[ARM]     [RUS]     [ENG]

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ՝ ՄԵՐ ԼՈՒՄԱՆ...

Ս. թ. ապրիլի 13-ին երկօրյա այցով Արցախ ժամանած Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն բարձր հանդիսապետությամբ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ առաջնորդանիստ եկեղեցում կատարել են հանրապետական մաղթանք։

Երկու Վեհափառներն Արցախին են փոխանցել  500 000-ական ԱՄՆ դոլար գումար։ Վեհափառների հրահանգով Արցախի զորացման ու բարօրության համար աշխարհասփյուռ հայոց թեմերում հնչեցվել են աղոթքներ, կազմակերպվել հանգանակություններ։ Հայրենանպաստ կոչին առաջին արձագանքողներից մեկը Արարատյան Հայրապետական թեմն էր։

Արարատյան Հայրապետական և Արցախի թեմերի նախաձեռնությամբ Արցախի թեմի առաջնորդարան այս անգամ հրավիրվել էին ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ և հրադադարի խախտման հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների հարազատները։ Նրանք՝ վշտակիր ու սգավոր, բայց խոնարհ ու հպարտ, այս երկրի տերը լինելու իրական իրավունքն ամենաշատն ունեն։ Պատերազմը մեր մայրերի՝ դեռ խոնավ աչքերից նորից առատ արցունք քամեց, մանկամարդ այրիներ դարձան առաջնեկի սպասող կամ մանուկներին արդեն օրոր ասող հարսնուկներ, նորից որբացան երեխաներ, որոնք ողջ կյանքում կլսեն՝ նրանց հայրը զոհվել է Քառօրյա պատերազմում։  Եվ այդ չորս անիծված օրերի դառնությունը՝ որպես տամուկ ստվեր, անբաժան կլինի ողջ կյանքի ընթացքում։ Բայց վհատ չեն լինի, որովհետև կա մեր երիտասարդ պետությունը, և կան բարի մարդիկ, ովքեր զոհվածների ընտանիքների կողքին են, վիրավորների թիկունքում. ցավի պահին՝ ցավակից, կարիքի պահին՝ կարեկից, սգո մեջ՝ սգակից։ Բոլորինն են սուգը, ցավը, կսկիծը։ Բոլորինն են հաղթանակն ու բերկրանքը։ Մերձավորին սիրելու խորհուրդն է, որի համաձայն ոչ մի տուժած մենակ չզգաց իրեն, չընկճվեց ու չզղջաց։ Սպասվող դժվարությունների առյուծի բաժինն իրենք են հաղթահարելու։ Հաղթահարելու են պատվով, համբերատարությամբ։ Նրանց հուսադրողը  մերձավորի ուշադրությունն է, մերձավորի ներկայությամբ՝ իրենց  մենակ ու միայնակ չզգալու ապահովությունը։ Եվ, փառք Աստծո, բոլորը միակամ դարձան, հայրենիքը բոլորին համախմբեց։ Սթափության կոչող մի դրվագ՝ հարուստ երիտասարդի մասին՝ Մատթեոսի Ավետարանից, ազգիս համար տիրապատգամ կենսակերպի փոխարկվեց։  Բազում հայորդիներ առաջնորդվեցին հարուստ երիտասարդի՝ ՙԲարի վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ հավիտյան կյանքն ունենամ՚ հարցումին Քրիստոսի պատասխանով. ՙԳնա, վաճառիր ունեցվածքդ և... ապա արի իմ հետևից՚։ 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ իրականացվող ՙՄենք մեր զինվորի կողքին ենք՚  ծրագիրն ավելի վաղ պատմություն ունի. այն  մեկնարկել է 2014 թվականից։ Ծրագրի շրջանակներում 2016թ. կրկին հանգանակվել է 50 միլիոն դրամ գումար՝ բաշխվելու պատերազմական գործողությունների հետևանքով կերակրողը կորցրած ընտանիքներին և լուծելու վիրավորված զինծառայողների առողջությանը վերաբերող խնդիրները։ Նավասարդ Սրբազանն իր ծրագրի՝ 22 ընտանիքի 500 000-ական դրամով աջակցելու մասին հայտնեց Արցախի թեմի առաջնորդին։ Պարգև Սրբազանն էլ ձեռնարկեց և ամբողջացրեց ևս 10 ընտանիքներին նույնքան գումար տրամադրելու ծրագիրը. ՙՍա մի փոքրիկ ուշադրություն է, որով մենք փորձում ենք մխիթարություն բերել մեր այն ընտանիքներին, որոնք հերոսներ են տվել ազգի համար։ Այդ զոհերը մեզ համար սուրբ են։ Հայրենիքի, հավատքի համար զոհվողն Աստծու կողմից ստանում է սրբի պսակ։ Տխուր ենք, որ ֆիզիկապես կորուստ ենք ունենում, բայց ձեռք ենք բերում սրբերի բանակ, որոնք մեզ համար արդեն բարեխոսում են երկնքում։ Թող մեզ բոլորիս դա մխիթարություն լինի՝ շարունակելու մեր այս սրբազան, արդար պայքարը մինչև վերջնահաղթանակ՚։ Իսկ Նավասարդ Սրբազանը պատմեց. ՙԱպրիլյան մարտական գործողությունները դեռևս չկային, բայց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ  ծրագիրն արդեն  գործում էր։ 2014 թվականին Սուրբ Սարգսի տոնին մեկնարկեց ծրագիրը, երբ բարեգործական ընթրիքի շրջանակներում հանգանակվեց  50 միլիոն դրամ, և դա դարձավ նախասահմանումը։ 2015-ին և 2016-ին էլ 50-միլիոնական դրամ հանգանակվեց։ Ընդհանուր առմամբ՝ 150 միլիոն դրամ։ Առաջին երկու տարին բաշխվել է Արարատյան Հայրապետական թեմի տարածքում զոհված զինծառայողների ընտանիքներին։ Առաջին կարգի հաշմանդամներին է աջակցություն ցուցաբերվել, և որպես խրախուսանք՝ նաև այն ընտանիքներին, որոնց երկու կամ երեք զավակները միաժամանակ ծառայում են հայոց բանակում՚։  Այս տարի առաջին անգամ ծրագրի շրջանակներում ընդգրկվեցին Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը։  78 ընտանիք ներառվեց  Հայաստանում և 22 ընտանիք՝ Արցախում։ 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը տեղեկացրեց նաև   հայոց բանակին ու զինվորականներին ուղղված իրենց ծրագրերի մասին.  ՙՄենք մեր զինվորի կողքին ենք՚, ՙԼավագույն զինվորների պարգևատրում Սուրբ Սարգսի տոնի առթիվ՚, ՙԾառայենք թիկունքում՚, ՙԱջակցություն Արցախի սահմանապահներին՚, ՙԱյցելություն ու զորակցություն վիրավոր ու զոհված զինվորների ընտանիքներին՚, ՙԲերքից լավագույնը՝ զինվորին՚, ՙՀաղթանակի աղոթք՚ և այլն։ 

Վերջերս Արցախի դիրքապահներին են հասցվել երեք տոննա սնունդ, հագուստ, հիգիենայի ու առաջին անհրաժեշտության  պարագաներ, ինչն ապրիլի սկզբից արդեն 11-րդ խմբաքանակն էր՝ ՙԱջակցություն Արցախի սահմանապահներին՚ ծրագրի շրջանակներում։

- Արարատյան Հայրապետական թեմի կողմից իրականացվող ծրագրերն ուզում ենք շարունակական դարձնել,- ասաց  Նավասարդ Սրբազանը՝ հավելելով,- բարեգործական այս ձևի մեջ կարևորում ենք ոչ միայն ֆինանսական կողմը, այլև հոգևորը։

...Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի առաջարկությամբ սեպտեմբերին Արցախում հրավիրվեց Հոգևոր գերագույն ժողովի հերթական նիստը։ Այս առիթով Արցախ ժամանած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Արցախի զորացման ու բարգավաճման նպատակով դարձյալ 500 000 ԱՄՆ դոլար նվիրաբերեց։

  Երևույթը ավետարանական մի դրվագի վերհուշ արթնացրեց. այրի կինը տաճարի գանձանակի մեջ գցեց ունեցած երկու լուման... Այրի կնոջ օրինակը մեր հայրենիքի գանձանակի համար անհետաձգելի նախադեպ դարձնելու գաղափարն է հուշում... 

 

 

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ