[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԱԶԴԵՑԻԿ ՈՒԺ

ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի պետական հիմնարկների ճյուղային հանրապետական միության 3-րդ կոնֆերանսին, որին ներկա էին ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը, սկզբնական արհեստակցական կազմակերպությունների նախագահներ, լսվեց  պետական հիմնարկների ճյուղային հանրապետական միության նախագահ Յուրի Ավանեսյանի հաշվետվությունը 2011-2016թթ. կատարած աշխատանքների վերաբերյալ։

 Հինգ տարի է անցել նախորդ համաժողովից (կանոնակարգի համաձայն՝ կոնֆերանսն անց է կացվում 5 տարին մեկ) և այդ ժամանակաընթացքում որոշակի աշխատանքներ են իրականացվել, որոնք հիմնականում ուղղված էին կազմակերպության համալրմանը, արհմիութենական գործունեության խթանմանը։ Համաձայն տարեկան աշխատանքային պլանի և ժամանակացույցի՝ ճյուղային հանրապետական միության ղեկավարները եղել են սկզբնական արհեստակցական կազմակերպություններում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին,  լսել արհկոմների ու վերստուգիչ հանձնաժողովների  նախագահների հաշվետվությունները։

ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ Արցախի խորհրդարանն ընդունել է ՙԱրհմիությունների մասին՚ օրենքը, ինչը, ըստ Յու. Ավանեսյանի, կարևոր նշանակություն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ Նրա խոսքով՝ օրենքը նպաստել է ինչպես արհմիության անդամների, այնպես էլ սկզբնական արհմիութենական կազմակերպությունների թվի աճին։ Այսպես՝ 2011թ. հոկտեմբերի 1-ին պետական հիմնարկների ճյուղային հանրապետական միության կազմում կար 31 սկզբնական արհեստակցական կազմակերպություն՝ 2650 անդամի ընդգրկմամբ։ Հաշվետու ժամանակահատվածում ստեղծվել է ևս 25-ը՝ ընդգրկելով 2235 արհմիության անդամի, իսկ ներկայում  ճյուղային հանրապետական միության կազմում կա 47 սկզբնական արհեստակցական կազմակերպություն՝ 4058 անդամի ընդգրկմամբ (շուրջ 17 սկզբնական արհեստակցական կազմակերպություն տարբեր պատճառներով լուծարվել է)։ 

Զեկուցողի հավաստմամբ՝ ճյուղային հանրապետական միությունն ակտիվ մասնակցություն է ունեցել  ԼՂՀ քաղծառայության, հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող  պետական հանձնաժողովի նիստերին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից գործող փախստականների հարցերով հանձնաժողովի՝ փախստականների կորցրած աշխատանքային ստաժի վերականգնման նպատակով անցկացվող խորհրդակցություններին, ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության վարչության նիստերին և այլն։ Համագործակցելով պետական կառույցների՝ մասնավորապես ԼՂՀ քաղաքաշինության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հետ, յուրաքանչյուր տարի որոշակի աշխատանքներ են տարվել աշխատավորների և պետական ծրագրում ընդգրկված ընտանիքների կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ։ Միաժամանակ ջանքեր են գործադրվել գործազուրկ  անձանց, ծննդաբերության և ամուսնության նպաստների վճարման ուղղությամբ։ Ելնելով իրենց ֆինանսական հնարավորություններից՝ արհմիութենական կազմակերպություններն ակտիվորեն զբաղվել են առողջարանային բուժման կարիք ունեցողներին բացահայտելու և հաշվառման վերցնելու գործով, ինչի արդյունքում նշված ժամակահատվածում Հայաստանի առողջարաններում իրենց առողջությունն են վերականգնել 225 քաղաքացիներ։ Բազմաթիվ կարիքավորների ցուցաբերվել է նյութական աջակցություն, կազմակերպվել են էքսկուրսիաներ դեպի Արցախի և Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրեր։ Բացի այդ, հիմնարկ-ձեռնարկություններում՝ կոլեկտիվ կերպով, նշվել են տոն և հիշարժան օրեր, հոբելյաններ, անց են կացվել մարզամշակութային տարաբնույթ միջոցառումներ։ Այս ամենը, ինչ խոսք, նպաստում է մարդկանց  մերձեցմանը, ամրապնդում է կարգապահությունն ու բարձրացնում աշխատանքի որակը։

Այս ամենի հետ միասին քիչ չեն նաև թերություններն ու բացթողումները, չլուծված հարցերը։ Ճյուղային հանրապետական միության նախագահի խոսքով՝ դրանց մի մասն առկա է ոչ իրենց մեղքով։ ՙԳաղտնիք չէ, որ խորհրդային տարիներին մեծ էր արհմիությունների դերը,-ասաց Յու. Ավանեսյանը։- Դա կարելի է ասել՝ պետություն էր՝ պետության ներսում։ Աշխատանքի վետերաններն, անշուշտ, դա լավ են հիշում։ Եվ նախկինի պես շատերը հաճախ գալիս կամ զանգում են մեզ՝ խնդրելով պարզաբանումներ անել այս կամ այն հարցի առնչությամբ, հատկապես այնպիսի ցավոտ հարցերի, ինչպիսիք են՝ աշխատանքի պաշտպանությունն ու տեխնիկայի անվտանգությունը, կենսաթոշակների  ուշացումները, ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարումները, արձակուրդների տրամադրումն ու աշխատանքից անհիմն ազատելը։ Մենք ձգտում ենք ժամանակին պատասխանել և հասցեական լուծում տալ արհմիություններին ուղղված այս կամ այն հարցին։ Այսպես, օրինակ, մեր միջամտությամբ դրական լուծում է տրվել Աջափնյակի փայտամշակման արտադրամասի աշխատող Վյաչեսլավ Գաբրիելյանի բողոքին՝ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը չվճարելու համար։ ՙԱրցախֆրուտի՚ աշխատակցուհի Սուսաննա Իսրայելյանին հաճախակի ուշացումների պատճառով ազատել են աշխատանքից, բայց այդ մասին նրան տեղյակ չեն պահել։ Նա շարունակել է հաճախել աշխատանքի ևս 20 օր։ Մեր միջամտությամբ Ս. Իսրայելյանը լրիվությամբ  ստացել է վերջնահաշվարկը։ Նման օրինակները շատ են՚։

Զեկուցողը ցավով նշեց, որ ճյուղային հանրապետական միությանն առայժմ չի հաջողվել լրիվ ծավալով օգտագործել արհմիության ակտիվի ուժը։ Միշտ չէ, որ հնարավոր է նրանց հատուկ առաջադրանքներ տալ՝ հատկապես նոր սկզբնական արհեստակցական կազմակերպություն ստեղծելու առումով։ Ստեփանակերտում, օրինակ, մի շարք կառուցներում չի հաջողվել աշխատակազմը լրիվությամբ ընդգրկել արհմիություններում։ Դրանցից են՝ Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Ներդրումային հիմնադրամը, Արցախի հեռուստառադիոընկերությունը, Ստեփանակերտի տուն¬ինտերնատը, ոստիկանության համակարգը, նախկին Ղարմետաքսկոմբինատ և էլեկտրատեխնիկական գործարանի տարածքներում տեղակայված կարի և բանջարեղենի արտադրամասերը։ Նման հարցերում արհմիությունների ղեկավարները հաճախ են հանդիպում այնպիսի փաստերի, երբ տվյալ հիմնարկ-ձեռնարկության ղեկավարը ձեռնպահ է մնում՝ չփորձելով աջակցել և դրական լուծում տալ խնդրին։ Այնինչ կառույցի ղեկավարից շատ բան է կախված։ ՙՄենք ուզում ենք դառնալ ուժեղ և մեր հնարավորությունների ու պարտականությունների սահմաններում մեր լուման ներդնել ընդհանուր գործում՝ քաջ գիտակցելով, որ կյանքի համար կարևոր այդ ուղին անցնելը դժվար է, բարդ է ու երկար՚,- ասաց Յու. Ավանեսյանը։ Նա արհմիությունների հանրապետական ֆեդերացիային հավաստիացրեց, որ ճյուղային հանրապետական միության խորհուրդը հետայսու ևս կշարունակի ջանքեր գործադրել՝ տեղերում արհմիութենական գործունեությունն ակտիվացնելու համար։   

Ներկաները լսեցին նաև վերստուգիչ հանձնաժողովի նախագահի հաշվետվությունը հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ֆինանսական գործունեության մասին, որին հաջորդեցին սկզբնական արհմիութենական կազմակերպությունների նախագահների ելույթները։ 

Ելույթ ունեցողները ճյուղային հանրապետական միության հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքը գնահատեցին բավարար։

Օրակարգի վերջին հարցը ընտրություններ էին։ Բաց քվեարկությամբ ընտրվեց ճյուղային հանրապետական միության խորհրդի կազմ՝ բաղկացած 9 հոգուց։  Խորհրդի նախագահ  վերընտրվեց Յուրի Ավանեսյանը։ 

Համաժողովի աշխատանքներն ամփոփեց ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի նախագահը։ ՙԱյն փաստը, որ այսօր ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիան ունի 749 սկզբնական արհեստակցական կազմակերպություն՝ ավելի քան 23 հազար 555 անդամի ընգրկմամբ, ինքնըստինքյան վկայում է արհմիությունների՝ երկրում ազդեցիկ ուժ լինելու մասին՚,- ասաց Արա Ղահրամանյանը։

 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ