[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՍԻՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունվարի 20-ի նիստում, ի շարս այլ հարցերի, քննարկվեց և մասնակիցների կողմից ի գիտություն ընդունվեց Կենտրոնական և Տարածքային ընտրական հանձնաժողովների 2016թ. գործունեության մասին տեղեկատվությունը։

Այն ներկայացրեց ԼՂՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը։

2016թ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությունը, մի շարք հանգամանքներով պայմանավորված, պասիվ էր։  ԼՂՀ կառավարության անցած  տարվա հունվարի 20-ի որոշմամբ հաշվետու տարում հանրապետության մի շարք համայնքներում  պետք է անցկացվեին տեղական ինքնակավառավարման մարմինների հերթական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել էր ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ հիմնական միջոցառումների ժամանակացույցը, տրվել էին համապատասխան հանձնարարականներ։ Մի խոսքով՝ ամեն ինչ նախատեսված էր՝ ապրիլի 17-ին ՏԻՄ ընտրությունները 13 համայնքներում կազմակերպված անցկացնելու համար։ Բայց, ինչպես ասաց զեկուցողը, ապրիլյան պատերազմի պատճառով, կառավարության որոշմամբ, այդ ընտրությունները հետաձգվեցին և առ այսօր չեն կայացել։ Ե. Արզումանյանի հավաստմամբ՝ ապրիլյան պատերազմին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ինչպես կենտրոնական ընտրական, այնպես էլ տարածքային ընտրական հանձնաժողովների գրեթե բոլոր անդամներն ու ԿԸՀ աշխատակազմի ներկայացուցիչներ։ 

2016թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամսիներին ԼՂՀ ԿԸՀ-ն մեծ աշխատանք է տարել՝  հանրապետության շրջաններում ընտրական հանձնաժողովների անդամների և անդամության թեկնածուների համար կազմակերպելով մասնագիտական դասընթացներ։ Նշված դասընթացներին մասնակցել և որակավորման վկայականներ են ստացել ԼՂՀ  ընտրական իրավունք ունեցող 1735 քաղաքացիներ։ 

Զեկուցողը նշեց, որ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2016թ. դեկտեմբերի 16-ին դադարեցրել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր (թիվ 5 ընտրատարածքից) Վիտալի Բալասանյանի լիազորությունները։ Ընտրական օրենսգրքի  համամաձայն՝ ԼՂՀ ԿԸՀ որոշմամբ թիվ 5 ընտրատարածքում նշանակվել է Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների օր, հաստատվել է այդ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Հաստատվել է նաև ծախսերի նախահաշիվը՝ 8մլն 150 հազ. 700 դրամ։ Այդ առումով համապատասխան հանձնարարականներ են տրվել ինչպես ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այնպես էլ Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին՝  նախատեսված միջոցառումներն ապահովելու, ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար։   

ԿԸՀ  2016թ. իրականացված աշխատանքների շարքում նշվեց նաև ԼՂՀ ԿԸՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանի դեկտեմբեր ամսին կատարած այցը Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն, որտեղ նա դիտորդական առաքելությամբ ներկա է եղել այդ երկրի նախագահական ընտրություններին։ Այցի մասին որոշակի տեղեկատվությամբ հանդես եկավ  ինքը՝ Ս. Մելքումյանը։ Նրա խոսքով՝ Մերձդնեստրի  նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել 92 միջազգային դիտորդ 15 երկրից, այդ թվում՝ ԼՂՀ պատվիրակությունը։ Նախագահի պաշտոնին հավակնում էր 6 թեկնածու, բայց հիմնական պայքարը, ըստ Ս. Մելքումյանի, երկու հոգու մեջ էր՝ գործող նախագահ Եվգենի Շևչուկի և Մերձդնեստրի խորհրդարանի պատգամավոր Վադիմ Կրասնոսելսկու։ Ընտրություններին մասնակցել է ընտրողների 60 տոկոսը։ Ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ գրեթե 2 անգամ ավելի, հաղթել է Վադիմ Կրասնոսելսկին (62,3 տոկոս՝ 27,4 տոկոսի դիմաց)։ 

Ս. Մելքումյանի ուշադրությունից դուրս չի մնացել Մերձդնեստրի ընտրական օրենսգիրքը, որը մի շարք դրույթներով տարբերվում է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքից։ Դրանցից մի քանիսը, կարծում ենք, կհետաքրքրի մեր ընտրողներին։ Մերձդնեստրում, օրինակ, գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին վաղաժամկետ քվեարկությունն է. այն ընտրողները, ովքեր տարբեր պատճառներով նշանակված օրը չեն կարողանալու մասնակցել ընտրություններին, իրավունք ունեն ընտրություններից երեք օր առաջ համապատասխան ընտրական տեղամասերում կատարել իրենց քվեարկությունը։ Քվեաթերթիկում՝ վանդակի մեջ, կարող են դնել ցանկացած նշան՝ ցանկացած գույնի գրչով։ Քարոզչական նյութերի սահմանափակում այնտեղ չկա ինչպես քանակի, այնպես էլ դրանց չափսերի առումով։ Ընտրական տեղամասում, քվեարկության պահին, ընտրողների թվի սահմանափակում նույնպես չկա (մեզ մոտ 15-ից ավել մարդ չի կարող ներկա գտնվել ընտրական տեղամասում)։ Բացի այդ, Մերձդնեստրում ընտրություններին տոնական բնույթ է հաղորդվում. ընտրատեղամասերում ընտրություններն ուղեկցվում են երաժշտությամբ և հանրային սննդի կազմակերպմամբ, ինչը դրական մթնոլորտ է ստեղծում։  Արցախի պատվիրակության անդամը, սակայն, նշեց, որ նրանց՝ Մերձդնեստրի կենտրոնական ընտրական հանձնաժողովականների համար, ավելի ընդունելի են մեր՝ ԼՂՀ ընտրական օրենսգրքի դրույթները։ ԿԸՀ նախագահն իր նկատառումներում այս կապակցությամբ մասնավորապես ասաց. ՙԱմեն ինչ չէ, որ կարելի է ընդօրինակել. փոխադարձ այցերը փորձի փոխանակման առումով շատ կարևոր են։ Այն, ինչ ընդունելի է մի հասարակության համար, կարող է չընդունվել մեկ այլ հասարակության կողմից՚։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ