառատոների և իրենց ակտիվությամբ հիացրել հանդիսատեսին։ Տնօրենը նշեց, որ, կապված դպրոցում նոր բաժինների բացման և դասարանների քանակի ավելացման հետ, անհրաժեշտություն է  առաջացել բարելավել  շենքային պայմանները, ավելացնել նոր դասասենյակներ։

Նիստում քննարկվեցին շրջանի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի աշխուժացմանը միտված այլ հարցեր։

Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ք. Շուշի