[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍ

 

 

 

Հրաչիկ Նասիբյանը Արցախյան գոյապայքարի նվիրյալներից է: Երկմտանք բառը վաղուց դուրս է մղվել նրա հոգեաշխարհից:

Լինելով հաստատակամ ու վճռական այր` նա իր պայքարի ու ոգու նկարագրով հարստացրեց Ազատամարտի պատմությունը: ՙՇատ-շատերի նման ես էլ քաղաքացիական մասնագիտություն էի ընտրել,- խոստովանում է Հ. Նասիբյանը,- և Խորհրդային բանակում ծառայությունս ավարտելուց հետո անցել էի խաղաղ աշխատանքի: Սակայն սկսվեց Արցախյան շարժումը, և մեզ երկմտելու ժամանակ չէր մնում, որովհետև մեզնից յուրաքանչյուրը հոգու մի անկյունում թաքուն հույս էր փայփայում, որ մի օր արդարությունը ջրի երես կգա: Շատերի նման ես էլ զինվորոգրվեցի` սկզբից Արցախյան շարժմանը, իսկ որոշ ժամանակ անց` ազատագրական պայքարին ու պատերազմին՚:

Գոյապայքարի ճանապարհը դառնում է մեր նախնյաց ոգու շարունակությունը: Երբ վտանգված է հող-հայրենին, նվիրյալ զավակները կատարում են անգամ անհնարինը` փրկելու համար  հայրենիքը, հայրենյաց ոգու լույսն ու հավատի խաչքարը:

ՙՅոթերորդ (Շուշիի) պաշտպանական շրջան՚ աշխատության մեջ Ս. Հասրաթյանը գրում է. ՙ1992 թ.ամռան վերջին և աշնան սկզբին, երբ հանրապետությունում սկսեց ձևավորվել կանոնավոր բանակային համակարգ  և Արցախի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով ստեղծվեցին պաշտպանական շրջաններ ու առանձին զորամասեր, վերոհիշյալ ջոկատների մի մասի,  մասնավորապես, 8-րդ վաշտի և Բերդաձորի ջոկատի միավորմամբ ստեղծվեց գումարտակ (հրամ. Մարտիկ՝ Գասպարյան) և տեղակայվեց Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի մասնաշենքում: Այն կազմված էր հետևյալ վաշտերից. առաջին (Եղծահողի) վաշտ, հրամ.` Հրաչիկ Նասիբյան, երկրորդ (Մեծ Շենի) վաշտ, հրամ.` Վարուժան Նասիբյան, երրորդ (Հին Շենի) վաշտ, հրամ.` Սամվել Հովսեփյան, չորրորդ (Ստեփանակերտի) վաշտ-հրամ.` Վլադիմիր Ավագյան, հինգերորդ (Ստեփանակերտի) վաշտ, հրամ.` Դավիթ Ժամհարյան՚:

Հրաչիկ Նասիբյանը ծնվել է 1957թ. ապրիլի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է համար 1 միջնակարգ դպրոցը: 1975-77 թթ. ծառայել է Խորհրդային բանակի շարքերում: 1978 թ. ընդունվել և սովորել է խոհարարական ուսումնարանում` ստանալով խոհարարի մասնագիտություն: Արցախյան շարժման առաջին օրերից ակտիվ մասնակցություն է ունեցել, ձեռնամուխ եղել պաշտպանական ջոկատների ստեղծմանը: Բերդաձորի ջոկատում նշանակվել է նախ վաշտի, հետո գումարտակի հրամանատար: Մասնակցել է Շուշիի, Լաչինի, Քելբաջարի, Կուբաթլուի, Մարտակերտի ազատագրմանը: 1993 թ. օգոստոսի 31-ին Կուբաթլուի ազատագրման համար մղված մարտերում երկու անգամ վիրավորվել է: Ապաքինվելուց հետո վերադարձել է նույն գումարտակը և շարունակել մարտական ծառայությունը որպես հրամանատար:

Հրաչիկ Նասիբյանի հավաստմամբ` Արցախյան գոյապայքարն իր կենսագրության ամենակարևոր և նշանակալի մասն է, որով հպարտանալու առիթը գոյապայքարի շարունակական ընթացքի մեջ է: Շատ կարևոր է, նշում է նա, որ նոր սերունդը դաստիարակվի ու կոփվի Արցախյան գոյապայքարի անմոռաց դրվագներով` ձեռք բերելով մարտունակություն և դիմացկունություն:

ՙԱյդ տարիներին ես հպարտանալու շատ առիթներ եմ ունեցել,- ասում է Հրաչիկ Նասիբյանը,- սակայն մեծագույն հպարտությունը եղել և շարունակվում է մնալ Շուշիի ազատագրմանը մասնակցելը: Շուշին մեզ համար մեծ փորձություն էր, սեփական ուժերի հանդեպ ինքնավստահություն ձեռք բերելու փորձություն: Իսկ Շուշիում մեր տարած հաղթանակը հաղթանակների հաղթանակն էր: Հետագայում ևս  բերդաքաղաքը ներկա էր մեր բոլոր հաջողություններում` որպես հոգևոր ու մարմնավոր մեծ հաղթանակների գրավական և առհավատչյա: Շուշին մեզ գոտեպնդեց ու հավատ ներշնչեց, որ կարող ենք նաև անկարելին անել, եթե միասնական ենք՚:

1992 թ. ապրիլի 24-ին` Մեծ եղեռնի օրը, մի քանի հոգով հարձակվել են Նաբիլարին մերձակա ՙԿարմիր քար՚ կոչվող դիրքերի վրա` զգալի վնաս հասցնելով հակառակորդին: Սակայն գլխավոր մտահոգությունը մեկն էր` գերությունից ազատել հարազատ գյուղերը, վերստին սրբագործել հայոց դարավոր բնակավայրերը` դրա համար չխնայելով անգամ ամենաթանկը` կյանքը:

ՙՀրաչիկ Նասիբյանը,- մարտընկերոջ մասին ասում է ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանակիր Վլադիմիր Ավագյանը,- Արցախյան գոյապայքարի նվիրյալներից է: Նա իր անձնվիրությամբ ու մարտական ոգու դրսևորումներով թևավորել է մարտընկերներին, մղել նրանց նորանոր սխրանքների: Հաստատուն հավատն ու համառ կամքը նրա բնավորությունը դարձնում են ավելի համակրելի ու նպատակասլաց: Նա մարտական գործողությունների ժամանակ իրեն դրսևորել է որպես արի ու համարձակ հրամանատար, մարտընկերներին ոգևորել կատարած սխրագործություններով՚:

Հայրենիքի հանդեպ ունեցած անձնվեր ծառայությունների համար Հրաչիկ Նասիբյանը պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև ՙՇուշիի ազատագրման համար՚, ՙՀայրենյաց պաշտպան՚, ՙԱրիության համար՚, ՙԾովակալ Իսակով՚, ՙՄայրական երախտագիրություն Արցախի քաջորդիներին՚ մեդալներով: 

 Նրա չորս արու զավակները ծառայում են Պաշտպանության բանակում: ՙԵս ցանկանում եմ,- ասում է Հրաչիկ Նասիբյանը,- որ բոլոր հայ զավակները ծառայեն խաղաղության մեջ և իրենց ուժն ու եռանդը ներդնեն հայրենի երկրի շենացման ու բարգավաճման գործին, սակայն երբեք չմոռանան ոչ Շուշիի դասերի, և ոչ էլ հաղթանակների մասին՚: 

Հ. Նասիբյանը 2000 թվականից Արցախի ազատամարտիկների միության անդամ է: Նույն թվականին ընտրվել է ԱԱՄ Ստեփանակերտի տարածքային միավորման 5-րդ համայնքի նախագահ: Այսօր էլ շարունակում է պատասխանատվությամբ կատարել իրեն վստահված կարևորագույն գործը:  Սատարելով և աջակցելով մարտական ընկերներին` նա  միշտ պատրաստ է պաշտպանել նաև գոյապայքարի նվիրյալների իրավական շահերը:

Պատերազմական տարիների հիշողությունը Ոգու շնչառություն է, որ կենսունակ ու զգայուն է պահում կյանքի երակները: Հրաչիկ Նասիբյանի համար Արցախյան գոյապայքարին առնչվող ամեն մի դրվագ, պատմություն կամ մասունք սրբություն են և սերունդների համար ունեն դաստիարակչական նշանակություն: 17 տարի շարունակ Չլդրան գյուղի մոտակայքում ընկած է եղել մի ռազմատեխնիկա (ՀՄՄ-1), որով ազատամարտիկ Արամ Գրիգորյանը մասնակցել է Չլդրանի, Կոճողոտի, Դրմբոնի, Պողոսագոմերի ազատագրության համար մղված ռազմագործողություններին: Արցախի ազատամարտիկների միության Ստեփանակերտի թիվ 5 համայնքային խորհրդի նախագահ Հրաչիկ Նասիբյանի նախաձեռնությամբ և ՙԲեյզ-Մեթըլս՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Մկրտումյանի հովանավորությամբ ՀՄՄ-1¬ը վերանորոգվել է և որպես հուշարձան տեղադրվել Չլդրանի զոհված ազատամարտիկների հուշահամալիրի մոտ, գյուղի կենտրոնում: Պատերազմի կրակներով անցած ռազմատեխնիկան, պատմության մաս լինելով, այսօր սերունդների գիտակցության մեջ նոր իմաստ ու նշանակություն է ստացել: Այն խորհրդանշում է նաև Արցախյան գոյապայքարի պատմությունն ու մարտական ճանապարհի հաղթական ընթացքը:

Հրաչիկ Նասիբյանը Արցախյան գոյապայքարի այն նվիրյալներից է, ում կենսագրության ամենակարևոր և նշանակալից մասն անցած մարտական ճանապարհն է, հաղթական ընթացքը և գոյատևման խորհուրդը:

 

Ռոբերտ ԵՍԱՅԱՆ