[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱ ԳԻՏԵՐ, ՈՐ ԿՐԱԿԻ ՀԵՏ Է ԽԱՂՈՒՄ

Հրանտ Դինքի զոհվելու 10¬րդ տարելիցի կապակցությամբ

 Հրանտ Դինք. ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին Մալաթիայում: Նա հայտնի էր որպես մեծ պահանջարկ ունեցող լրագրող, հայերեն ու թուրքերեն լեզուներով լույս տեսնող ՙԱգօս՚ թերթի գլխավոր խմբագիր, իր ժամանակի ականավոր մտավորական, հոդվածագիր: ՙԱգօս՚-ը, ըստ էության, միակ հայալեզու ամսաթերթն է, որը լույս է տեսնում Ստամբուլում` հանդիսանալով հայոց համայնքի ձայնը` սկսած 1996 թվականից: 

Դինքը ծնվել է հայազգի Սարգիս Դինքի (Հաշիմ Քալֆա) և Սվազից սերող Գյուլվարդ Դինքի ընտանիքում: Վաղ մանկությունից դաստիարակվել է պապի մոտ, իսկ Ստամբուլ տեղափոխվելուց հետո, երբ նրա ծնողներն ամուսնալուծվել են, նա հայտնվել է Գետիկփաշա շրջանի հայկական մանկատանը, որտեղ էլ հանդիպել է իր ապագա կնոջը` Ռաքելին: Նշենք նաև, որ Դինքն իր կրթությունը ստացել է հայկական դպրոցներում: ՙԱգօս՚-ը սկսել է հրատարակվել 1996 թվականի ապրիլի 5-ին` ընդամենը 1800 տպաքանակով` նպատակ ունենալով  Թուրքիայում բարձրացնել ժողովրդավարության ու ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման խնդիրները, բարելավել հայկական համայնքի ու թուրք հասարակության հարաբերությունները: Հարկ է հավելել, որ 2004 թվականի փետրվարի 24-ին տպագրվեց ՙԱգօս՚¬ի առավել ազդեցիկ հոդվածներից մեկը, որի հեղինակ Հռիփսիմե Գազալյանը փաստում էր, որ Թուրքիայի առաջին կին օդաչուն` Սաբինա Գյոքսենը, իրականում հայ է եղել, ավելին` այն հայ որբերից էր, որոնք որդեգրվել էին 1915 թվականից հետո: Այս ժամանակից ի վեր` Դինքը պարբերաբար ենթարկվում էր սպառնալիքների, հետապնդումների թուրք ազգայնականների կողմից։  Հրանտը հաճախակի հարկադրված էր  լինում այցելել ոստիկանական բաժանմունքներ, քանզի բարձրաձայնում էր Հայկական հարցը, Հայոց Ցեղասպանության ընդունման անհրաժեշտությունը, որը կնպաստեր հայ-թուրքական երկխոսությանը` միևնույն ժամանակ կտրականապես հրաժարվելով լքել Թուրքիան. նա սիրում էր կրկնել, որ հայ է, բայց ծնվել է Թուրքիայում, նաև թուրք հասարակության մի մասնիկն է ու չի ցանկանում փախչել… Արդյունքում Դինքը դատապարտվեց այս երկրի  սահմանադրության 301 հոդվածով, քանի որ քննարկումներ էր կազմակերպում ու հոդվածներ էր գրում` դեմ դուրս գալով ՙԵրջանիկ է նա, ով իրեն թուրք է անվանում՚ նշանաբանին, որն անգամ հարկադրում էին սերտել թուրքական դպրոցներում: Իր վերջին հոդվածում Դինքը գրում է. ՙԵս նման եմ աղավնու այս հասարակության մեջ, որը պետք է շատ աչալուրջ լինի, ուստի ես ճարպկորեն պտտում եմ գլուխս աջուձախ, վերևուներքև, որքան հնարավոր է արագ, որ խուսափեմ շուրջս առկա վտանգներից… Բայց ես չեմ սարսափում, քանի որ այս հասարակության մեջ աղավնիներին չեն կրակում՚… Ցավոք, իրականությունը դաժան գտնվեց… Հրանտ Դինքին սպանեցին 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնում` ՙԱգօս՚¬ի խմբագրատանը կից տարածքում: Համաձայն պաշտոնական թուրքական տարբերակի` մարդասպանն այն ժամանակ 17-ամյա Օղյուն Սամասթն է, որին ձերբակալել են և որն ընդունել է իր մեղքը հունվարի 21-ին: Շատերը հավաստիացնում են, որ սպանությունը պատվիրված է եղել… Ասում են` Դինքը փոխեց Թուրքիան. նրա մահվան հաջորդ օրը հազարավոր թուրքեր ու հայեր` մոմերով, ծաղիկներով ու Դինքի լուսանկարներով, շարժվեցին կենտրոնական Թաքսիմ հրապարակից մինչ սպանության վայրը` ձեռքներին պահած ՙՄենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինքն ենք՚ կարգախոսը։

                                                                                                                                                     blog.liberal.am