[ARM]     [RUS]     [ENG]

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՍԽՐԱՆՔԸ ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՄԱՆ ՕՐԻՆԱԿ

Լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմի մեկ տարին: Այդ օրերին մեր բանակն ապացուցեց, որ  զիջելու և  նահանջելու  տեղ ընդհանրապես չունի:

Հայ սպան և զինվորն ի լուր աշխարհի հայտարարեցին, որ  Արցախի ազատ ապրելու իրավունքը սակարկման ենթակա չէ: Եվ մարտի ելան տղաները, կռվեցին անարգ թշնամու դեմ մինչև չթողեցին իրենց դիրքերը անհավասար մարտերում: Ապրիլյան քառօրյա  պատերազմը վկայեց, որ հայի ոգին ոչ միայն շարունակում է մնալ զորեղ, այլև այս վերջին տարիներին դարձել է  առավել ամուր, աներեր:

Չգիտեմ՝ ճակատագի՞րն է ընտրում մարդուն, թե՞ մարդն է կանխորոշում իր ճակատագիրը, բայց կա հայտնի արտահայտություն՝ ճակատագրի ընտրյալ: Ճակատագրի ընտրյալներ էին ապրիլյան գործողությունների ժամանակ նահատակված բոլոր հայորդիները, որոնցից 9-ը՝  Հադրութի շրջանից: Զարմանում ես ու նաև հիանում, թե ինչքան հայրենասիրություն կար 18-30 տարեկան այդ տղաների մոտ, որոնք գնացին իմացյալ մահվան, միայն թե  թշնամին չներխուժի Արցախ աշխարհ: Ամեն անգամ հիշելով նրանցից որևէ մեկին՝ սիրտդ մղկտում է ցավից։  Ամեն անգամ  հիշատակելով նրանց անունները՝ անիծում ես պատերազմը։

Սուրեն Մելքումյան, Մաքսիմ Գրիգորյան, Ռոմա Պողոսյան, Հովսեփ Մայիլյան, Ազնավուր Բալայան, Նվեր Սիմոնյան, Ղարիբ Սահակյան, Անդրանիկ Գրիգորյան, Վարդան Թադևոսյան. այս հերոս տղաներն ապրիլի 2-ին մարտի ելան ու անմահացան: Նրանք հետմահու պարգևատրվել են  ՙՄարտական խաչ՚ շքանշանով, ՙԱրիության համար՚, ՙՄարտական ծառայություն՚ մեդալներով: Շրջանի մի շարք դպրոցների ռազմագիտության կաբինետներ, առանձին դասարաններ անվանակոչվել են հերոս տղաների անուններով: Տարվա ընթացքում միջոցառումներ  և հուշ-երեկոներ են կազմակերպվել նրանց հիշատակին:

Այս օրերին, երբ պատրաստվում ենք տոնելու Արցախի պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձը, բարոյական և հոգևոր պահանջ ենք զգում  մեկ անգամ ևս հիշելու այն տղաներին, ովքեր  հանուն մեր ազգի նպատակների զոհաբերեցին իրենց կյանքը:  

Հավերժ փա՛ռք նրանց։

 

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ