[ARM]     [RUS]     [ENG]

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ

Ապրիլի 7-ին ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի ու Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցու նախաձեռնությամբ և կազմակերպմամբ Հայ Առաքելական Եկեղեցու  (ՀԱԵ)  մի խումբ  նվիրյալներ ուխտագնացություն կատարեցին դեպի Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտչի եկեղեցի` Ավետման կամ Մայրության տոնին նվիրված հանդիսավոր Սուրբ պատարագին մասնակցելու համար:

 Ավետումը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է. այն հնուց ի վեր տոնվում էր ապրիլի 7-ին: Վերջին տարիներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սուրբ Ավետման տոնը հռչակվել է իբրև մայրության օրհնության օր: Այդ օրը Հայաստանի բոլոր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ, որպեսզի կանանց մեջ Ամենաօրհնյալի՝ Աստվածամոր բարեխոսությամբ օրհնվեն հայոց ընտանիքները։

Ավետարանների համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետն Աստծո կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ և հաղորդել, որ նա  պիտի լինի մայրն այն Փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը: ՙՆա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա՚,- Մանկան մասին ասել է հրեշտակապետը: Այս ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, սակայն նա լուրն ընդունել է խոնարհությամբ: Սա է Ավետման  պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը: Մարիամի մայրանալով՝ մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Եվ ինչպես Աստվածածինն ավելի մոտ է դարձել Աստծուն, այդպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ:

Պատարագիչն էր ՀԱԵ Արցախի թեմի փոխառաջնորդ, Գանձասարի վանահայր Սահակ վարդապետ Շաքարյանը: Նա օրվա խորհրդի մասին պատմեց իր քարոզչական խոսքում` հորդորելով կանանց հավատարիմ մնալ հայ մայրերի կերպարին, որոնք իրենց նվիրվածությամբ, հավատարմությամբ, խոնարհությամբ  ձգտել են նմանվել Աստվածամորը:

Հարկ է նշել, որ ուխտավորները հավատարմության բարձր հատկանիշներ ցուցաբերեցին.  ցուրտ էր եկեղեցու սրահում (հոսանք չկար, նորոգման աշխատանքներ էին ընթանում, անջատված էր  ջեռուցումը), սակայն  ոչ ոք չլքեց,  բոլորը մնացին մինչև պատարագի ավարտն ու ստացան Սուրբ Հաղորդություն:

Վերջում ճեպազրույց ունեցանք  ՀԱԵ Արցախի թեմի փոխառաջնորդ, Գանձասարի վանահայր Սահակ վարդապետ Շաքարյանի հետ:

-Դուք Ձեր խոսքում շեշտեցիք հայ կնոջը հատուկ բարձր հատկանիշները: Այսօր այդ կերպարը մնայո՞ւն է:

- Հայ կինը իր մտածողությամբ, կենցաղավարությամբ, անցած կյանքի փորձառությամբ շատ է տարբերվում աշխարհի բոլոր կանանցից: Պատմության դաժան էջերը չեն չարացրել հայ կնոջը. նա մնացել է հնազանդ, համբերող, խոնարհ, ընտանիքի խնդիրները վեհ դասող: Ցավոք, այսօր երբեմն ընտանիքները խարխլվում են, երիտասարդների մոտ կարծես թե միտում է նկատվում հեռանալու ամուր ընտանիքի ավանդույթներից: Պատճառներ կան, բայց գլխավորը, ըստ իս, ոչ քրիստոնյա մթնոլորտում  մեծանալն է, որը կարելի է շտկել: Կան  օրինակներ, երբ Աստծո կամոք երիտասարդ զույգերը հայացքները հղում են դեպի եկեղեցի, և անախորժությունները շտկվում են: Քրիստոնեական բարոյականությունն է ամուր ընտանիքի երաշխիքը, որն իր հերթին` ամուր պետության գրավականն է:

-Իրավիճակը շտկելու համար մեծ է  եկեղեցու դերը: Ի՞նչ է արվում այդ առումով:

-Դրա համար պետք է հետևողական դաստիարակչական աշխատանք` սկսած մանկապարտեզից, հետո՝ դպրոց ու բարձր կրթական հաստատություններ: Հուրախություն բոլորիս, կարելի է փաստել, որ անկախության այս տարիները, երբ երեխաները դաստիարակվում էին հայրենասիրական ոգով,  բերել են իրենց պտուղները, որի ականատեսը դարձանք ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ անկախության սերնդի 18-20 տարեկան տղաներն իրենց հերոսամարտով ապացուցեցին ճիշտ դաստիարակման արդյունավետությունը: Սակայն կարևոր խնդիրներ լուծելու անհրաժեշտություն դեռևս շատ կա, որի համար պետք է հոգ տանել: Եվ որպեսզի խուսափենք հասարակության մեջ անհարկի երևույթներից, պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք քրիստոնեական բարոյականությամբ դաստիարակելու խնդրին: Դա է մեզ համար խոստումնալից ապագան: Եվ ավելացնեմ` մեր ազգը միշտ ապրել է Տիրոջ հավատքով, Խաչի զորությամբ, որը պետք եղած ժամանակ իր մեջ կրում է սրի վերածվելու հնարավորություն: Չպետք է մոռանալ այս մասին:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ