[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԿԻՐԸ՚

BBC-ն անդրադարձել է Հայաստանին և երկրի տեսարժան վայրերին

 Հանրահայտ BBC լրատվամիջոցի կայքի՝ աշխարհի տարբեր ճանապարհորդական ուղղություններին նվիրված BBC Travel բաժինն անդրադարձել է Հայաստանին՝ նյութը վերնագրելով ՚Աշխարհի առաջին քրիստոնեական երկիրըՙ։

՚Այս եվրոպական երկիրը քրիստոնեությունը պետական կրոն դարձրեց 301 թվականին, և այդ պատմությունը կարելի է դեռևս տեսնել պատմական վայրերի միջոցովՙ,- գրում է BBC-ն։

Լրատվամիջոցը պատմում է հոգևոր առաջնորդի՝ Գրիգոր Լուսավորչի մասին, նաև՝ քրիստոնեության ընդունման, Խոր Վիրապի, Գառնիի հեթանոսական տաճարի, Գեղարդի վանքի պատմության և ստեղծման, Վաղարշապատ քաղաքի և այնտեղ գտնվող Սուրբ Գայանե եկեղեցու մասին։ Կայքն անդրադարձել է նաև Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում գտնվող Զորաց եկեղեցուն, խաչքարերի պատմությանը և Նորատուսի գերեզմանատանը, ինչպես նաև Քարահունջին։ Հեղինակավոր լրատվամիջոցը գրում է, որ այն իր վաղեմությամբ և տեսքով նման է Անգլիայի հայտնի Սթոունհենջին, և որոշ գիտնականների կարծիքով՝ ստեղծվել է աստղադիտական դիտարկումների համար, ինչի դեպքում հնարավոր է, որ այն աշխարհի ամենահին աստղադիտարանը լինի։

Կրոնական պատմությունը

Ընդամենը 3 միլիոն բնակչությամբ Հայաստանը Եվրոպայի ամենափոքր երկրներից մեկն է։ Այն, սակայն, իր զգալի տեղն ունի հոգևոր պատմության մեջ. ըստ պատմաբանների՝ 301 թվականին այն դարձել է աշխարհում առաջին երկիրը, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Այսօր հայերի մոտ 95 տոկոսը քրիստոնյա է, և երկրի կրոնական պատմությունը կարելի է տեսնել իր հնագույն վայրերի և հուշարձանների միջոցով։

Հոգևոր առաջնորդ

Լեգենդի համաձայն՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջին ղեկավարը Գրիգոր Լուսավորիչն է եղել՝ ազնվական Անագի որդին, որը սպանել է հայոց թագավոր Խոսրով 2-ին։

Գրիգորը Կապադովկիայից վերադարձել է իր հայրենիք՝ հույս ունենալով հայոց թագավորին և հայ ժողովրդին քրիստոնյա դարձնել։ 13 տարի բանտարկությունից հետո Գրիգորը կարողացել է համոզել Տրդատ թագավորին հավատի ուժի հարցում և թագավորին քրիստոնյա դարձնել։

Անցյալի հետքեր

Կոտայքի մարզում գտնվող Գառնիի տաճարը նախորդում է Հայաստանում քրիստոնեության տարածմանը, և համարվում է, որ կառուցվել է հայկական դիցաբանության մեջ արևի աստծո համար։ Շատ հեթանոսական տաճարներ կործանվել են, երբ թագավոր Տրդատ III-ը քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն, բայց Գառնին այն քչերից է, որ մինչ այժմ կանգուն է։ Այժմ այն հայկական հեթանոսության խորհրդանիշն է և զբոսաշրջության հայտնի ուղղություններից մեկը՝ տարեկան գրավելով ավելի քան 136 000 այցելու։

Սրբի եկեղեցին

Հայաստանի մայրաքաղաք Երևանի արևմուտքում է գտնվում Վաղարշապատը, որը հայտնի է որպես երկրի ՙհոգևոր մայրաքաղաք՚։ Այստեղ է գտնվում Սուրբ Գայանե եկեղեցին, որն այժմ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այն կառուցվել է Հայ եկեղեցու կողմից Սուրբ ճանաչված Գայանե մայրապետի սպանության վայրում։

Նախկին զնդան

Խոր Վիրապն Արարատյան հարթավայրում գտնվող վանք է։ Այստեղ է Տրդատ III-ը բանտարկել Գրիգոր Լուսավորչին նրա վերադարձից հետո։ Այսօր Խոր Վիրապը Հայաստանի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է։

Աղոթք քարանձավում

Գառնիի հյուսիս-արևելքում է գտնվում Գեղարդի վանքը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Նախկինում Այրիվանք անունը կրող ՙքարանձավային վանքի՚ խցերի մի մասը տարածվում է հարակից լեռան մեջ՝ դրան տալով քարայրի տեսք։

Օրհնված պատերազմում

Եղեգիսի Զորաց եկեղեցին կառուցվել է 14-րդ դարում, երբ երկիրը գտնվում էր մոնղոլների տիրապետության տակ և պատերազմում էր մամլուքների դեմ։ Զոհասեղանի բարձրության պատճառով պատմաբանները կարծում են, որ եկեղեցին օգտագործվել է ձիերի վրա նստած հայ զինվորներին պատերազմի գնալուց առաջ օրհնելու համար։

Փրկության գերեզմանոց

Խաչքարերը համարվում էին կենդանի կամ մահացած հոգու փրկության խորհրդանիշ։ Առաջին խաչքարերը հայտնվել են 9-րդ դարում, և հաճախ կանգնեցվել են կրոնափոխ եղած հեթանոսական տաճարներում՝ որպես նոր հավատի խորհրդանիշ։ Այսօր այս քարերն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Նորատուսի գերեզմանատանն է գտնվում երկրում խաչքարերի ամենամեծ խմբաքանակը՝ ավելի քան 800 խաչքար, որոնցից ամեն մեկը յուրահատուկ նախշեր ունի։

Հնագույն գերեզմանոց

Հնությամբ և տեսքով Անգլիայի Սթոունհենջի հետ համեմատելի Քարահունջը գտնվում է Սյունիքի մարզում։ Պատմաբանները կարծում են, որ Քարահունջը եղել է նախապատմական շրջանի գերեզմանոց։ 223 քարերի մոտ մեկ երրորդն ունեն փոքր անցքեր, որոնք, որոշ գիտնականների կարծիքով՝ կարող էին ստեղծված լինել աստղադիտական դիտարկումների համար, ինչի դեպքում Քարահունջը կարող է լինել աշխարհի ամենահին աստղադիտարանը։

tert.am