[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԱՐԻՔ ԴԵՌ ՈՒՆԻ

Շատերն են զբաղվել Արցախի ուսումնասիրությամբ, սակայն այսօր էլ կան որոշակի բացթողումներ, որոնք պայմանավորված են տարբեր հանգամանքներով ու պատճառներով։

Երկրամասի անցյալը մեզ ներկայացնողներից հայտնի են Ջալալյանցի, Լեոյի (Բաբախանյան), Մակար Բարխուդարյանցի, Երվանդ Լալայանի, Սեդրակ  Բարխուդարյանի, Բագրատ Ուլուբաբյանի, Շահեն Մկրտչյանի և այլոց անունները։ Բոլորն էլ իրենց հնարավորության սահմաններում արժեքավոր գործ են կատարել։ 

Ինչ վերաբերում է բացթողումներին, նշենք հետևյալը. ներկայումս ԼՂՀ տարածքի բնակավայրերի հին հայկական գերեզմանատների վիմագրական արձանագրությունները լրիվությամբ հավաքագրված և ուսումնասիրված չեն։ Այնինչ, դրանք մեր նախնիների և երկրամասի ռազմաքաղաքական ու տնտեսական վիճակի մասին արժեքավոր տեղեկություններ կտան։ Չենք կարող խոսք չասել Թալիշի, Կուսապատի, Խծաբերդի հին գերեզմանաքարերի արձանագրությունների մեր ոչ վաղ անցյալի՝ 17-19-րդ դարերի դեպքերի մասին։ Այդ արձանագրություններում ժլատ տեղեկություններ կան  այն մասին, թե ինչպես են մեր նախնիները զինված պայքար մղել Հյուսիսային Կովկասից թալանելու նպատակով Արցախ մտած լեռնականների ու հեռուներից եկած կարա-կոյունլու կոչված քոչվոր ցեղերի դեմ։ Չնայած բոլորն էլ հետ են շպրտվել Արցախի սահմաններից, բայց որոշակի հետք, այնուամենայնիվ, թողել են, որի մասին հիշատակված է մեր պատմության էջերում։ 

Խորհրդային իշխանության տարիներին Արցախում ու նրանից անօրեն առանձին վարչատարածքային միավորներ սարքած Շամքորի, Քարհատի, Խանլարի և Շահումյանի շրջանների տարածքներում վիմագրական արձանագրությունների հավաքման, ուսումնասիրման գործով զբաղվողներ չեն եղել։ Որոշակի  պայմանավորվածություն ստանալուց հետո միայն այդ հարցով լրջորեն զբաղվել են միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում. 1961-64 թվականներին  Սեդրակ Բարխուդարյանի ղեկավարած չորս հոգուց բաղկացած խումբը  հավաքել է 1037 արձանագրություն։ Վաստակաշատ գիտնականը մահացել է 1970թ.՝ չտեսնելով իր աշխատանքի արդյունքը գրքի տեսքով։ Այն միայն 1982-ին է տպագրվել։ Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչն ստիպեց ինձ  1997 թվականից ի վեր  զբաղվել Շուշիի ուսումնասիրությամբ՝ ըստ վիմագրական արձանագրությունների։ Ինձ տեղեկացրին, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արդեն հրատարակված գիրք կա, որի արձանագրությունները հավաքված են բոլոր բնակավայրերից։ Գիրքը կոչվում է ՙԴիվան հայ վիմագրության՚ 5-րդ պրակ։ Գտա  այն  ու ծանոթացա։ Մուտքի խոսքում գրված է. ՙՇուշիին տեղ չի հատկացվել այն պատճառով, որ հնությունները լավ չեն պահպանվել՚։

 Եթե ճիշտն ասենք, նշված թվականներին դեռ պահպանվում էին Ղազանչեցոց եկեղեցու հարավ-արևելյան կողմի՝ հին գերեզմանատունն ու ռուսական եկեղեցու արևելյան կողմի ռուս հոգևորականների գերեզմանոցը (ներկայիս շրջվարչակազմի շենքի տեղում)։ Քանդման  գործն սկսել են 1962-63 թվականներին։ Նման պարագայում պետք է առաջնահերթության կարգով զբաղվեին Շուշիով ու Արցախից 1920-23 թթ. անջատված մյուս՝ վերը նշված հայկական շրջաններով։ Հիմք ընդունելով գրրքում գրվածը՝ շարունակեցի աշխատել ու մինչև 2005թ. հավաքեցի մոտ 1400 արձանագրություն միայն Շուշիի 8 քրիստոնեական գերեզմանատներից ու քաղաքի՝  արձանագրություններ ունեցող կառույցներից, չհաշված հարակից Քարինտակ, Հոնուտ, Ղայբալի, Շուշի  գյուղ (Շոշ), Բադարա գյուղերից հավաքածները, որոնք մշակված, բայց ձեռագիր վիճակում են։ 

Շուշիից հեռու այս գյուղի շրջակայքից հին արձանագրություններ հավաքելս ուներ իր դրդապատճառը։ Գիրքն արդեն պատրաստ էր։ Ռուսերեն տարբերակը տպագրվում է Ստեփանակերտի ՙՍոնա՚ գրատանը՝ հայտնի բարերար Լևոն Հայրապետյանի հովանավորությամբ, իսկ հայերենը՝ ՙՇուշիի տապանաքարերի արձանագրությունները՚՝ ԵՊՀ¬ում՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի միջոցներով (գիրքը տարածվել է հայկական գաղութներում)։ Օրերից մի օր Երևանում հանդիպեցի մեր համերկրացի  գրող Բոգդան Ջանյանին։ Երբ ասացին, որ Ղարաբաղից եմ ու զբաղվում եմ Շուշիի անցյալով,  թևս բռնեց, ու մենք առանձնացանք։ Զրույցի ժամանակ ասաց, որ Ղարաբաղի պատճառով Թաթուլ Հուրյանին Բաքվից որպես պատիժ Ադրբեջանի  կոմկուսի ԿԿ  առաջին  քարտուղար Միրջաֆար Բագիրովն ուղարկել է Ստեփանակերտ։ Աշխատում էր ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթի խմբագրությունում, որտեղ ևս իրեն ՙլավ՚ չէր պահում. մի քանի արձանագրություն էր արտագրել Բադարայի տարածքից, որը նրա համար ճակատագրական է դարձել։ Բ. Ջանյանն  առաջարկեց ժամանակ գտնել ու մեկնել Բադարա։ Ես խոստացա լինել տեղում։ Եվ կրկին համոզվեցի, որ ոչ միայն Շուշին, այլ նաև Ղարաբաղի բոլոր բնակավայրերը պատմության դեռ լրիվ չուսումնասիրված էջեր են։

Ինչ  վերաբերում է Թ. Հուրյանին, նշեմ, որ հերթական անգամ նրան փրկել էր Ստալինի մասին գրած պոեմը։ Փրկվելով դատից, կամավոր մեկնել է ռազմաճակատ ու կատաղի մարտերից մեկի ժամանակ զոհվել Սևաստոպոլից ոչ հեռու Մեկենզևյան բարձունքում։ Երկրամասի անցյալով ու ճակատագրով զբաղվող շատ նվիրյալներ են պատժվել, բոլորն էլ անտեղի, որոնցից էր նաև բանաստեղծ Բ. Ջանյանը։

2006թ. հունիսին Ստեփանակերտում կազմակերպված գիտաժողովի նյութերն ամբողջովին նվիրված էին Ղարաբաղին։ Կլարա Ասատրյանի հեղինակությամբ ՙՍ. Բարխուդարյանի դերը Արցախի վիմական արձանագրությունների հավաքման և հրապարակման գործում՚ հոդվածում կան տեղեկություններ, որոնց անտեղյակ էինք։ 

Կ. Ասատրյանը նշում է. ՙՍ. Բարխուդարյանի անձնական արխիվում պահպանվել են տասնյակ նամակներ. հեղինակներից գրեթե բոլորը Դաշտային Ղարաբաղի բնակիչներ են։ Մարդիկ, լսելով, որ Հայաստանից եկած գիտնականներն ուսումնասիրում են Լեռնային Ղարաբաղի հնությունները, ոգևորված և պատրաստակամ խնդրում են, որ հիշյալ արշավախմբերն այցելեն նաև իրենց գյուղերը։ Հատկապես նամակները շատ էին Շամքորի հայաբնակ Բարսում, Չարդախլու, Մարտունի, Սալեր, Օլագիր, Բադա, Նուզգեր (պահպանվող լուսանկարում պատկերված շիրմաքարի արձանագրությունում գրված է. ՙՆոյեմզար՚.¬ Հ. Հարությունյան) գյուղերից։ 

Ինչպես տեսնում ենք, Ղարաբաղին նվիրված  մատենաշարի 5-րդ պրակը ոչ լրիվությամբ է ընդգրկել նույնիսկ նրա ներկայիս բզկտված հատվածը։ Դուրս են թողնված Շուշիի շրջանն ու Հադրութի շրջանի հարավային Շաղախ (Սարին շեն), Քարագլուխ, Սպիտակ շեն, Քարինգ գյուղերը՝ հարևան բնակատեղիներով։ Ու գալիս ենք այն եզրակացության, որ մեր երկրամասը դեռ լրիվությամբ  ուսումնասիրված չէ։ Իսկ դրա կարիքը ներկա ժամանակաշրջանում շատ է զգացվում։ Դա կարևոր զենք կլինի հայ քաղաքագետների ու դիվանագետների ձեռքում։

Ինչ վերաբերում է վաղուց օտարված Շամքորի, Քարհատի, Խանլարի և Շահումյանի  շրջաններին, կարող ենք ասել, որ խոսելն արդեն անիմաստ է, ինչի վկան են Նախիջևանի Ջուղան, Ագուլիսն ու Շահկերտը (Ղազանչի)։

 

Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ