[ARM]     [RUS]     [ENG]

ՙՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ Է՚

ՙՍատարում հարազատ բանակին՚ նախաձեռնող խմբի՝ 2017թ. հերթական այցը Պաշտպանության բանակի զորամասեր տեղի ունեցավ  օրերս։  

Խումբը եղավ հյուսիսային ուղղության Ն զորամասում։ Նրա կազմում էին նաեւ ԶԱՀՄ նախագահ Արթուր Առստամյանը, Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը, ԱՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը,  Արցախյան ազատամարտի վետերան, ՆԳ թոշակառու Միքայել Հայրիյանը, Ստեփանակերտի թիվ 6 դպրոցի զինղեկ  Արմեն Մարտիրոսյանը,    ՙՄիացյալ Հայաստան՚ ԵՀԿ նախագահ, Շուշիի ագրարային համալսարանի դասախոս  Արթուր Գրիգորյանը, ՙՍովետական սպաների միություն՚ ՀԿ նախագահ  Հենրիխ Մովսիսյանը,  ԱՀ ՊԲ ներկայացուցիչ կապիտան Նունե Աբաղյանը։

Զորամասի հրամանատար գնդապետ Կարեն Ջալավյանի, շտաբի պետ փոխգնդապետ  Սպարտակ Հարությունյանի, ինչպես նաեւ զորամաս ժամանած՝ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Դանիելյանի, 10-րդ լեռնա-հրաձգային դիվիզիայի հրամանատար Արթուր Հարությունյանի եւ ԱՀՏԱ գծով նրա տեղակալ Վրեժ Իշխանյանի  հետ  զրույցում օրվա մեր ծրագրին ծանոթացնելուց,   անելիքները ճշտելուց հետո նպատակահարմար գտանք, որ  խումբը բաժանվի երկու մասի. հինգ հոգու  նվերներով ուղարկեցինք դիրքեր, մյուս  ենթախումբն էլ ձեռնամուխ եղավ մշակությաին ծրագրի իրականացմանը։

Զինծառայող ունկնդիրները մեծ բավականություն ստացան Քաջիկ Հարությունյանի ասմունքից եւ  ՙՄենք ենք, մեր սարերը՚ համույթի մեներգիչ  Արմեն Շապոյանի  կատարումներից։ Ծրագրում հնչեցին հայրենասիրական թեմայով երգեր ու բանաստեղծություններ։

Մշակութային  միջոցառմանն ակտիվորեն էին  մասնակցում զինվորները՝ արժանանալով Նախաձեռնող խմբի  պարգեւներին։  Մասնավորապես,  ԱԿԱՀՄ պատվոգրով պարգեւատրեցի  շարքային  Արսեն Բադալյանին եւ ջոկի հրամանատար ավագ սերժանտ Արամ Գառնիկյանին։  Երկուսն էլ ապրիլյան պատերազմի մասնակիցներից են։ 

Համերգի ժամանակ  ժամացույցներ նվիրեցի ավագ սերժանտ Գոռ Հովհաննիսյանին,  ականանետային մարտկոցի  հաշվարկային նշանառու  շարքային  Նարեկ Պողոսյանին,  հետախուզական վաշտի  կրտսեր սերժանտ  Ժորա Հովհաննիսյանին, գրքեր՝ ապրիլյան մարտերի մասնակից Յուրա Նալթակյանին։

Ժորան և Յուրան  մեկ տարի ու երկու ամիս է, ինչ  ծառայում են հետախուզական վաշտում։

Մի հաճելի փաստ ևս պարզեցի ինձ համար։ Այս զորամասից երկու զինվոր ընթացիկ տարում մասնակցել են  ինը  տարի առաջ մեր կազմակերպության (ԱԿԱՀՄ)  նախաձեռնած եւ արդեն ավանդական դարձած՝ հայրենասիրական թեմաներով օրինակելի շարադրությունների ամենամյա մրցույթին։ Ժամանակ չկար ծանոթանայի նրանց հետ, բայց  որոշեցի  Ստեփանակերտ վերադառնալուց անպայման  պարզել, ովքեր են։ 

Ես զգացի, թե որքան անկեղծ էր խոսում  զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Սպարտակ Հարությունյանը,  երբ ասաց.

- Հավատացեք, տիկին Գրիգորյան, որ այն օրերին մեր տղաների պահվածքը, եւ առաջին հերթին՝ հոգեկան արիությունը,  մեզ՝ հրամանատարական կազմին էլ զարմացրեց…Այնպիսի՝ հոգեկան վերելք կար նրանց մոտ՝ աննկարագրելի բան է, ազնիվ խոսք։ Հենց այդ օրերին ես, ինչպես ասում են՝  շոշափելիորե՜ն զգացի, որ հանձին մեր տասնութ-քսան տարեկանների ունենք մարտական բանակ։ Ունենք կենդանի ուժ, որի առջեւ խեղճանում են  թշնամու անգամ զենք ու զրահը… Ափսոս միայն, որ կորուստներ եղան, շատ ափսոս։ Մեր պարտքն է այժմ անել  այնպես, որ թշնամուն չհաջողվի հանկարծակիի բերել մեզ։ Այդ դեպքում, վստահ եղեք, կորուստներ  չեն լինի, կամ եթե լինեն՝ ամենանվազ չափով։ Սահմանի պաշտպանունակությունն այսօր,  ինքներդ էլ եք եղել շատ դիրքերում ու տեսել եք, այն աստիճանի է հասցված, որ սահմանը  մնա  աննվաճ։ Կարող եք այդպես էլ հաղորդել թիկունքում գտնվողներին, մեր ժողովրդին։ Պետական սահմանը վստահելի ձեռքերում է։

Մեզ հետ զորամաս էինք տարել  20 արկղ նվերներ, 5-ն ուղարկեցինք  դիրքերը, մնացածն էլ  բաժանեցինք զորամասում՝  ըստ ստորաբաժանումների։

Հրաժեշտի պահին տղաները  մանուշակների փնջեր նվիրեցին Նախաձեռնող խմբի բոլոր անդամներին։ 

 

ՎԵՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՙՆախաձեռնող խմբի՚ ղեկավար, ԱՀ ԱԿԱՀՄ նախագահ