[ARM]     [RUS]     [ENG]

Վիրավորված զինվորի վիրահատությունն ավարտվել է, բժիշկները հույս են տվել

Երեկ ուշ երեկոյան Արցախում գլխից ծանր վիրավորված 19-ամյա ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիրահատությունն ավարտվել է, սակայն նա դեռ անզգայացած է, վիճակը ծանր է, վերակենդանացման բաժանմունքում է: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գուրգենի հորեղբայրը՝ Ավետիք Սարգսյանը, ով Գուրգենի ծնողների հետ այժմ Ստեփականակերտի հոսպիտալում է: Նա հավելեց, որ դեռ բժիշկների հետ չի հաջողվել մանրամասները ճշտել:  

Վիրավոր Գուրգենի հորեղբայրը նաև ասաց, որ նա գլխուղեղի բեկորային վնասվածք է ունեցել: «Տեղյակ չենք վիրահատությունից, ինքը անզգայացած է: Ուղղակի հույս են տվել»,- ասաց հորեղբայրը:

Գուրգեն Սարգսյանը Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղից է, ամռանն արդեն պիտի զորացրվի: Հորբատեղի գյուղապետ Գագիկ Սանդրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Ասկերանում ծառայող Գուրգենը վիրավորվել է պարանոցի հատվածում:

Ըստ գյուղապետի՝  Գուրգենի ընտանիքը գյուղատնտեսությամբ ապրող անապահով ընտանիք է: Գուրգենի քույրն ամուսնացել է, մյուս եղբայրը փոքր է:

Հիշեցնենք, որ Արցախի առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները։Նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

 

Tert.am