ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀՈՒՇԱԹԱՆԳԱՐԱՆ

Օրերս մեր կուրսի  ուսանողները  կուրսղեկ, բանասիրական գիտությունների թեկնածու Զ.  Բալայանի հետ այցելեցին Արցախի  զոհված ազատամարտիկների  հուշաթանգարան։

Այցելությունն  ուներ  մի  քանի նպատակ. ծանոթանալ մեր նահատակ տղաների կենսագրություններին, նրանց կատարած  քաջագործություններին, ևս  մեկ անգամ հասկանալ, թե  ինչ  գնով է պահպանվել ու պաշտպանվել հող-հայրենին։ Նշենք, որ թանգարանը տարեկան 18000  այցելու  է  ունենում, այդ  թվում նաև զբոսաշրջիկներ։ 

ԼՂՀ  զոհված ազատամարտիկների հուշաթանգարանն ստեղծվել է 2002 թվականին՝ ՙԶոհված ազատամարտիկների հարազատների միություն՚ ՀԿ-ին կից, որը հիմնադրվել է երջանկահիշատակ Գալյա Առստամյանի կողմից։ ՀԿ-ի և թանգարանի ստեղծումը տխուր  նախապատմություն ունի։

Գալյա  Առստամյանի որդիները 1990-ականների սկզբից մասնակցել են  Արցախյան հերոսամարտին։ Կրտսեր  որդին՝  Գրիգոր Առստամյանը, զոհվել  է 1992 թվականի նոյեմբերի  19-ին։ Որդու շիրմին ամենօրյա այցելությունների ժամանակ տիկին Գալյան հանդիպել է բախտակից շատ մայրերի. ամեն մեկն իր պատմությունն է պատմել, որդու կարոտից ու մրմուռից ա՛խ քաշել, ու մտահղացել է Զոհված ազատամարտիկների հարազատների միություն ստեղծելու գաղափարը: Եվ ահա արդեն քսան տարուց ավելի կազմակերպությունը մի հարկի տակ է համախմբում զոհվածների հարազատներին։ Մայրերն այնքան ընդհանուր բան ունեն. վիշտը բոլորին մի մարմին ու մի հոգի է դարձրել։ Գալյա Առստամյանը հետաքրքրվել է բոլոր զոհվածների կենսագրությամբ, անձնական պատմություններով, շրջել է գյուղեգյուղ, տնետուն ու բոլորի լուսանկարները, անձնական իրերը, ամենաթանկ մասունքները հավաքել, կարճ ժամանակում ստեղծել է զոհված ազատամարտիկների թանգարանը։ 3350 լուսանկար, 3350 պատմություն, նույնքան կիսատ կյանք ու հերոսապատումով սրբագրված մահ։ Մինչեւ 2014 թվականը տիկին Գալյան էլ հենց եղել է թանգարանի տնօրենը, այդ ընթացքում բազմաթիվ գրքեր է գրել ու կազմել. բոլորն էլ ազատամարտիկների մասին։ Նրա մահից հետո ավագ որդին՝ Արթուր Առստամյանն է ստանձնել թանգարանի տնօրինությունը և նույն պատասխանատվությամբ շարունակել մոր գործը: Մեր այցի ընթացքում միության  անդամներից տիկին  Արփիկ  Ալթունյանը ներկայացրեց  հուշաթանգարանի, հերոս  որդիների  պատմությունը։ Ուշագրավ է Արցախյան պատերազմի նահատակ, ՙՄարտական  խաչ՚  երկրորդ  աստիճանի  շքանշանակիր, ակնաղբյուրցի Վարդան  Ջիվանշիրյանին նվիրված  հուշ-անկյունը, որտեղ տեղադրված է նրա  ինքնաձիգը, որը տուն էր բերվել  մարտի դաշտից` որպես սուրբ մասունք։  Ա. Ալթունյանն իր խոսքում նշեց, որ  այսօր  շատ կարևոր  է  կրթված և դաստիարակված  սերունդ  ունենալը, քանզի այսօր էլ մեր սահմաններն անառիկ պահելու մեծ խնդիր կա: 

Թանգարանում յուրաքանչյուր  սրահ  մի պատմություն  է, մի հաղթանակ։ Ի դեպ, թանգարանը   համալրվել  էր  ապրիլյան  պատերազմին նվիրված քարտեզով, որտեղ  նշված  են պաշտպանական  շրջանները։ Թանգարանի բակում ինքնաշեն թնդանոթներ ու ՙԳրադ՚ կայանքներ կան։ Դրանցով են մեր տղաներն Արցախի քաղաքներն ու գյուղերն ազատագրել, դրանցով են կռվել ու հաղթել։ ՙԴուք եք մեր հույսն ու  հավատը, մեր   լուսավոր  ներկան ու պանծալի ապագան, դուք կարող եք կերտել մեր երազած նորօրյա  Արցախի Հանրապետությունը՚,- ասաց Արթուր Առստամյանը՝ շնորհակալություն հայտնելով  այցելության համար։ 

Այսպիսի այցելությունները  կարևորվում են նաև նրանով, որ յուրաքանչյուրը խորապես ընկալում է իր  հայրենիքի նշանակությունն  ու անհրաժեշտությունը։ Անշուշտ, մեր այց-ուխտագնացությունը ճանաչողական-հայրենասիրական բնույթ  էր  կրում։ Այն կլինի շարունակական:

 

Սոնա ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

ԱրՊՀ, բանասիրական ֆակուլտետի 

հայոց լեզվի և գրականության 1-ին կուրս