[ARM]     [RUS]     [ENG]

ԱԶԱՏԱԳՐՈՒՄԻՑ ՔԱՌՈՐԴ ԴԱՐ ԱՆՑ

Հունվարի 20-ին լրացավ Ստեփանակերտի արվարձաններից մեկի` հիմնականում ազերիներով բնակեցված  Կրկժանի ազատագրման 25-ամյակը։

Կրկժանի  ռազմական հենակետերի վնասազերծման գործողությունները տեղի են ունեցել 1991-ի  դեկտեմբերի 26-27-ը, ապա վերսկսվել ու ավարտվել  1992-ի հունվարի  19-20-ին։ Դեռևս 1990-ից Կրկժանը վերածվել էր ռազմական հենակետի և այնտեղից պարբերաբար հրթիռահրետակոծվել էր Ստեփանակերտը։  1991-ի գարնանը Կրկժանում կազմավորվել է ընդհատակյա ինքնապաշտպանական ջոկատ (հրամանատար՝ Բ. Սարգսյան), իսկ արվարձանի հայկական թաղամասում և շրջակայքում տեղակայվել են ՙԱրամ՚, ՙԱրսեն՚, ՙՎարդան՚, ՙՍարո՚, ՙԼյովա՚, ՙԱնդրանիկ՚, ՙԿարո՚, ՙԳենա՚, ՙԲենո՚, ՙԳագո՚, ՙՍլավիկ՚ և այլ կամավորական ջոկատներ՝ շուրջ 260 ազատամարտիկների ընդգրկմամբ։ Ռազմագործողությունը ղեկավարել է  Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը։ 1991-ի նոյեմբերին ԼՂ-ից դուրս են բերվել  ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը և ԶՈւ ստորաբաժանումները։ ԼՂ ԻՊՈւ-ի համար ստեղծված  նպաստավոր դրության հնարավոր հետևանքները կանխազգալով՝ հակառակորդը ուղղաթիռներով նոր ջոկատներ, զենք, զինամթերք, սննդամթերք է փոխադրել Կրկժան և շրջակա ադրբեջանաբնակ գյուղեր, այնտեղից տարհանել կանանց ու երեխաներին, շրջափակել Կրկժան-Ստեփանակերտ ճանապարհահատվածը և քաղաքը հաճախակի հրակոծել խոշոր տրամաչափի գնդացիրներով,  հրանոթներով, ՙԱլազան՚ և ծանր զինատեսակներով։  1991-ի դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը հայկական ուժերը գրոհել են հակառակորդի դիրքերի վրա՝  հայկական թաղամասի, Մելիք-Փաշաևի փողոցի վերնամասի, ՙԿոբրա՚ դիրքի ուղղություններով։ Վնասազերծել են հակառակորդի մի քանի տներում և դպրոցում տեղակայված կրակակետերը, գերել 8 զինյալի։ Հունվարի սկզբին կամավորական ջոկատները վերահսկողության տակ են առել Կրկժանին հարող բարձունքները, Կրկժան-Ղայբալի, Կրկժան-Քյոսալար ճանապարհահատվածները։

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հայկական ուժերը վերսկսել են հարձակումները,  վաղ առավոտյան չորս կողմից գրոհով մտել  արվարձան և վնասազերծել բոլոր կրակակետերը։ Հակառակորդն առանց լուրջ դիմադրության նահանջել է Ղայբալի։ Կրկժանի կրակակետերի վնասազերծումով կասեցվել են  Ստեփանակերտի գնդակոծությունները և հարձակումները։

Հանդիսավոր միտինգը` նվիրված Կրկժան թաղամասի ազատագրման 25-ամյակին, տեղի ունեցավ Կրկժանի ազատամարտիկների հիշատակին կանգնեցված աղբյուր-հուշարձանի մոտ։ Ներկա էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի  նախարար Նարինե Աղաբալյանը, ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայանը, Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը, ՊԲ սպայակազմի ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, թաղամասի բնակիչներ։

Ներկաների հետ հիշողություններով կիսվեց Կրկժանի ազատագրման մասնակից, ազատամարտիկ Սարգիս Գալստյանը։ Վերջինիս վկայությամբ` 2008թ.-ից ի վեր Կրկժան համայնքի նախաձեռնությամբ, Արցախի ազատամարտիկների միության և ԼՂՀ պետական այրերի աջակցությամբ մշտապես կազմակերպվում ու նշվում է Կրկժանի ազատագրման օրը, հարգանքի տուրք է մատուցվում զոհված ազատամարտիկների հիշատակին։  Ըստ  Ս. Գալստյանի՝ Կրկժանի ադրբեջանական թաղամասի բնակիչները շրջապատի համար դարձել էին իսկական չարիք: Դիմակայության շրջանի նախնական քարկոծումներին հաջորդեցին կրակոցները, այնուհետև ադրբեջանական կողմը, կուտակելով մեծ քանակությամբ զինամթերք ու համալրվելով գրոհայիններով, զօրուգիշեր գնդակոծում էր Ստեփանակերտը։ Համագործակցելով  խորհրդային  զինված ուժերի հետ, թշնամին հրի մատնեց շուրջ 20 տուն հայկական բնակելի  թաղամասում։ Շուրջօրյա  մարտական հերթապահության իրականացմամբ ու համարժեք գործողություններով  միայն հնարավոր եղավ վերջ տալ հակառակորդի  նկրտումներին։ 

Կրկժանի ազատագրմանն իր մասնակցությունը բերած ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն իր ելույթում նշեց, որ ինքն էլ շատերի պես մարտական մկրտությունը ստացել է հենց այդտեղ՝ Կրկժանում։ Հետադարձ հայացք ձգելով պայքարի քառորդդարյա պատմությանը` ԼՂՀ վարչապետը նշեց, որ բազում փորձությունների միջով է անցել մեր երկիրը կայացման ճանապարհին։  Իսկ Կրկժանի ազատագրումը հետագա  հաղթանակների համար եղել է հիմնաքար, որով նոր ոգի են ստացել  ինքնապաշտպանության նորաստեղծ ջոկատներն ու վաշտերը։ Ըստ նրա` հետագա հաղթարշավը սկսվել է Կրկժանից։ Անկեղծորեն կիսվելով իր մարտական ընկերների հետ՝ վարչապետը վերհիշեց նրանց խոսքերը, գուշակությունները, որոնք գուցե այդ պահին  հեռավոր երազանք էինք թվում, բայց իրականություն դարձան տղաների համախմբվածության, նվիրվածության ու կազմակերպվածության շնորհիվ։ Ա. Հարությունյանը ցավով ու ափսոսանքով հիշեց իրենց շարքերից հեռացած  մարտական ընկերներին, իսկ արդեն ճերմակած, սակայն դեռ շարքում պինդ կանգնած մարտընկերներին շնորհավորեց Կրկժանի ազատագրման 25-ամյակի առթիվ և հավելեց, որ ապարդյուն չի անցել պետականակերտման  ճանապարհին իրենց ընկերների, եղբայրների ու հարազատների թափած արյուն-քրտինքը։ 

ՀՀ պաշտպանության նախարար  Վիգեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը հրապարակեց ՀՀ պաշտպանության նախարարի  ավագ օգնական գնդապետ Աշոտ Բալասանյանը։ 

Ստեփանակերտի Հայկ Բալասանյանի անվան թ. 5 հիմնական դպրոցի աշակերտ Արսեն Ավետիսյանն իր սերնդակիցների անունից հավաստիացրեց, որ արժանի կլինեն ավագների արյամբ սրբագործված ավանդույթներին, և երբ իրենց հերթը գա, անվարան տեր կկանգնեն երկրին ու նրա սահմաններին։ 

Հրապարակվեց ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հրամանը, որով Կրկժանի ազատագրմանը մասնակցած մի խումբ ազատամարտիկներ արժանացան դրամական խրախուսանքի,  պարգևատրվեցին պատվոգրերով, արժեքավոր նվերներով, անվանական ժամացույցներով։ ԱԱՄ վարչության նախագահ գեներալ-մայոր  Սամվել Կարապետյանի շնորհավորական  ուղերձը հրապարակեց  ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը։ ԱԱՄ վարչության որոշմամբ մի խումբ ազատամարտիկներ արժանացան պատվոգրերի, թանկարժեք հուշանվերների։ Մի խումբ ազատամարտիկներ էլ պարգևատրվեցին Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից։

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ