[ARM]     [RUS]     [ENG]

ԱԶԳԱՆՊԱՍՏ, ՀԱՅԱՊԱՀՊԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

 

 

ՀՕՄ-ի Արցախի միավորի 25-ամյակին ընդառաջ

 

Օրերս կայացավ ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի ընդհանուր անդամակցական ժողովը, որի ժամանակ ընտրվեցին վարչության նոր կազմ, նոր ատենապետուհի Ռուզաննա Աբրահամյանը: Հաշվետվությամբ հանդես եկավ նախկին ատենապետուհի Կարինե Դադայանը, քննարկվեցին մշտական անցկացվող ծրագրերից զատ այս տարի նախատեսված միջոցառումների կազմակերպական հարցեր:

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել Հայ օգնության միության անցած հայապահպան ճանապարհը: ՀՕՄ-ը  հիմնադրվել է 1909 թվականին, ԱՄՆ-ում՝ Ադանայի կոտորածից հետո՝ նպատակ ունենալով նպաստել հայ ժողովրդի նյութական, սոցիալական ու մշակութային խնդիրների լուծմանը: Կանանց բարեգործական ու անկախ այդ կազմակերպությունը տարիների ընթացքում վեր է ածվել քաղաքական ուժի՝ միջազգային զարգացումներում` ի շահ հայ ժողովրդի, ունենալով իր առանձնահատուկ մասնակցությունը: Այն  ՄԱԿ-ի ոչ կառավարական կազմակերպությունների հասարակական լրատվության դեպարտամենտի անդամ է: Կառույցի միջոցներով ստեղծվել են հայկական դպրոցներ, հոգևոր ճեմարաններ, առողջապահական կենտրոններ, մշակութային օջախներ: 17 երկրներում ունի մասնաճյուղեր՝ ավելի քան 16 հազար անդամով: 1988թ. դեկտեմբերից ՀՕՄ-ը օգնություն է ցուցաբերում երկրաշարժից տուժած Հայաստանին: 1990թ. բացել է մասնաճյուղեր նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, աշխատանք ծավալել Արցախի համար մարտնչող ազատամարտիկների բուժման, օգնության ուղղությամբ, 1992 թվականին էլ մասնաճյուղ բացել Արցախում:

Տեղեկացնենք, որ ՀՕՄ-ի Արցախի միավորն ունի 156 անդամ, գործում են մասնաճյուղային խմբեր հանրապետության շրջաններում:

ՀՕՄ-ուհիները բավականին արագ արձագանքեցին ապրիլյան իրադարձություններին, ձգտեցին իրենց նպաստը բերել ողբերգական հետևանքների վերացմանը: 

Պետք է նշել, որ ապրիլյան պատերազմի հետևանքով երևան եկած առաջնահերթ միջոցառումները հետ չեն մղել մշտական անցկացվող ծրագրերը: ՙՀՕՄ-ի կրթաթոշակ՚ ծրագրի շրջանակներում, 2016-2017 ուսումնական տարեշրջանի համար, միավորի վարչության երաշխիքով կառույցի կենտրոնական վարչության ՙՀՕՄ-ի կրթաթոշակի՚ հանձնախմբի որոշմամբ Մարտակերտ քաղաքից երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ, անապահով ընտանիքի` Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողուհի Լիլիթ Գալստյանին հատկացվել է 1000 ԱՄՆ դոլար: ՙԼավագույն ուսանող՚ ծրագրի շրջանակներում այս ուսումնական տարեշրջանի համար խրախուսվեցին հինգ անապահով ընտանիքների ուսանողներ:

Ապրիլյան պատերազմից հետո Կենտրոնական վարչության որոշմամբ Արցախում և Հայաստանում նոր թափ ստացան խնամատարական ծրագրերը: Զոհված զինծառայողների ընտանիքների անչափահաս երեխաների մասին տվյալների, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման նպատակով Արցախի միավորը, համագործակցելով ԼՂՀ ՊՆ-ի հետ, ՙԽնամակալություն՚ ծրագրում ընդգրկեց  246 երեխայի, որի մեջ են նաև ապրիլյան պատերազմի հետևանքով այդ շարքին դասվածները: Նրանց համար Կենտրոնական վարչությունը հատկացրել է 41.820 ԱՄՆ դոլար:

Իրագործվել են նաև ՙԱջակցություն սահմանամերձ գյուղերին՚, ՙԱպահով մանկություն սահմանամերձ գյուղերում՚, ՙԱջակցություն բազմազավակ մայրիկին՚ ծրագրերը, որոնք նույնպես լուսաբանվել են ԶԼՄ-ների կողմից:

Կարևոր, առանձնակի և հաջողված ծրագրերից է ՙՍոսե՚ մանկապարտեզների գործունեությունը: Այսօր Արցախում գործում են 8 ՙՍոսե՚ մանկապարտեզներ Ստեփանակերտում (1998թ.), Շուշիում (2004թ.), Մեծ Թաղերում (2000թ.), Տողում (2002թ.), Ակնաբերդում (2004թ), Աշանում (2004թ.), Խնձրիստանում (2007թ.), Քարեգահում (2006թ.): Այս ծրագրի շնորհիվ հարյուրավոր երեխաներ նախադպրոցական կրթություն են ստանում, մոտ 80 մարդ էլ ապահովվել է աշխատանքով: 2008 թվականից այդ մանկապարտեզները, ըստ պայմանավորվածության, պետբյուջեից ստանում են ֆինանսական աջակցություն: Այդ առումով ՀՕՄ-ի կենտրոնական վարչությունը Համահայկական պատգամավորական ժողովին շատ կարևորել է Արցախի իշխանությունների նման մոտեցումը:

Հաշվետու ժամանակաշրջանում որոշ մանկապարտեզներում հովանավորների շնորհիվ կատարվել են վերանորոգման և կահավորման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ՝ մանկապարտեզների շենքային պայմանները (բացի Ակնաբերդի մանկապարտեզից) բարվոք են: 

Ինչպես գիտենք, լավագույնս իր լուծումն է գտել Ստեփանակերտի ՙՍոսե՚ մանկապարտեզի խնդիրը: 2015թ. ՀՕՄ-ի կենտրոնական վարչության, Արցախի միավորի և միության աշխարհասփյուռ կառույցի կողմից կյանքի է կոչվել մանկապարտեզի նոր շենքի կառուցման ծրագիրը, որին աջակցում են Արցախի իշխանությունները: Մանկապարտեզի շինարարության համար ստեղծված է Շինարարության դրամահավաքի հանձնախումբ, որը ՀՕՄ-ի աշխարհասփյուռ տարբեր կառույցների օգնությամբ պարբերաբար կազմակերպում է դրամահավաք:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2017թ. սեպտեմբերի 6-ին կկայանա մանկապարտեզի շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը, որին ներկա կլինեն մինչև 300 ՀՕՄ-ուհիներ գործող բոլոր միավորներից: Այս տարի հոբելյանական է ՀՕՄ-ի Արցախի միավորի համար՝ այն կնշի իր 25-ամյա գործունեությունը: Ամենայն հավանականությամբ՝ հոբելյանը կնշվի նոր մանկապարտեզի բացման օրերին:

Նորընտիր ատենապետուհի Ռուզաննա Աբրահամյանի տեղեկատվությամբ՝ մայիսյան Եռատոնը և ՀՕՄ-ի 25-ամյակը հավուր պատշաճի նշելու նպատակով Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի՝ ՀՕՄ-ի Արցախի միավորին կտրամադրվի մի տարածք, որտեղ համաքաղաքային շաբաթօրյակին ծառատունկ կկազմակերպվի, տնկիներն էլ մշտապես կխնամվեն ՀՕՄ-ուհիների կողմից: 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ