Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Այս օրերին Արցախում էր Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանի վարչական շրջանները համագործակցում են Արցախի վարչատարածքային  միավորների  հետ: Քաշաթաղի շրջանի հետ համագործակցում են Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: 

Հունվարի 20-ին նշված վարչական շրջանների պատվիրակությանը  շրջկենտրոն Բերձորում ընդունեց Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:  Նա Նոր Նորքի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներ Արմեն Ուլիխանյանին և Արտակ Ալեքսանյանին  շնորհակալություն հայտնեց  շրջանին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու համար: Նաև  նշեց, որ  ապրիլյան պատերազմական իրադարձությունների ժամանակ Երևանի վարչական շրջաններից մեծ օգնություն է հասել առաջնագիծ: Անդրադարձ եղավ  նաև ՙՀայրենասեր՚ բարեգործական կազմակերպության աշխատանքներին:  

Կատարածի և առաջիկա ծրագրերի  մասին  գնահատանքի խոսք ասաց նաև Ա. Ուլիխանյանը. 

 -Ամփոփելով այս տարիների աշխատանքը, միասին իրականացրել ենք  կենսական նշանակության  ծրագրեր, այս տարի ցանկանում ենք գործընթացը շարունակել։  Պայմանավորվել ենք իմ գործընկերոջ՝ Մալաթիա¬Սեբասիայի վարչական շրջանի ղեկավարի հետ միասին Բերձորում կառուցել հանգստյան գոտի, որը միաժամանակ կներառի  մանկական խաղահրապարակ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, մաղթելով խաղաղություն Արցախ աշխարհին  ցանկացավ, որ 2017¬ը լինի հաջողակ և բեղմնավոր աշխատանքային տարի: 

  -Միասին անցած 2-3 տարիների ընթացքում մեծ աշխատանքներ ենք կատարել շրջանի դպորցներում  և մանկապարտեզներում, այս տարի պետք է աշխատանքները շոշափելի լինեն, կսկսենք հանգստյան գոտուց, իսկ հետո կաշխատենք մարզադպրոցի հիմնանորոգման ուղղությամբ: 

 Խոսելով կատարվածի  մասին՝  Ա. Ալեքսանյանն ասաց, որ իրենց  համար հոգու պարտք է լինել քաշաթաղցու կողքին, օգնել տարբեր հարցերում: Ա. Ուլիխանյանն իրազեկեց,  թե ինչու է  ցանկացել իր ղեկավարած վարչական շրջանը համագործակցի Քաշաթաղի հետ: Այս տարածքի ազատագրման համար մարտնչել է իր եղբայրը՝ Ղուկաս Ուլիխանյանը, և Ծաղկաբերդի մատույցներում ծանր վիրավորվել. նույն տեղում նահատակվել են շատ հայորդիներ, այդ թվում նաև՝ ՙՆիկոլ Դուման՚ ջոկատի մարտիկներից: 2015-ի աշնանը Նոր Նորք վարչական շրջանի կողմից Ծաղկաբերդի Աշոտ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցի բակում կանգնեցվեց խաչքար-հուշակոթող՝ նվիրված մարտիրոսված  քաջորդիներին: Հյուրերը բերել էին նաև նվերներ: 

Հանդիպումից հետո երեք  շրջանների ղեկավարները եղան Բերձորի այն հատվածում, որտեղ պետք է կառուցվի նոր պուրակը: Համապատասխան ոլորտների աշխատակիցներին տրվեցին հանձնարարականներ, որպեսզի  կատարվեն չափագրումներ և կազմվեն նախագիծ ու նախահաշիվ: Ծրագրված է այս տարվա մայիսի 18-ին՝ Բերձորի ազատագրման 25-ամյա տոնախմբության օրը,  հանդիսավորությամբ բացել նորակառույց պուրակը։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր