[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵՍ ԵԿԱ ՂԱՐԱԲԱՂ՝ ՕԳՆԵԼՈՒ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ...՚

Արցախի հերոս, ՙՈսկե արծիվ՚ շքանշանակիր գեներալ¬լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի ծննդյան 96-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց նրա հուշարձանի մոտ ծաղկեպսակադրությամբ։

 Բացելով միջոցառումը, Ստեփանակերտի  Ք. Իվանյանի  անվան ռազմամարզական վարժարանի պետի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Հրայր Բաղդասարյանն ասաց, որ չնայած այսօր  մեծանուն հայը  մեզ հետ չէ, բայց նրա նվիրումն ու սխրանքը, որ պատգամել է սերունդներին, նույն ուժով ոգևորում են ապրողներիս։ Գեներալն իր անձնական օրինակով ապացուցեց, որ հայրենասիրության, նվիրումի համար տարիքն արգելք չէ։ 

Ք. Իվանյանի կյանքն  ու  գործունեությունը  հակիրճ ներկայացրեց վարժարանի  դասախոս սերժանտ Արմինե Հակոբջանյանը։ Ըստ նրա՝ Ք. Իվանյանն  այն անհատն է, ով, ծնվելով հայրենիքից հեռու, մշտապես  տառապել է հայրենիքում  ապրելու և հայրենիքով հարստանալու  ցանկությամբ։ Մեծ Հայրենականի տարիներին խիզախությամբ աչքի ընկած և հետպատերազմյան ժամանակահատվածում խորհրդային բանակաշինության գործում անձնական ավանդը բերած հայազգի գեներալը թերևս այն քչերից մեկն էր, ով 72¬ամյա հասակում գերադասեց թողնել տասնամյակների անխոնջ ծառայության ընթացքում վաստակած հանգիստը և գալ ու անդամագրվել Արցախյան գոյամարտին։ Նա եկավ  ճանաչելու իր ժողովրդին. ՙԵս եկա Ղարաբաղ՝ օգնելու իմ ժողովրդին... Եկա և նրանց աչքերում տեսնելով հպարտություն ու կամք, որոշեցի մնալ այստեղ։ Նախկին Խորհրդային բանակից ստացած իմ գիտելիքները ես պարտավոր էի ոչ թե թաղել ինձ հետ, այլ տալ իմ ժողովրդին։ Վերջ ի վերջո ես հայ եմ և կոչումով մի մարդ, ով տիրապետում է ռազմական գործին՚։

Ա.Հակոբջանյանի կարծիքով՝ անհրաժեշտ է ոչ միայն բավարարվել հերոսի մասին տոնից¬տոն հիշատակելով և նրա հասցեին մեծարանքի խոսքեր շռայլելով (ինչը խիստ անհարիր էր նրա բնավորությանը), այլև խորությամբ և համակողմանի ուսումնասիրել նրա կյանքը, որը ոչ միայն հարուստ է բազմապիսի հետաքրքիր և ուսուցողական դեպքերով։  Այն իր ժողովրդին անմնացորդ ծառայելու օրինակ է։ 

Ք. Իվանյանի հուշարձանի մոտ տեղի ունեցավ վարժարանի սան Սևադա Բեկլարյանի հանդիսավոր խոստումնատվությունը։

Վարժարանի սաների հանդիսավոր շարանցումից հետո միջոցառման երկրորդ մասը շարունակվեց զորամասի ակումբում։

Վարժարանի սաների և Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան   10-րդ հիմնական դպրոցի աշակերտների միջև անցկացվեց ինտելեկտուալ խաղ¬մրցույթ՝ ՙԵս քո զինվորն եմ՚ կարգախոսով։  Այն կազմակերպել ու վարում էր վերոնշյալ դպրոցի փոխտնօրեն Անահիտ Սարգսյանը։ 

Մրցույթին մասնակցում էր չորս թիմ՝ ՙԱսպետ՚, ՙԱրծվիկ՚, ՙԴյուցազուն՚, ՙՀայկի սերունդ՚։  

Վարժարանի սաներին և աշակերտներին տրվող հարցերը վերաբերում էին ԼՂՀ պետական խորհրդանիշներին, ռազմական գործի իմացությանը, հայ ժողովրդի ռազմապատմական անցքերին ու իրադարձություններին և այլն։ 

Համառ ու ակտիվ մրցապայքարում  հաղթող է ճանաչվել ՙԴյուցազուն՚ թիմը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ՙԱսպետ՚ և ՙԱրծվիկ՚ թիմերը։ 

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն արժանացել են պատվոգրերի։ 

 10¬րդ դպրոցի թիմը վարժարանի պետի կողմից արժանացել է նվերի, իսկ վարժարանի թիմի տղաները՝  մեկօրյա արձակուրդի, աղջիկները՝ նվերների։ 

Վերջում աշակերտներն ու վարժարանի սաները դիտել են Ք. Իվանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված տեսաֆիլմ՝ պատրաստված ՙԳոյամարտ՚ հեռուստածրագրի ուժերով։

Կարևորելով նման միջոցառումները, սաների ու աշակերտների տարբեր ձևաչափերով հանդիպումները՝  ռազմամարզական վարժարանի պետ փոխգնդապետ Վահրամ Հակոբյանն ասաց, որ հաստատության  կազմավորումը եղել է գեներալ¬լեյտենանտ Իվանյանի ծրագրերի շարքում, ցավոք, նա չհասցրեց այն իրականություն դարձնել։ Վարժարանն իր ստեղծման օրից առ այսօր անցել է բավական  հետաքրքիր և բարդ ճանապարհ՝ կրթելով բազում հայորդիների և բանակը համալրելով կոփված ու գիտելիքներով զինված սպաներով։ Ըստ վարժարանի  պետի, տարեցտարի ավելի են արժևորվում երջանկահիշատակ գեներալի այն ծառայությունները, որով այսօր առաջնորդվում են մեր սպաներն ու բանակի հրետանային ստորաբաժանումները։

-Մենք՝ լինելով հանրակրթական ուսումնական  հաստատություն և ուսումնասիրելով օտարերկրյա ռազմական ուսումնական հաստատությունների փորձը, ձգտում ենք այն արմատավորել մեզ մոտ,¬ նշեց Վ.Հակոբյանը,¬ մենք լայն կապեր ենք հաստատում հանրակրթական գրեթե բոլոր հաստատությունների հետ, ընդ որում՝ շատերն են ցանկանում  համագործակցել մեզ հետ։ Այսօր մեր հյուրերը թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտներն են։ Ի վերջո, դպրոցները նաև  վարժարանը համալրում են  սաներով, ինչպես որ մենք ենք համալրում բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունները։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ