[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ

Ս. Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ (այսինքն` մեծ շաբաթ)։ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած  կարևորագույն իրադարձությունները. հիշատակվում են Քրիստոսի վերջին պատգամները, մատնությունը, ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը և Հարությունը։ 

 Ավագ երկուշաբթի (10 ապրիլի) առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են ՙԱնիծված թզենու՚ պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին՝ վկայելով. ՙԵւ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք՚ (Մատթ. 21։18-22) ։ Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու, թզենին ՙթլպատված ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով չորացան՚։  

Ավագ երեքշաբթի (11 ապրիլի) հիշատակվում է ՙՏասը կույսերի՚ առակը (Մատթ. 25։1-13)։ Ավետարանական առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է միշտ պատրաստ լինել Տիրոջ գալստյանը։

Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ։ Նրանցից հինգը, ձեռքներին պահած ունենալով վառվող մոմեր, խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգը՝ հանգած մոմերով, խորհրդանշում են հիմար կույսերին։ 

Ավագ չորեքշաբթի (12 ապրիլի) հիշատակվում է Բեթանիայում մի կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը։

Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. ՙԱղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի նրա հիշատակի համար՚: Կնոջ կողմից Հիսուսի օծումը կանխանշում էր Նրա թաղվելը: ՙԻմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց՚,- ասում է Քրիստոս:

Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը և, հիշելով մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:

Ավագ հինգշաբթին (13 ապրիլի) նվիրված է վերջին ընթրիքին՝ իբրև Հաղորդության խորհրդի հաստատում։ Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ։ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն։ Ինչպես Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը, այնպես էլ Հայ Եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին  ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և ապա՝ օծում օրհնված յուղով։

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որ արդեն վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը։ Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա ձերբակալվելը, Պետրոսի ուրանալը։ 

Ավագ ուրբաթ  (14 ապրիլի) Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության« մահվան ու թաղման հիշատակության օրն է։ Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ, իսկ երեկոյան ժամերգությունից հետո` նախատոնակի արարողության ընթացքում, կատարվում է  Թաղման կարգ, երբ  Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի։ 

Ավագ շաբաթ (15 ապրիլի) նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը։ Ըստ եկեղեցական կարգի` երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր։ Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. ՙՔրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի՚։ Այս ավետիսով ավարտվում է պահքը և սկսվում Ս. Զատիկը։ 

 

Տ. Ներսես քահանա ԱՍՐՅԱՆ

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի տեղեկատվական համակարգի տնօրեն