[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ՚

ԱԱ՚-ի հարցազրույցը Ն զորամասի հրամանատար գնդապետ Սամվել ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։

 - Պարոն գնդապետ, պահի դրությամբ ինչպիսի՞ն է իրադրությունն առաջնագծում։

- Թեկուզ հակառակորդի կողմից կրակոցներն անպակաս են, հրադադարի ռեժիմը հաճախ է  խախտվում, բայց ներկա դրությամբ իրավիճակը լարված չէ։ Իսկ եթե համեմատելու լինենք նախորդ ամիսների հետ՝ առաջնագծում համեմատաբար հանգիստ է։

- Ապրիլյան դեպքերից առաջ և հետո Ձեր հրամանատարությամբ գործող զորամասի դիրքերում եղել եմ բազմիցս։ Հանդիպել ու զրուցել եմ  և՜ զինվորների և՜ տարբեր աստիճանակարգ ունեցող սպաների հետ, սակայն առիթ չի եղել զրուցել Ձեզ հետ։ Խնդրում եմ անդրադառնաք այդ օրերի իրադարձություններին։ Գաղտնիք չէ, որ Ձեր զորամասը ճակատագրական օրերին գերազանց է կատարել իր մարտական խնդիրը։

- Դուք ճիշտ նկատեցիք, մեր ենթակա զորամասն իր խնդիրը կատարել է փայլուն կերպով։ Նամանավանդ մեր անկախության սերունդը։ Մենք գրեթե չէինք պատկերացնում, որ նրանք կարող էին այդքան դիմացկուն, մարտունակ լինել։ Անկախության սերունդը գերազանցեց մեր  բոլոր  սպասելիքները։ Դա ես կապում եմ այն հանգամանքի հետ, որ ներկայիս երիտասարդությունը ծառայում է կանոնավոր բանակում։ Եվ այդ բանակում  կան ոչ միայն փորձություններով թրծված ավանդույթներ, այլև ստեղծված են բոլոր պայմանները լիարժեք ուսուցման և դաստիարակության համար։ Լիարժեք  ուսուցում և դաստիարակություն ստացած զինվորը պատրաստ է իր խնդիրը կատարել ցանկացած պայմաններում, լինի դա ցերեկ թե գիշեր, ամառ թե ձմեռ։ Այս պահի դրությամբ մենք ունենք բոլոր զինատեսակները, զինված ենք բավական մեծ քանակի զենք-զինամթերքով, ռազմական տեխնիկայով։ Մեր զորամասի պաշտպանական տեղամասի առանձնահատկությունները հաշվի առնելով՝  դիմակայել ենք ոչ միայն քառօրյա պատերազմի օրերին, այլև դրանից առաջ և հետո։ Մինչև ապրիլի երկրորդ տասնօրյակը հակառակորդը հրթիռահրետակոծում էր ոչ միայն մեր դիրքերը, այլև Մարտակերտն ու շրջակա բնակավայրերը, մինչև որ ստիպված էինք  լռեցնել նրանց։ Այդ օրերին մեր զորքն անկոտրում  ոգի դրսևորեց, մարտական բարձր պատրաստվածություն։ Ճիշտ է, հակառակորդին հաջողվեց  որոշակի ժամանակահատվածով գրավել մեկ դիրք, բայց այն  արագ հետ գրավեցինք։ Այդ հակագրոհին մասնակցեցին մեր զորամասի լավագույն հրամանատարներն ու զինվորները՝ դրսևորելով բարձր որակներ։ Նրանք հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ կարողացան  հակառակորդին ետ շպրտել՝ վերականգնելով մեր նախկին դիրքերը։

- Ձեր մարտական դիրքերում ծնված սխրանքի մասին պատմվում-հիշվում է ու դեռ երկար է  հիշվելու։ Ինչպե՞ս է այն մատուցվում նորակոչիկներին և ոչ միայն։

- Ռոբերտ Աբաջյանի սխրանքը մեծ պատիվ է մեր զորամասի համար, յուրաքանչյուր հրամանատար կերազեր նման զինվոր ունենալ։ Ամեն հրամանատար էլ կցանկանար, որ իր ենթական արժանանար ՝ Արցախի Հանրապետության բարձրագույն կոչմանը։ Մեր զորամասի  երկու տասնյակ զինծառայողներ արժանացան տարբեր մեդալների ու շքանշանների։ Ռոբերտ Աբաջյանի և նրա մարտական ընկերների սխրանքը դեռ շատ երկար է լուսավորելու նոր սերնդի ճանապարհն ու ազդակ հանդիսանալու նորանոր սխրանքների։ Զորամասի զինվորները ձգտում են նմանվել նրան և մեր առօրյա գործունեության ընթացքում ձգտում ենք այդ օրերին  տեղի ունեցածը, այդ աննախադեպ սխրանքները դարձնել ողջ անձնակազմի ուղեցույցը։ Իզուր չէ, որ  ուսումնական գումարտակի մուտքի մոտ տեղադրել ենք խաչքար՝ ապրիլյան զոհերի հիշատակին նվիրված և այն դարեդար հիշեցումը կլինի մեծ սխրանքի։ Պատերազմների փորձը  ցույց է տալիս, որ բարձր ոգին վճռորոշ, մեծ  դերակատարություն ունի մարտական ելքի վրա։ Երիցս պարտավորված ենք նաև մեր զոհված ընկերների հիշատակի առջև։ 

- Պաշտպանական գծի ողջ երկայնքով այսօր ինտենսիվ ինժեներա-շինարարական աշխատանքներ են ընթանում, որից անմասն չէ նաև Ձեր հրամանատարությամբ գործող զորամասը։ 

- Ինչպես բոլոր զորամասերում, այնպես էլ մեր զորամասի պահպանության ողջ գոտում լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում ինժեներական կառույցների կատարելագործման, դիրքերի բարելավման նպատակով։ Գաղտնիք չէ, որ մինչ  քառօրյա  պատերազմը նման լայնածավալ աշխատանքներ չեն իրականացվել, որքան այս վերջին երեք ամսվա ընթացքում։ Եթե հակառակորդի կողմից կրկին գործողություններ լինեն, կհետևի համարժեք պատասխանը։

- Իսկ ի՞նչ են հուշում հետախուզական վերջին տվյալները։

- Վերջին տվյալներով լայնածավալ գործողություններ չեն սպասվում, իսկ եթե լինեն էլ, մենք պատրաստ ենք ցանկացած բարդության  խնդրի կատարմանը։ Ինժեներական աշխատանքներից զատ, զորքերը համալրվում են նաև ժամանակակից տեխնիկական միջոցներով՝ գիշեր-ցերեկ հետախուզություն իրականացնելու, հակառակորդի մարտադաշտը  դիտարկելու համար։ Զորամասերը համալրվում են նաև զենքերի  նոր տեսակներով։ Զորահանդեսի ժամանակ էլ տեսանք, թե ինչպես է մեր բանակը համալրվում  ռեակտիվ-համազարկային համակարգերով, հեռահար հրետանային միջոցներով և զրահապատ մեքենաներով։ Զինտեխնիկայի համալրումը  մշտական գործընթաց է։ Մենք պատրաստ ենք  հակառակորդին ոչ միայն արժանի հարված  տալ, այլև  անհրաժեշտության դեպքում հետ մղել, քշել իր որջը և  դեռ ավելին՝ վերականգնել մեր դարերով  կորցրածը։ Ամենօրյա  պատրաստության մեջ ենք, մեր կարգախոսներից մեկն էլ ակտուալ է բոլոր ժամանակների համար. ՙԴժվար զորավարժությունների ժամանակ, հեշտ՝ մարտի դաշտում՚։ 

- Նոր ու նորացված զինտեխնիկան հե՞շտ է յուրացվում  զորքի կողմից։

- Զինտեխնիկայով  համալրմանը զուգընթաց աշխատանքներ են տարվում զենքի տիրապետման ուղղությամբ։ Անց են կացվում մարզումներ ու պարապմունքներ։ Մարտական դիրքերի ինժեներական կատարելագործման ողջ աշխատանքները բավարար հիմքերի վրա են։ Եվ հատկապես տեխնիկական միջոցներով հագեցվածությունը թույլ է տալիս ասելու, որ մեր զինվորը դիրքերում հնարավորինս պաշտպանված է, մնում է, որ նրանք զգոն և ուշադիր լինեն՝ գիշեր թե ցերեկ։ 

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ