[ARM]     [RUS]     [ENG]

ԴԺՎԱՐ ՈՒ ՊԱՏՎԱԲԵՐ ՃԱՆԱՊԱՐՀ

Որքան վսեմ է մի ժողովրդի հասկացողությունը հայրենիքի մասին, այնքան զորավոր է նրա երկիրը, նրա հայրենասիրությունը։

Գարեգին ՆԺԴԵՀ

 Արցախյան ազատամարտն ազգի ինքնահաստատման և լինելիության համար մղված  կարևորագույն պայքարն է, որը հայությանը վերադարձրեց նախնյաց ոգու անպարտելի հուրը, արիական վարքի անսակարկելի արժեքները, որոնք սերունդների համար դարձան արիության դաս, պատգամ և հաղթական ճանապարհի նորօրյա ուղենիշ։ Արցախը հզոր է և անպարտելի իր նվիրյալներով։ Նրանցից մեկն էլ Վլադիմիր Սուրենի Կասյանն է։

Թերթելով Ազատամարտի նվիրյալի կենսագրության էջերը, առինքնող և ուշադրության արժանի շատ բան ենք գտնում. ՙՎ.  Կասյանի կյանքը սերտորեն կապված է ազգային¬ազատագրական պայքարի հետ, որի առաջին իսկ շրջանից սկսած՝ կամավորական ջոկատների կազմում նա ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, Շուշիի ազատագրմանը և Լաչինի միջանցքի բացմանը։ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի ստեղծման առաջին իսկ օրից նշանակվել է Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, 1993թ. հունվարի 1-ից՝ Շուշիի պաշտպանական շրջանի Բերդաձորի 51-րդ գումարտակի հրամանատար։ Նրա հրամանատարությամբ գումարտակն ազատագրական մարտեր է մղել ռազմական գործողությունների բոլոր ուղղություններում, այդ թվում՝ Լաչինի շրջանի հյուսիսային տարածքներում, Քելբաջարի, Ղուբաթլուի, Զանգելանի, Ֆիզուլու և Մարտակերտի շրջաններում՚։

Վ. Կասյանի համար հայրենասիրությունը կեցվածք չէ, այլ՝ էություն, գործող կենսակերպ։ Հող¬հայրենին նրա արյան մեջ նոր խորհուրդներ և ծալքեր է բացահայտել։ Հայրենիքի նվիրյալը զենքով ազատագրված հողը համարում է սրբավայր, ուր թափված արյան յուրաքանչյուր կաթիլից նոր կյանք է հառնելու։ Հայն իր ապրելու և հարատևելու իրավունքը վաստակել է համառ մարտերում։

Լրագրող Գագիկ Երնջակյանը ՙՀայրենիքի նվիրյալը՚ հոդվածում գրում է. ՙ1988թ. ալիքված Արցախյան շարժումը նոր էջ բացեց Վ. Կասյանի կյանքում։ Նա աներեր, առաջին իսկ օրվանից անդամագրվեց Շարժմանը, զենք վերցրեց և մտավ ֆիդայական պայքարի մեջ։ Բերդաձորի ինքնապաշտպանական խումբը կազմակերպել էր գյուղի ինքնապաշտպանությունն ազերի հրոսակներից։ 1992 թ. մայիսի 9-ին Վ.Կասյանը հաղթականորեն մտնում է Շուշի։ 1993թ. հունվարի 1-ին նա նշանակվում է Բերդաձորի 51-րդ առանձին գումարտակի հրամանատար։ Սերժ Սարգսյանի աջակցությամբ Վ.Կասյանը համալրում է գումարտակը  ՀՀ¬ում և ԼՂՀ¬ում տարաբնակեցված բերդաձորցիներով։ Եթե մինչև Վ.Կասյանի գալը զինվորագրվել էին 27 քաջորդիներ, ապա նրա հրամանատարությունը ստանձնելուց հետո հավաքվում են 170-ից ավելի մարտիկներ, իսկ 3-4 ամիս անց՝ 200 մարտիկ՚։

-Հայրենիքը սկսվում է ընտանիքից,¬ զրույցի ժամանակ խոստովանել է Վլադիմիր Կասյանը, -պատերազմի տարիներին չէինք մտածում`  բազմազավա՞կ ենք, թե` չամուսնացած, բոլորս էլ մեկ մարդու պես կռվում էինք։ 

Հայկ Նահապետի ոգին է լուսավորում հայ մարտիկների և սպաների ճանապարհը, որը, սկիզբ առնելով արիական ոգու խորքերից, ձգվում է  դեպի ապագան։ Արյունով ազատագրված հողն ազգային արժեք է և սակարկման ենթակա չէ։ 

Արցախյան գոյապայքարի տարեգրության էջերում Վ. Կասյանն իր մարտական  հետագիծն է թողել։  Սկսվում են Աղդամի և Մարտակերտի ազատագրման ռազմագործողությունները, ուր 51-րդ գումարտակը Սոֆանլու գյուղից մինչև Կարմիրավան ընկած տարածքում մղում է ծանր մարտեր, որոնց ընթացքում ոչնչացվում են թշնամական մի քանի ամուր հենակետեր և ազատագրվում  շատ բնակավայրեր։ Պատմելով ազատագրական տարիներին 51-րդ գումարտակի անցած փառավոր մարտական ուղու մասին՝ Վ. Կասյանը միշտ խուսափում է իր անձնական մասնակցության մասին պատմելուց։ Հենց այստեղ էլ դրսևորվում է նրա լավագույն մարդկային նկարագիրը՝ համեստությունը, ընկերասիրությունը։  

Հպարտությամբ թերթելով մեր ժողովրդի նորօրյա պատմության էջերը, տեսնում ենք և այն հիշարժան դրվագները, մաքառման և սխրանքի անմոռաց դասերը, որոնց մեջ իր ուրույն ավանդն ունի Վլադիմիր Կասյանը. ՙ1993թ. փետրվարին Վ. Կասյանի գլխավորած գումարտակին վստահվում է Սարիբաբի, Քարվաճառի և Շուշիի շրջանի սահմանագիծը, որը ձգվում էր Քարվաճառի Տիգիկ գյուղից մինչև Լիսագոր։ Մինչև մարտ ամիս գումարտակը պաշտպանել է իրեն վստահված դիրքերը։ 1993թ. գարնանը սկսվում են Քաշաթաղի և Քարվաճառի ազատագրման գործողությունները։ Այդտեղ գումարտակին վստահված էր Բլինդուզ գյուղից մինչև Քարվաճառի թունել կոչվող տեղամասը, որը ձգվում էր մոտ 100 կմ։ Վ. Կասյանի գլխավորությամբ գումարտակն  ազատագրել է ավելի քան 27 բնակավայր։ Շարունակելով և զարգացնելով ռազմական հաջող ընթացքը՝ 51-րդ գումարտակը միանում է Շուշիի գնդի 52-րդ և 53-րդ  գումարտակներին և հասնում մինչև Քարվաճառի թունել կոչվող տեղամասը։ Այստեղ 51-րդ գումարտակին հրաման է տրվում վերադառնալ Բերդաձոր, համալրել շարքերը և պատրաստվել նոր գործողությունների։ Պաշտպանելով իրենց վստահված դիրքերը՝ 51-րդ գումարտակը մասնակցում է Կուբաթլուի և Զանգելանի, նաև Լաչինի դեռևս չազատագրված տարածքների մարտերին։ 51-րդ գումարտակը Կուբաթլուի շուրջ 10 կմ շրջագծով ազատագրում է 12 գյուղ՚։ 

Մարտական ծառայությունների համար Վլադիմիր Կասյանը պարգևատրվել է   ԼՂՀ  ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանով և ՙՇուշիի ազատագրման համար՚ մեդալով:

Անցնելով հայրենի երկրի խաղաղ շինարարությանը՝ Վ. Կասյանը չի մոռացել իր և իր մարտական ընկերների երդումը՝ հուշարձան կանգնեցնել զոհված տղաների հիշատակին։ Եվ ահա 2004թ. կենտրոնական մայրուղու վրա (Երևան¬Ստեփանակերտ) Բերդաձորի հանդիման հառնեց մի հիասքանչ կոթող։ Գեղեցիկ հուշակոթողի վրա քանդակված են գումարտակի զոհված հրամանատարները, իսկ սև մարմարե պատվո տախտակին փորագրված են 52 նահատակների անունները, որոնք իրենց թափած արյունով հնարավոր դարձրին հաղթական այսօրը։

Վլադիմիր Կասյանը Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարն է, Արցախի ազատամարտիկների միության Ստեփանակերտի տարածքային միավորման խորհրդի նախագահը։ Հայրենապաշտության ճանապարհն ընտրած հրամանատարը իրեն գերազանց է դրսևորում նաև հետպատերազմյան շրջանում։ Նա համարձակորեն և անձնվիրութամբ է ձեռնամուխ լինում ժողովրդի կյանքի բարգավաճման և տնտեսության վերականգնման գործընթացներին։ 

Ռոբերտ ԵՍԱՅԱՆ