ՙԻՄ ԱՐՑԱԽԸ՚. ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՙՀԱՅԱՍՏԱՆ՚ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԸ

Արցախի՝ որպես  պետություն,  կայացման, նրա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, ռազմավարական նշանակության ծրագրերի կենսագործման մեջ մեծ  ու  անուրանալի են ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի դերն ու նշանակությունը:

 ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում այսօր մեկնարկում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի 19-րդ  հեռուստամարաթոնը։  Այն կանցկացվի ՙԻմ Արցախը՚ խորագրի ներքո։

Ինչպես տեղեկացանք հիմնադրամի Արցախի ծրագրերի համակարգող  Վալերի Ղազարյանից, համահայկական դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի  վերականգնմանը, խաղաղ  բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին,  բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը։

Վ. Ղազարյանը նշեց, որ, դրանից բացի, կշարունակվեն նաև նպատակային հատկացումներով ծրագրերն ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։ Խոսելով Հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում արդեն ընթացող աշխատանքների մասին, նա նշեց հետևյալը. տարբեր համայնքներում համայնքային կենտրոնների, բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցում, դպրոցների, մանկապարտեզների շինարարություն, որոնք շարունակություն և տրամաբանական ավարտ կունենան։ Խոսքը Հիմնադրամի միջոցով Ստեփանակերտ քաղաքում վերակառուցվող  թիվ  9 դպրոցի և Սոս գյուղում  կառուցվող  դպրոցի, Նորագյուղ և Քարին տակ գյուղերում մանկապարտեզների, Տումի, Թաղասեռ և մի շարք այլ գյուղերում համայնքային կենտրոնների մասին է։

 Թե ի՞նչ  ակնկալիքներ ունեն, որքա՞ն գումար են ակնկալում հեռուստամարաթոնից, Վ. Ղազարյանը դժվարացավ պատասխանել,  միայն նշեց, որ  տարեցտարի ավելանում է նվիրատուների թիվը, ինչը նշանակում է,  որ ՙՀայաստան՚ համահայկական  հիմնադրամն  ապացուցել է, որ  ինքն այն  համազգային կառույցն է, որը շատ լուրջ ներդրում  ունեցավ մեր  պետականության կայացման գործընթացում և միշտ  սատարում է Արցախին ու  արցախահայությանը։ Այն եզակի համազգային կայացած կառույցն է,  որը  շահագրգռված է համազգային նշանակության խնդիրներով։ Իսկ  հեռախոսամարաթոններն ու հեռուստամարաթոնները ոչ միայն և ոչ այնքան դրամահավաք կարելի է որակել, որքան  ազգի՝ մեկ ընդհանուր գաղափարի, հայրենիքի շուրջ համախմբելու միջոց։

ՙԱմբողջ հայությունը պիտի համոզված լինի, որ հատկացվող յուրաքանչյուր լուման հասնում է իր նպատակին,-ասաց նա։ - Ամեն  տարի սփյուռքի մեր հայրենակիցները՝ նվիրատուները, նրանց ներկայացուցիչները, այցելելով Արցախ, տեսնում են, թե ինչ հսկայական աշխատանք է տարվում հավաքագրված գումարների շրջանակներում։ Եվ ես, որպես Արցախի ծրագրերի համակարգող, որն արդեն յոթերորդ տարին է, ինչ զբաղեցնում են այս պաշտոնը, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որևէ օրինակ կամ փաստ ոչ նպատակային ծախսված գումարների մասին չկա: ՙՀայաստան՚ հիմնադրամի  աշխատանքը թափանցիկ է. ամեն տարի հրապարակվում են ֆինանսական և ֆիզիկական աուդիտների եզրակացությունները նրա գործունեության վերաբերյալ՚։ Վ. Ղազարյանը նշեց, որ խիստ վերահսկողություն կա նաև կապալառու կազմակերպությունների վրա, և այն  դեպքերում, երբ  բացահայտվում են շինարարական նորմերի և կանոնների որոշակի  խախտումներ, նախագծերից շեղումներ, անորակ գործերն   ապամոնտաժվում  են և աշխատանքը նորից իրականացվում է   նույն կապալառու կազմակերպության հաշվին։ ՙԱրդյունքում՝ կարող ենք արձանագրել, որ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի շրջանակներում  գործերը կատարված են որակյալ, ինչու չէ՝   նաև քիչ ծախսերով՚,-ասաց  Հիմնադրամի արցախյան ծրագրերի համակարգողը։

2016թ. ՙՀայաստան՚ հիմնադրամի  Արցախի ծրագրերից կարևորագույնը կարելի է համարել Մարտակերտ-Վարդենիս ռազմավարական ճանապարհի շինարարությունը, ինչը, Վ. Ղազարյանի խոսքով, նախատեսվում է ավարտել հաջորդ տարվա ընթացքում։ Վարդենիս-Մարտակերտ 114,3 կմ երկարությամբ  ճանապարհից վերականգնման  ենթակա է  մնացել  5կմ-ոց՝ Նոր Կարաչինար-Սոտք հատվածը, որտեղ  տեղանքի բարդության, սողանքների պատճառով  աշխատանքները ձգձգվել են, դժվարացել։ Մասնագետներն ու նախագծողները   աշխատում են խնդիրների  վերացման ուղղությամբ և  հաջորդ տարի ծրագիրը բարեհաջող կավարտեն։ 

Հիմնադրամի ուժերով 28 բազմազավակ ընտանիքի համար  Արցախի տարբեր շրջաններում կառուցվում են առանձնատներ։ Դրանցից 11-ն արդեն հանձնվել են հասցեատերերին, մոտ օրերս մի քանիսն էլ կավարտվեն։ Վ. Ղազարյանը շեշտեց, որ բազմազավակ ընտանիքների համար կառուցված առանձնատներն  ունեն ժամանակակից պլանավորում, խոհանոցը և սանհանգույցը կահավորված են։ Շահագործման են հանձնվել համայնքային կենտրոններ Կարմիր շուկայում և Մուշկապատում, մանկապարտեզ՝ Իվանյան համայնքում։ Մոտ օրերս շահագործման կհանձնվի Կոճողոտի համայնքային կենտրոնը, որի շինարարությունը և կահավորումը վերջերս ավարտվել են։  Ներկայումս համայնքային կենտրոններ են կառուցվում Տումի, Գետավան, Քյուրաթաղ, Սարգսաշեն,  Թաղասեռ գյուղերում։ Այս տարվա ընթացքում, կարճ ժամանակահատվածում Հիմնադրամն ավարտել է մի շատ կարևոր ծրագիր՝ Մատաղիս գյուղի դպրոցի վերանորոգումը: Այն տուժել էր ապրիլյան դեպքերից։ ՙՍա ես կարևոր եմ համարում, քանի որ  ծրագիրը մեծ հոգեբանական ազդեցություն ունի. տեղի բնակչությունը համոզվում է, որ  միայնակ չի՝  ամբողջ հայությունն  իր թիկունքում է՚,-ասաց Վ. Ղազարյանը։

 Հիմնադրամի խոշոր ծրագրերից մեկն էլ, որ իրականացվել է Ստեփանակերտում, Ուռուցքաբանական հիվանդանոցի  նոր շենքի կառուցումն է:  Շինարարական աշխատանքներն ավարտված են, մնում է տեղադրել բուժսարքավորումները:

  Տարվա ընթացքում, ապրիլյան պատերազմից հետո,  դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների ձևով զգալի օգնություն է ցուցաբերվել առողջապահության համակարգին։

Հիմնադրամն իր  ծրագրերի մի մասն  իրականացնում է ԼՂՀ կառավարության հետ համատեղ, ծրագրերի առաջնահերթություններն էլ որոշվում է Հոգաբարձուների խորհրդի կողմից՝ ԼՂՀ իշխանությունների և Հիմնադրամի ղեկավարության համագործակցությամբ: 

Այսպիսով, ՙՀայաստան՚ հիմնադրամի կողմից կազմակերպված հեռուստամարաթոնը կմեկնարկի Երևանի ժամանակով 22.00-ին և 12¬ժամյա ուղիղ եթերով կհեռարձակվի  հայաստանյան գլխավոր հեռուստաալիքներով։ 

Ամենամյա հեռուստամարաթոնի եթերում Հիմնադրամը կամփոփի տարվա ընթացքում իրագործված և ընթացիկ ծրագրերը, կհայտարարվեն տեղական մարմինների հավաքագրված գումարները։

Հեռուստամարաթոնի 2016թ. գլխավոր հովանավորը Հայբիզնեսբանկն է, իսկ գործընկերը՝ Հայփոստը։

Սրբուհի ՎԱՆՅԱՆ