[ARM]     [RUS]     [ENG]

Եթե հիմա այդ ընտրությունները չկարողանանք անել, եկեղեցին կքայքայվի․ Սահակ Մաշալյանը՝ Պոլսո պատրիարքի ընտրությունների մասին

Դեռևս համայնքի ջանքերը մեկտեղելու, հաշտության ուղղությամբ շարժվել ենք ջանում․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով Պոլսո պատրիարքարանի ընտրությունները կազմակերպելու գործընթացի մասին՝ ասաց Պոլսո հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

«Հիմա պատրիարքն ապրում է, հետևաբար պետք է, որ նրա հանգստյան կոչված լինելու մասին դատարանի որոշումները և նաև այն փաստաթղթերը, ըստ որոնց, նա եկեղեցում չի ծառայել, բոլոր բժշկական փաստաթղթերը  ներկայացվեն պետությանը և պետք է ցույց տանք, որ մենք հանգստյան ենք կոչել Մեսրոպ Մութաֆյանին, աթոռը թափուր է»,- ասաց նա:
Նշեց, որ դեռ այդ փաստաթղթերը պետությանը չեն ներկայացվել, իր կռիվն էլ ժամանակին դրա համար էր: «Հոկտեմբերի 26-ին արդեն որոշված էր այդ օրը: Մեկ-երկու շաբաթվա մեջ պետք է լուծվեր դա, սակայն Արամ Աթեշյանը չցանկացավ դա անել: Դրա համար մենք որոշեցինք տեղապահ ընտրել»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ քանի որ հիմա ընտրությունների հետ կապված ոչ մի գործընթաց սկսված չէ պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանն է, ինքն էլ խոչընդոտում է ընտրությունների անցկացմանը:
Հարցին՝ արդյո՞ք ընտրված տեղապահ Գարեգին Բեքչյանը ոչինչ չի կարող անել, նա պատասխանեց․ «Ներկայումս` ոչ: Հիմա Արամ սրբազանը տեղի չի տալիս:  Հակառակ նրան, որ վեհափառը Գարեգին Բեքչյանին ճանաչեց որպես ընտրված տեղապահ, Արամ Աթեշյանը նրան չի ճանաչում»:
Դիտարկմանը, թե տեղապահի ընտրություններն էլ իրենց արդյունքը չտվեցին, Սահակ սրբազանը պատասխանեց․ «Այդ ընտրությունները մեզ համար նշանակություն ունեն, բայց Արամ սրբազանի համար դրանք նշանակություն չունեն, հետևաբար պետության համար էլ դրանք նշանակություն չունեն: Պետք է մենք դիմենք պետությանը պատշաճ ձևով և թե’ եկեղեցական իրավունքները, թե’ պետական պահանջները հարմարացնող ճանապարհ որոնենք»:
Սահակ եպիսկոպոս Մաշալյանի խոսքով՝ մեկ-երկու շաբաթվա մեջ նրանք պետք է որ կարողանան համապատասխան ատյաններ դիմել: «Այս գործընթացներն անխուսափելի են: Եթե հիմա այդ ընտրությունները չկարողանանք անել, եկեղեցին կքայքայվի, ներքին պառակտում կլինի»,- ասաց նա:
Սրբազանի խոսքով Արամ Աթեշյանի` պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալու ձգտումները կապված են աթոռը շատ սիրելու հետ։ «Ցանկանում է երկարացնել գործընթացը, որովհետև պատրիարք ընտրվելու հույս չունի»,- ասաց նա:
Հիմա Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանը Ստամբուլում է, հանդիպումներ է ունենում: Այսօր էլ, Սահակ Մաշալյանի խոսքով, հանդիպել է համայնքի առաջնորդների հետ, փորձել է պարզել, թե ինչ դիրքորոշումներ կան:
Անդրադառնալով համայնքում դերակատարում ունեցող անձանց կեցվածքի մասին հարցին՝ Սահակ Մաշալյանը նշեց․ «Իրենք առավել շատ պետության կողմից են, և վախենում են այս իրավիճակից, շփոթված են: Քիչ ժամանակ հետո արդեն ամեն ինչ կհստակեցվի: Պետության կեցվածքն էլ կթուլանա, որովհետև հանրաքվեի արդյունքները դրական եղավ և դժվար թե խնդիր հարուցեն պատրիարքարանի ընտրությունների հետ կապված»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ հանրաքվեի ժամանակ հայ համայնքի մեծամասնությունը «ոչ» է քվեարկել, հնարավո՞ր է դա լարի թուրքական իշխանություններին հայերի դեմ, նա պատասխանեց․ «Իսկ ո՞վ է ասում, որ «ոչ» ենք քվեարկել: «Ոչ» չենք քվեարկել: Ո՞վ դա գիտի, գաղտնի քվեարկություն է եղել, այնպես որ հայերի մեջ և՛ «այո», և՛ «ոչ» քվեարկողներ եղել են: Դա ազդեցություն չի ունենա պատրիարքարանի ընտրությունների վրա․մեր քվեները հիսուն միլիոն քվեների մեջ 25000-ից 30 000 են»:
Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ է տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, անակնկալ կերպով միջամտել է Ստամբուլի նահանգապետարանը: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը ուղարկել էր գրություն, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Նշենք նաև, որ տեղապահի ընտրությունները նախատեսվում էին կազմակերպել Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո:

Tert.am