[ARM]     [RUS]     [ENG]

ԾԱՂԿԱԶԱՐԴ

Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ (այս տարի` ապրիլի  9-ին), Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: 

 Հիսուս մուտք է գործում Երուսաղեմ և արժանանում ժողովրդի փառավոր ընդունելությանը: Կատարվում է հինկտակարանյան մարգարեությունը. ՙԱսացեք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս քո թագավորը՝ հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա՚ (Զաք. 9։9): 

Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ նկարագրում են բոլոր 4 ավետարանիչները, մանրամասնելով, թե ինչպե՜ս  ժողովուրդը փառաբանությամբ ու օրհնությամբ է դիմավորում Տիրոջ գալուստը. ՙԵւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա՚ (Մատթ.21։9)։ Ժողովրդի բազմությունը աղաղակում էր ու ասում. ՙՕվսաննա, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով՚ (Հովհ. 12:13):  Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է հանդիսավոր ժամերգություն, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին: 

Ավետարանական այս դրվագը յուրաքանչյուրին հիշեցնում է Քրիստոսի գալստյան մասին՝ խրատելով ապրել այնպես, որ արժանի լինեն Տիրոջ առջև կանգնելու և բացականչելու. ՙՕվսաննա, օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով՚:

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդի տոնին հայոց բոլոր եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ: