[ARM]     [RUS]     [ENG]

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ ՆՇԵՑ ՏԱՐԵԿԱՆ ՏՈՆԸ

Արցախի հերոս, ՙՈսկե արծիվ՚ շքանշանի ասպետ գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական  վարժարանի տարեկան տոնին նվիրված միջոցառումները մեկնարկեցին լեգենդար  զորահրամանատարի հուշարձանին ծաղիկների խոնարհմամբ։ 

 Կազմակերպված  հանդիսավոր միջոցառման բացման խոսքում դասախոս Ալյոնա Գրիգորյանը նշեց, որ 16-ամյա վարժարանը հասել է լայն ճանաչման ու լուրջ ձեռքբերումների։ Այդ մասին են վկայում վարժարանն ավարտած և ՊԲ շարքերը համալրած վարժարանի սաների  հաջողությունները։

Ռազմամարզական հաստատության անցած ուղու մասին  հակիրճ զեկուցմամբ հանդես եկավ վարժարանի պետ փոխգնդապետ Վահրամ Հակոբյանը։ 

Ըստ զեկուցողի` վարժարանում ուսուցումն ու դաստիարակությունն իրականացվում են  հօգուտ անհատի  բազմակողմանի զարգացման, ի շահ հասարակության ու պետության ամրապնդման։ Իր գոյության ընթացքում վարժարանը տվել է ավելի քան 400 շրջանավարտ, որոնցից 75-ը ներկայումս  սպայական ուսադիրներով ծառայում են Պաշտպանության  բանակում, իսկ 74 հոգի ուսումը շարունակում է բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում։

Նշվեց նաև, որ հայրենիքի սահմանների  պաշտպանությունն իրականացնելիս վարժարանի շրջանավարտ, ժամկետային զինծառայող Բենիկ Օհանջանյանը ցուցաբերել է աննախադեպ քաջություն` ծնկի բերելով հատուկ պատրաստություն անցած  հակառակորդին։ 

Ցավոք, ունեցել են նաև անդառնալի  կորուստներ... Հրաձգային վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ Գարիկ Ավանեսյանը, հրաձգային  դասակի հրամանատարներ ավագ լեյտենանտ Յուրի Սարգսյանն ու տանկային դասակի հրամանատար լեյտենանտ Հայկ Գրիգորյանը ընկել են քաջի մահով։ Վարժարանի պետն անդրադարձավ այն բոլոր նշանակալից միջոցառումներին,  մրցույթներին ու օլիմպիադաներին, որոնց ակտիվ մասնակցությունից զատ,  սաներն արձանագրում են  բարձր ցուցանիշներ։ Հենց միայն ԱՊՀ երկրների ռազմաուսումնական դպրոցների, ուսումնարանների և վարժարանների միջև անցկացված ՙՀաղթանակի հետնորդներ՚ ուսումնամարզական խաղերի ընթացքում  վարժարանի սաների արդյունքներն աննախադեպ էին՝ 13 ոսկե, 13 արծաթե և 15 բրոնզե մեդալներ, բազում անհատական նվերներ ու պատվոգրեր։ Վարժարանի պետի հավաստմամբ` օրեցօր բարելավվում են  սաների կենցաղային պայմանները, փոխվում  և հարստանում է ուսումնանյութական բազան, բարեկարգվում են տարածքները։ Այդ ամենը միտված է կրթության ու դաստիարակության պատշաճ կազմակերպմանը։

Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանը՝ քաղաքապետարանի անունից  շնորհավորելով տոնը, խորհրդանշական նվեր ու շնորհակալագիր հանձնեց, միաժամանակ բարձր գնահատեց վարժարանի դերակատարությունը, կրթօջախ, որը կարճ ժամանակում  հյուսել է իր բովանդակալից կենսագրությունը՝ ունենալով բազում ձեռքբերումներ՝ կրթական, մշակութային, սպորտային։ Կ. Մարգարյանը  համոզված է, որ դեռ շատ սերունդներ են կրթվելու այդ օջախում և իրենց առաքելությունը  կատարելու  են գերազանց։

Վարժարանի սան Սևակ Ղահրամանյանի մայրը՝ տիկին Լիանա Մելքումյանը, տոնական օրվա շնորհավորանքներին հանգույն,  նաև նշեց, որ  արդեն 16 տարի է վարժարանը կոփում ու կրթում է հայրենիքին արժանի զինվորներ։ Դիմելով սաներին` տիկին Մելքումյանն ասաց. ՙՁերն է վաղվա օրը, ձեզ վրա է դրվում հայրենիքի պաշտպանության ծանրակշիռ գործը։ Սովորեք այն ամենը, ինչ որպես ավանդ թողել են մեր նախնիները, ինչ սովորեցնում են ձեր սպաներն ու դասախոսները։ Ռուս մեծ զորավար Սուվորովն ասել է. ՙՎատն է այն զինվորը, ով չի երազում գեներալ դառնալ՚։ Հիշե՜ք ու յուրացրեք գիտելիքներ, հմտացեք ռազմական գործի մեջ։ Հիշե՜ք Իվանյանի դասերն  ու նրա խոսքերը. ՙԵս զինվոր եմ՝ թեկուզ գեներալի կոչումով՚, եղեք քաջ զորավարի արժանի հետևորդները՚։

Միջոցառման ընթացքում հրապարակվեց  վարժարանի պետի  հրամանը  խրախուսման մասին, համաձայն որի՝ մի խումբ աշխատողներ, սպաներ ու կուրսանտներ պարգևատրվեցին արժեքավոր նվերներով, պատվոգրերով։ 

Վարժարանի սաները հանդես եկան ռազմահայրենասիրական երգերի ու պարերի կատարմամբ, շարային դեֆիլեով` 2-րդ ուսումնական վաշտի սաները։ Վարժարանի սաների քայլերգը (որի հեղինակն,  ի դեպ, վարժարանի պետն է) հնչեց երգչախմբի խրոխտ մատուցմամբ։  Հրապարակվեցին նաև մի շարք շնորհավորանքներ, որոնք  օրվա առթիվ ստացել էին ՀՀ-ից և ԱՀ մի շարք կազմակերպություններից։

Միջոցառումն ավարտվեց հանդիսավոր շարանցումով։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ