Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Արամ Աթեշյանը չի հրաժարվում իր աթոռից և մեծ խնդիր է առաջացնում. Սահակ Մաշալյան

Պոլսահայ համայնքը հիմա պոռթկում է ապրում, պետական միջամտությունը համայնքի համար ընդունելի չէ․

Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պատրիարքի տեղապահի ընտրությունները իրավաբանորեն անհնար համարելու մասին որոշմանը՝ ասաց Պոլսո պատրիարքարանի Հոգևոր խորհրդի նախագահ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
«Այս գործընթացը եկեղեցական գործընթացների համաձայն արդար էր, ոչ մի անկանոնություն չկար, օրենքների համապատասխան է եղել: Այդպիսի ժողովների ժամանակ երբեք դատական միջամտություն չի եղել: Պետության անհանգստություններն առաջացել են Աթեշյան սրբազանին կորցնելու պատճառով: Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում կորցնել Աթեշյանին»,- ասաց նա:
Նշենք,որ Ստամբուլի նահանգապետարանը ﬕջամտել է Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների անցկացմանը: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների սկսելը պատրիարքարան է ուղարկել գրություն, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի ﬔկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անﬕջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Նահանգապետարանի ուղարկած գրության ﬔջ նշված էր. «Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի սկսելը նահանգապետարանի կողﬕց համարվում է իրավաբանորեն անհնար»:
Սահակ տեր Մաշալյանի խոսքով՝ հիմա իրավիճակը կարող է փոխել միայն Արամ Աթեշյանի հրաժարականը: 
«Որովհետև մենք օրինական ձևով ընտրված տեղապահ ունենք»,- ասաց նա: Նշեց, որ տեղապահ ընտրվելուց անմիջապես հետո Արամ Աթեշյանը պետք է հրաժարվել փոխանորդի աթոռից, իր պաշտոնը չեղյալ պետք է համարվեր:
«Մինչև այս պահը այդպես էր: Տեղապահը պետք է ընտրություններից հետո իր աթոռը զբաղեցներ: Բայց հիմա Արամ Աթեշյանը չի հրաժարվում իր աթոռից և մեծ խնդիր է առաջացնում»,- ասաց նա:
Սահակ սրբազանը պատմեց, որ հիմա Արամ Աթեշյանը պատրիարքարանում է, պետությունը նրան է ճանաչում որպես պատրիարքի փոխանորդ, Գարեգին Բեքչյանին դեռևս տեղապահ չի ճանաչում:
«Գարեգին Սրբազանն էլ հիմա Պոլսում է, հանդիպումներ է շարունակում ունենալ: Սպասում ենք նրա՝ իշխանությունների հետ շփումների արդյունքին: Նա պետք է կարողանա համոզել, որ ընտրություններում որևէ անօրինական բան չկար, ամեն ինչ օրենքների համաձայն է արվել: Այն ներկայումս կրոնականների միջև եղած հարց է»,- ասաց նա:
Սահակ Մաշալյանը նշեց, որ Թուրքիայի իշխանությունները ոչ մի պատճառ չունեն տեղապահի ընտրությունների արդյունքը չճանաչելու: Նշեց, որ հավանաբար «պետության գլուխը խառնել են»:
«Որովհետև նախապես պետության կողմից եկել էր այն պատասխանը, որ սահմանադրական հանրաքվեից հետո կարող ենք անցկացնել Պոլսո պատրիարքարանի ընտրությունները: Սակայն Արամ Սրբազանի ոտնձգության պատճառով ժողովրդական դժգոհություն առաջացավ, և տեղապահի ընտրությունները մեջտեղ եկան: Ուրեմն պետությունը հիմա կարծում է, որ տեղապահի ընտրությունները պատրիարքարանի ընտրությունները սկսելու մասն է, և մենք չենք լսել պետության այդ որոշումը, որ հանրաքվեից հետո պետք է սկսենք պատրիարքի ընտրությունների գործընթացը»,- ասաց նա:
Սահակ Մաշալյանի խոսքով՝ թուրքական իշխանությունները չեն հասկացել, որ մինչ պատրիարքի ընտրությունները հայ կրոնական համայնքն իր ներքին հարցերով պետք է զբաղվեր, տեղապահ ընտրեր և ընտրությունները կազմակերպող նախաձեռնող մարմին կազմեր, հետո նոր՝ սահմանադրական հանրաքվեից հետո պատրիարքի ընտրություններ անցկացներ: 
«Շփոթմունք է եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա ստեղծված իրավիճակով զբաղվում են փաստաբաններ, համայնքային ներկայացուցիչներ: